ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են «Հայկական գորգարվեստ» հանրապետական հինգերորդ մրցույթի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են «Հայկական գորգարվեստ» հանրապետական հինգերորդ մրցույթի արդյունքները

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում ցուցադրվեց «Հայկական գորգարվեստ»  հանրապետական հինգերորդ մրցույթին ներկայացված   թվով 36 ձեռագործ  աշխատանք:

Մրցույթի մասին  հայտարարվել էր դեռևս օգոստոսին: Աշխատանքները պետք է ներկայացվեին մինչև սեպտեմբերի 15-ը:  Ամենամյա դարձած մրցույթի նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է,  ինչպես նաև արցախյան գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնումը, հանրայնացումը, ժամանակակից գեղարվեստական ճաշակին ու պատկերացումներին բնորոշ տարրերով լրացումը:

Մրցույթն անց է կացվել երկու տարիքային խմբում՝ 10-17 տարեկանների և 17-ից բարձր: Հանձնախումբը տեղում ծանոթացել է ներկայացված աշխատանքներին և քննարկումից հետո հայտարարել մրցույթի արդյունքները:

10-17 տարեկանների տարիքային խմբում « Ասեղնագործություն » անվանակարգում լավագույնն են ճանաչվել՝

I  տեղ  – Անգինե Պողոսյան,

I I  տեղ  – Մարգարիտա Դադայան,

I I I  տեղ  – Մարիա Հարությունյան:

Մեծերի տարիքային խմբում հանձնախմբի հավանությանն են արժանացել հետևյալ մասնակիցների աշխատանքները.

«Գորգ» անվանակարգում՝

I  տեղ  – Իրինա Ղահրամանյան,

I I  տեղ  – Նազիկ Աբաղյան :

«Կարպետ» անվանակարգում՝

I  տեղ  – Իրենա Թևանյան,

I I  տեղ  – Գայանե Բեգլարյան,

I I I  տեղ  – Ռեգինա Չիթչյան: 

«Ասեղնագործություն»  անվանակարգում՝

I  տեղ  – Նադեժդա Սարգսյան,

I I  տեղ  – Լիլիթ Մկրտչյան,

I I I  տեղ  – Նազիկ Հայրիյան:

   Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը մասնակիցներին  ներկայացրեց հանձնախմբի դիտողությունները՝ մասնավորապես նշելով. «Արցախը միշտ եղել է գորգագործական արվեստի կենտրոն: Շատ կարևոր է պահպանել գորգագործական արվեստի ավանդույթները, քանզի  դրանք հանդիսանում են մեր ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորագույն  բաղադրիչներից: Գրեթե  բոլոր մասնակիցների մոտ նկատելի էր նույն թերությունը՝ գույների ոչ ճիշտ համադրություն,  իսկ գորգերի պարագայում  նաև ոչ բնական գույների  ու թելերի օգտագործում: Մենք մտադիր ենք հաջորդ տարի մրցույթի կանոնակարգում փոփոխություն մտցնել և բնական գույների օգտագործումը պարտադիր դարձնել, մասնավորապես՝ «Գորգ» անվանակարգի համար: Հաջորդ անգամների համար նաև պետք է ուշադրություն դարձնել ներկայացվող աշխատանքի վաղեմությանը: Այն պարտադիր պետք է արված լինի վերջին մեկ տարում: Հակառակ դեպքում հանձնախումբը չի գնահատի այդ գործը»:

Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, հանձնախմբի նախագահ Աշխունջ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և մաղթեց. «Շարունակեք պահպանել մեր գորգարվեսի գեղեցիկ անվանդույթները և հարստացրեք դրանք ձեր նոր մտահղացումներով, պատկերացումներով: Հատկապես ուշադրություն դարձրեք  գույների ընտրությանը և դրանց ներդաշնակ ներկայացմանը»:

Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և պատվոգրեր: «Հայկական գորգարվեստ»  հանրապետական մրցույթի լավագույն աշխատանքները կպահվեն ԿԳՄՍ նախարարության ֆոնդում: