ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կանգնեցվել է ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կանգնեցվել է ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում այսօր՝ հոկտեմբերի 11-ին,  տեղի է ունեցել անվանի երաժիշտ, ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը:

Ջութակահարի արձանը կանգնեցվել է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ,  երաժշտի մահից 2 տարի անց:

Արվեստագետի  արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել: Արցախյան ազատամարտից հետո Սկրիպաչ Բորյային (ինչպես համաքաղաքացիներն էին նրան անվանում) հաճախ տեսնում էին Ստեփանակերտի հուշահամալիրում՝ երաժշտության լեզվով իր ջութակի միջոցով տղաների հետ զրուցելիս:

 «Թվում է՝ մշակույթն ու պատերազմը տարբեր, հակադիր ուղղություններ են, սակայն շատ հաճախ պատերազմն ու մշակույթը միաձուլվում են, ներդաշնակվում են իրար հետ:  Պատերազմը պիտի ունենա իր մշակույթը  ոչ միայն կտավներում, այլ նաև երաժշտարվեստում: Բորիս Բաբայանը հենց այն  կոլորիտային  գործիչն է, որը կարողացավ Արցախյան ազատագրական պատերազմի մեջ ահա այդ  դերը կատարել: Այսօր նա այստեղ նաև իր երաժշտությամբ է ներկա»,- ելույթի իր խոսքում նշել է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Բորիս Բաբայանի քանդակի հանդիսավոր բացումը կատարել են Կարեն Սարգսյանն ու  Բորիս Բաբայանի թոռը՝ Արսեն Բաբայանը:

Միջոցառմանը մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ,  սիրված ջութակահարի  հարազատներն ու ընկերները: