ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անց է կացվել պատանիների միջև հրաձգության հանրապետական առաջնությունը — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անց է կացվել պատանիների միջև հրաձգության հանրապետական առաջնությունը

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում անց է կացվել հանրակրթական, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների 11-12-րդ դասարանների պատանիների միջև ԱԿ-74 ինքնաձիգից հրաձգության հանրապետական առաջնությունը։

Նախարարության ամենամյա ծրագիրը դպրոցականների մեջ ռազմական գործի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու, լավագույն պատանի հրաձիգներին ի հայտ բերելու, դպրոցականներին հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստելու նպատակ ունի։ Առաջնությունն անց է կացվել երկու՝ շրջանային(քաղաքային) և հանրապետական փուլերով։  

Հանրապետական առաջնությանը մասնակցում էր Ստեփանակերտ քաղաքի և Արցախի շրջանների ուսումնական հաստատությունների պատանիների մեկական հավաքական ջոկ: Ջոկի կազմը` 11 հոգի։

Յուրաքանչյուր մասնակից մարտական փամփուշտներով 100մ հեռավորությունից փորձնական  երեք  և  ստուգարքային հինգ կրակոցի հնարավորություն ուներ։

Թիմային  հաշվարկով հրաձգության առաջնությունում առաջին տեղն է գրավել Մարտունու շրջանի հավաքական թիմը։ Մարտակերտի հավաքական թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։  Իսկ երրորդ մրցանակային տեղում  Ասկերանի թիմն է։

Անհատական հաշվարկով առաջնության առաջին հորիզոնականում Ալեքս Ավանեսյանն է (Ասկերանի շրջանի Պատարայի միջնակարգ դպրոց), երկրորդ տեղը զբաղեցրել է Վալերի Սարգսյանը (Մարտունու շրջանի Ճարտարի N1 միջնակարգ դպրոց), իսկ երրորդ մրցանակային տեղում Արմեն Բաբայանն է (Ասկերանի շրջանի Պատարայի միջնակարգ դպրոց)։

Ընդհանուր թիմային և անհատական հաշվարկներում մրցանակային  տեղեր զբաղեցրած ջոկերը և մասնակիցները պարգևատրվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ և պաշտպանության նախարարությունների  դիպլոմներով, պատվոգրերով և ստացել են նվերներ ու դրամական պարգևներ։