ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երկարօրյա դպրոց» կրթական ծրագիրը և բլոկադան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երկարօրյա դպրոց» կրթական ծրագիրը և բլոկադան

ԱՀ Կառավարության N 1093-Ա որոշման համաձայն 2021 թ. -ից Արցախի մի շարք ուսումնական հաստատություններ անցան երկարօրյա աշխատակարգի:Այս պահին ծրագրին հասցրել են միանալ 16 ուսումնական հաստատություններ` Եղցահող, Աստղաշեն, Խրամորթ, Պատարա, Առաջաձոր, Հաթերք, Մաղավուզ, Վաղուհաս, Վանք, Չափար, Աշան, Բերդաշեն, Թաղավարդ, Կարմիր Շուկա, Սոս, Քերթ, իսկ Խնապատի, Կիչանի, Սպիտակաշենի դպրոցներն ու Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրը ծրագրին պետք է միանային 2023 թվականի ընթացքում:

Սպիտակաշենի երկարօրյա դպրոցի շինաշխատանքներն ու գույքի ձեռքբերումը նախաձեռնվել են ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի և ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ջանքերով, սակայն այս պահին ֆինանսավորման խնդրի պատճառով աշխատանքներն կասեցվել են: Գործընկերներն ու փորձագետները իրականացնում են առցանց վերապատրաստումներ երկարօրյա դպրոցների անձնակազմների համար։Շարունակվող բլոկադայի, ինչպես նաև Արցախում ստեղծված տնտեսաքաղաքական բարդ խնդիրների հետևանքով երեխաները կորցրել են ծրագրից առավելագույն արդյունքներ քաղելու հնարավորությունը, նվազել է դպրոցների միջև փորձի փոխանակումն ինչպես աշակերտական, այնպես էլ ուսուցչական և համակարգող օղակների միջև:

Կասեցվել են առաջիկայում ծրագրին միանալու ակնկալիք ունեցող ուսումնական հաստատությունների շինարարական աշխատանքները, ՀՀ-ում կամ Արցախի տարբեր ընկերությունների պահեստներում են գտնվում Խնապատի և Կիչանի դպրոցների համար պատվիրված գույքը, որը հասկանալի պատճառներով անհնար է հասցնել վերոնշյալ դպրոցներ:Ծրագրի կատարելագործման նպատակով պլանավորված մի շարք դասընթացներ և փորձի փոխանակման հանդիպումներ մնացել են անկատար և հետաձգվել անժամկետ: Այս խնդիրը դժվարություններ է ստեղծում ինչպես գործող, այնպես էլ ծրագրին ապագայում միացող դպրոցների անձնակազմների հմտությունների զարգացման համար:Քանի որ ծրագիրը ազգային է և միտված է դպրոցներում կրթամակարդակի, ուսումնական, մշակութային և արտադպրոցական այլ միջոցառումների ակտիվության բարձրացմանը, համայնքների զարգացմանն ու աշակերտների դերի արժևորմանը հասարակության մեջ, ուստի պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները ծրագրի վերսկսման համար: