ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քննարկում՝ նվիրված Մարաղայի հայ բնակչության ջարդերի 31-րդ տարելիցին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քննարկում՝ նվիրված Մարաղայի հայ բնակչության ջարդերի 31-րդ տարելիցին

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի
նախաձեռնությամբ ապրիլի 11-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի
դահլիճում տեղի ունեցավ «Մարաղա 31. Չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով
հանդիպում-քննարկում՝ նվիրված Մարաղայի հայ բնակչության ջարդերի 31-րդ տարելիցին և թուրք-
ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությանը:

Կազմակերպիչների խոսքով՝ Մարաղայի ցեղասպանությունը մնացել է ստվերի տակ: Դա ռազմական
հանցագործության օրինակ էր խաղաղ բնակչության նկատմամբ: Այս հանդիպումը խթան կհանդիսանա՝
ուսումնասիրելու և առերեսվելու այն ցեղասպան քաղաքականությանը, որն Ադրբեջանը ժառանգել է
Օսմանյան Թուրքիայից և շարունակում է առայսօր:

Հանդիպման ընթացքում ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն-Մարաղա, 10 ապրիլի 1992թ.»
ֆիլմը: Քննարկման բանախոս, պատմաբան Մհեր Հարությունյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից
տարվող ցեղասպան քաղաքականությանը, մեր անելիքներին:

«Մեր թշնամիների հիմնական նպատակը հայությանը ոչնչացնելն է, որպեսզի անարգել տեր դառնան մեր
պատմական հողերին: Իսկ ինչ հետևություններ ենք անում մենք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած
դեպքերից: Եթե մենք չենք վերաիմաստավորելու մեր անելիքները, չենք սովորելու մեր իսկ սխալներից,
ուրեմն նման դեպքերը դատապարտված են կրկնվելու»,- նշեց Մհեր Հարությունյանը:
Հանդիպում-քննարկումը նպատակ ունի երիտասարդության շրջանում բարձրացնել իրազեկվածության
մակարդակը Մարաղայում տեղի ունեցած դեպքերի, իրավական գնահատականների, նոր
ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ: