ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դպրոցականների համար կազմակերպվել է Արցախի պատմությունից օլիմպիադա – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դպրոցականների համար կազմակերպվել է Արցախի պատմությունից օլիմպիադա

Այսօր՝ մայիսի 6-ին,  «Զորաց ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում անց է կացվել Արցախի պատմությունից  օլիմպիադա՝ նվիրված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 31-ամյակին:

Օլիմպիադան անց է կացվել պատմաբան Վահրամ Բալայանի «Ազատագրության և պետականության համար պայքարի պատմական ու գաղափարական դրսևորումներն Արցախում» գրքի հիման վրա կազմված թեստերի միջոցով:

Կազմակերպիչների խոսքով՝ օլիմպիադան հնարավորություն է դպրոցականների համար խորապես ծանոթանալ Արցախի պատմության մոռացված էջերին ու  հերոսական դրվագներին:

Օլիմպիադային հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների 50 աշակերտ է մասնակցել:

 Դպրոցականները մասնակցել են նաև  օդամղիչ հրացանից հրաձգության մրցույթի, որի արդյունքները գումարվել են օլիմպիադայից գրանցած միավորներին:

Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները  «Զորաց ակումբ» ՀԿ-ի կողմից արժանացել են դրամական պարգևների, իսկ առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած աշակերտները նաև ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել են թանկարժեք նվերներով:

Հրաձգության մրցույթում առաջին 3 տեղերը զբաղեցրած աշակերտները խրախուսվել են ԱՀ պաշտպանության նախարարի կողմից արժեքավոր, իսկ բոլոր մասնակիցները՝ խորհրդանշական նվերներով: