ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում անց են կացվել ռազմականացված հնգամարտի հանրապետական մրցումներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում անց են կացվել ռազմականացված հնգամարտի հանրապետական մրցումներ

Հոկտեմբերի 12-ից 13-ը Արցախի ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում անց է կացվել Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների նախազորակոչային տարիքի պատանիների միջև ռազմականացված հնգամարտի հանրապետական մրցումները:

Առաջնությունը դպրոցականների մեջ դաստիարակում է հայրենասիրություն և ապագա զինվորին անհրաժեշտ՝ վազքի, նռնակի նետման, նշանակետի խոցման, անհատական պաշտպանության միջոցների ճիշտ օգտագործման ունակություններ,  նպաստում է հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմակիրառական մարզաձևերի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը:

Առաջնությանը մասնակցել  են Արցախի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումանական հաստատությունների 7-9–րդ դասարանների նախազորակոչային տարիքի պատանիներից կազմված հավաքական  թիմերը:

Առաջնության անցկացման կարգի համաձայն, յուրաքանչյուր մասնակից վազելով 10մ՝ հասնում է պտտաձողին, կատարում է 6 մաքուր ձգում,  այնուհետև վազելով լաբիրինթոսի հաղթահարման  տեղամասը՝ ելման կետում հագնում է հակագազը և լաբիրինթոսն անցնելուց հետո շարժման ընթացում այն տեղավորում է պայուսակի մեջ: Այնուհետև վազելով 1800մ վազքարարածք՝ հասնում է հաջորդ փուլի տեղամասին, որտեղ կատարում է ԿԱ ինքնաձիգի ոչ լրիվ քանդում և հավաքում, դրանից հետո հրաձգության տեղամասում օդամղիչ հրացանից կատարում է երեք կրակոց: Ավարտելով հրաձգությունը՝  նռնակի 2 նետում է  կատարում,  վազքով անցնում  մրցման վերջին տեղամասը,   վերցնում է  20կգ փամփուշտների արկղը և հատում  վերջնագիծը:

Երկօրյա մրցապայքարում թիմային հաշվարկով առաջին տեղն է գրավել Ստեփանակերտի հավաքական թիմը, երկրորդ տեղում Մարտակերտի շրջանի թիմն է, իսկ Մարտունու հավաքականը զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը:

Անհատական հաշվարկով առաջնության հաղթող է ճանաչվել Ռուբեն Գալստյանը (Ակնաբերդի միջնակարգ դպրոց), երկրորդ տեղում Կորյուն Փաշայանն է (Ստեփանակերտի համար 2 հիմնական դպրոց), իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Մարատ Հարությունյանը (Ստեփանակերտի համար 9 հիմնական դպրոց):

Մրցանակային տեղեր գրաված թիմերը, մարզիկներն ու մարզիչները պարգևատրվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ և պաշտպանության նախարարությունների դիպլոմներով, պատվոգրերով, ստացել դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ: