ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպվել է «Հետադարձ հայացք. իրականություն և հեռանկարներ» խորագրով կլոր սեղան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպվել է «Հետադարձ հայացք. իրականություն և հեռանկարներ» խորագրով կլոր սեղան

ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Արցախյան շարժման 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր՝ փետրվարի 21-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է կլոր սեղան՝ «Հետադարձ հայացք. իրականություն և հեռանկարներ» խորագրով:

 Արցախյան շարժման 35-ամյակը նշանավորելուց զատ, հանդիպումը ազգային արժեհամակարգի պահպանման, պայքարի ոգու, ապագայի հանդեպ հավատի քարոզչության նպատակ ուներ:

 Արցախյան շարժման առաջամարտիկների մեկնաբանությունները, 1988-ի փետրվարին ծավալվող վճռորոշ իրադարձությունների մասին նրանց հուշերը լսելու էին եկել Արցախի տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դավիթ Իշխանյանն ու Եղիշե Առուշանյանը 1987 թվականի աշնանը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ստեղծված « Արցախական միություն» կազմակերպության ուսանողական միության անդամներ էին: Լավ են հիշում ուսանողների, երիտասարադների խանդավառությունն ու ըմբոստությունը այդ օրերին:

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ այդ օրերին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը դարձել էր Շարժման հիմնական օջախներից մեկը: «Ղարաբաղյան շարժումն առանձին չպետք է դիտարկել: Այն ազգային ազատագրական պայքար է, 1920-ական թվականներին ընդհատված պայքարն է, որ չի ավարտվել և չի ավարտվելու: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է այն համոզմունքն ունենա, որ մեր ապագայի հետ կապված բոլոր հարցերի բանալին այստեղ է՝ մեր մեջ, Արցախում: Պետք է փնտրել ու գտնել»,- նշեց բանախոսը:

«Երբ  «Գորբաչովյան ձնհալը» սկսվեց, Խորհրդային Միության տարածքում  հիմնադրվեցին ոչ պետական երիտասարդական տարբեր կառույցներ: Այս ամենի ֆոնին Արցախի երիտասարդները ևս, մտածելով Արցախի ապագայի մասին, սկսեցին հիմնել ընդհատակյա խմբեր: Գոյություն ունեցող պետական գաղափարախոսության կողքին առաջ եկավ ազգայինը, առաջ եկավ գաղափարակիրների միություն ստեղծելու անհրաժեշտությունը: Ստեղծվեցին ուսանողական, երիտասարդական միություններ, ապա նաև՝ մարտական ջոկատներ: Իսկ երբ սկսվեց պատերազմը, նույն կազմակերպությունների անդամների մեծ մասը դարձան ջոկատների հրամանատարներ»,- պատմում է Եղիշե Առուշանյանը:

Անցած 35 տարիների ընթացքում թույլ տված սխալների ու ձեռքբերումների, ներկա իրավիճակի ու այդ իրավիճակից ելքեր գտնելու մասին էին երիտասարդների հարցերն ու մտահոգությունները:  Արցախը որևէ պարագայում չլքելու, նախորդ սերունդների  պայքարը ամեն գնով  շարունակելու համոզմունքը եղավ կլոր  սեղանի շուրջ հավաքված  սերունդների համերաշխության բանաձևը ու միասնական գործելու շարժիչ ուժը: Մասնակիցների կողմից առաջարկ եղավ նման ձևաչափով ու բովանդակությամբ քննարկումները շարունակական բնույթ կրեն: