ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջոցառումներ՝ նվիրված Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջոցառումներ՝ նվիրված Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին

Այսօր՝ մարտի 22-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառումների շարք՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական, հասարակական, ռազմական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին։ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպված  «Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը» խորագրով ցուցահանդեսին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, պետական այրեր, գերատեսչության անդամներ։

 «Արամ Մանուկյանը մեզ և գալիք սերունդներին ավետել է մի մեծագույն ազգային կենսաբարոյական նշանակության պատգամ, այն է` ապավինել մեր սեփական ուժերին, երբեք չվհատվել, շարունակել պայքարը հանուն ազատության և անկախության` մինչև հաղթական ավարտ։ Ասել է թե, եթե ուզում ես քո նվիրական հայրենիքում ապրել խաղաղ ու երջանիկ, եթե ուզում ես տեր լինել քո նախնիներից ժառանգած սրբություններին ու սրբավայրերին, հանուն այդ արժեքների պատրատ եղիր կատաղի և անզիջում պայքարի։ Այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ վերաիմաստավորելու մեր ազգի անցած ճանապարհը՝ Արամ Մանուկյանի ժամանակներից մինչև մեր օրերը»,- ելույթի իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։

«Արամը պայքարում էր բոլոր տեսակ խորթ երևույթների դեմ, և ամենամեծ պայքարն ուղղված էր հայ ժողովրդի հատվածականության դեմ։ Հատկանշական է թշնամու հետ բանակցություններ վարելու նրա հմտությունը. թեպետ դիվանագետ չէր, բայց հաջողում էր բանակցությունները»,-ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն ամբողջացրեց Արամ Մանուկյանի կերպարը։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը համեմատություներ անցկացրեց Արամ Մանուկյանի ժամանակների և մեր օրերի միջև՝ ընդգծելով. «Արամ Մանուկյանը մեր վերջին 100-ամյա պատմության մեջ պետական մտածելակերպ ունեցող գործչի լավագույն օրինակն է։ Լիահույս եմ, որ ուսումնասիրելով Արամ Մանուկյանի կերպարը՝ ամեն ոք կփորձի իր մեջ գտնել Արամ Մանուկյանին։ Նրա պատգամն իրագործված կլինի, եթե յուրաքանչյուրս ապրենք այդ ոգով, այդ ոճով և գործելակերպով»։

Այս դժվար ու խառը օրերին Արամ Մանուկյանի ազդեցիկ ու բացառիկ կերպարի մասին խոսելու, նրա կենսագործունեության հետ հերթական անգամ առնչվելու հնարավորությունը կարող է հույս ու հավատ ներշնչել, որ ամենաօրհասական ու անելանելի թվացող պահերին էլ ազգի փրկությունն ու պետականության վերականգնումը հնարավոր է, եթե, իհարկե, կա նվիրյալ առաջնորդ, ում համար ազգային ու պետական շահը ամեն ինչից վեր է։

«Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը» խորագրով ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի երկու շաբաթ։ Օրվա երկրորդ կեսին Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում անցկացվեց «Արամ Մանուկյան պետական գործչի ավանդը հայկական պետականության հիմնադրման և կայացման գործում» խորագրով դասախոսություն-քննարկում:

Բանախոսները՝ ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն ու ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, ներկայացրին պետական գործչի կյանքը, գործունեությունը, դերը հայկական պետականության կայացման գործում: Հանդիպումը բանախոսների համար առիթ էր՝ ևս մեկ անգամ խոսելու Արամ Մանուկյանի մեծության մասին, համեմատություններ անցկացնելու մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ, իսկ քննարկմանը մասնակցող երիտասարդների համար հնարավորություն՝ բացահայտելու Արամ Մանուկյանի բազմաշերտ կերպարը, հարուստ կենսագործունեությունը:

Քննարկման առանցքում հայրենիքի ու պետականության գաղափարն էր, մեր օրերում Ա.Մանուկյանի պես բացառիկ հատկանիշներով օժտված առաջնորդ ունենալու, գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը: