ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է

Օրը նշանավորող միջոցառումների շարքը բացեց Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպված «Արցախյան գորգի առեղծվածը» խորագրով գորգերի ցուցահանդեսը։ Ներկայացված էին թանգարանի կողմից վերջին տարիների ընթացքում հավաքագրված արցախյան գորգեր, ձեռագործություններ։ Հյուրերին դիմավորեց ու օրվա առթիվ շնորհավորեց Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը: Նաև ներկայացրեց ցուցադրված հավաքածուն.

«Գորգագործությունը ժամանակին շատ տարածված ու զարգացած էր Արցախում։ Այդ մասին են վկայում հենց Արցախում հայտնաբերված գորգագործական գործիքները, որոնք վերաբերում են մ. թ. ա․ 2-1-ին հազարամյակներին։ Աշխարհում հայտնի հայերեն արձանագրություն ունեցող ամենահին գորգը ևս վերաբերում է Արցախին։ Այն հյուսվել է 1202 թվականին, Արցախի Բանանց գյուղում և կոչվում է եռախորան գորգ։ Ներկայումս այն պահվում է Վիեննայում:»

Նախարար Նորայր Մկրտչյանը կարևորեց թանգարանների դերը մեր կյանքում. «Այս օրը պատեհ առիթ է արժևորելու մեր ազգային կենսագրության գանձարանները և մեր հոգու երախտիքը հայտնելու նրանց առաքյալներին։ Բոլորիս սրբազան պարտականությունն է ամեն բան անել ոչ միայն մեր թանգարանային արժեքները պահպանելու , այլև նրանց միջոցով մեր սերունդներին կրթելու , ազգային պատմությունն ու մշակույթը իրենց անվիճելի սկզբնաղբյուրներով, յուրօրինակ ավանդույթներով համաշխարհային քաղաքակրթությանը ներկայացնելու համար։ Ուրեմն, միասին աշխատենք՝ ըստ արժանվույն պահելու ու պահպանելու մեր ազգային հարստությունը։» Նորայր Մկրտչյանը նախարարության կողմից թանգարանին նվիրեց արժեքավոր գորգ և գիրք՝ հույս հայտնելով , որ հաջորդ տարի Թանգարանների օրը կնշեն ավելի բարվոք պայմաններում:

Նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը խոստովանեց՝ թանգարանն իր համար ուրիշ աշխարհ է. « Իմ աշխատանքային կենսագրության լավագույն շրջանը ես այստեղ եմ անցկացրել, այս հիանալի կոլեկտիվի հետ։ Այս տարիների ընթացքում մենք բոլորս պայքարել ենք , որ թանգարանն ունենա արժանապատիվ պայմաններ: Արժևորելով այս շենքի պատմությունը՝ մենք յուրաքանչյուրս արժևորում ենք մեր կենսագրությունը։ Այս թանգարանն Արցախում դարերով ապրած ժողովրդի կենսագրությունն է պատմում աշխարհին»,- իր խոսքում նշեց Մելանյա Բալայանը։

ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանն էլ ընդգծեց մշակույթը քաղաքական օրակարգի մաս դարձնելու անհրաժեշտությունը․ «Աշխարհը մտել է գաղափարական պատերազմի փուլ, և հաղթելու են այն երկրները, որոնք կարողանալու են պահել իրենց տեսակը գաղափարական ճակատում։ Թանգարանը գաղափարական պատերազմ վարելու հրաշալի միջավայր է։»Թանգարանների միջազգային օրն Արցախում նշանավորվել է միջոցառումների շարքով, որոնց նպատակն էր բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ- մշակութային կյանքում։