ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի մասնագիտական տոն օրն է — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի մասնագիտական տոն օրն է

Ուսուցիչների համար օրը տոնական էր: Այն սկսվեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի շնորհավորական ուղերձով: Տարբեր դպրոցներից մի խումբ ուսուցիչներ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից պարգևատրվեցին թանկարժեք նվերներով:

Իսկ օրվա ավարտը նշանավորվեց ուսուցիչներին նվիրված գեղեցիկ միջոցառմամբ, որը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում:

Նախ, անուն առ անուն հիշեցին Արցախի տարբեր դպրոցներից այն ուսուցիչներին, որոնք չդավաճանելով իրենց քարոզած սկզբունքներին՝ 44-օրյա պատերազմի հենց սկզբից նետվեցին մարտի դաշտ և ընկան հերոսաբար՝ հավերժանալով մեր հուշերում ու պատմության մեջ:

«Ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է ազգանվեր սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում»,- իր ելույթում նշեց ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը՝ մաղթելով ուսուցիչներին խաղաղ երկնքի տակ շարունակել իրենց նվիրական առաքելությունը:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորեց ուսուցիչներին՝ հավաստիացնելով, որ նրանց կատարած աշխատանք արժևորված է: «Կառավարությունն առաջիկայում առավել մեծ ուշադրություն կդարձնի ուսուցիչների ու կրթական ոլորտում առկա խնդիրներին: Կուզեի խնդրել ու հորդորել ձեզ՝ երբեք չտատանվել, չտարակուսել, չդավաճանել ձեր առաքելությանը: Այդ առաքելության անբաժանելի մասն է նաև շարունակական ինքնակատարելագործումը, որի շնորհիվ կկարողանանք ժամանակի ընթացքում հաղթահարել բոլոր դժվարությունները»:

 Երեկոյի ընթացքում հնչած գնահատանքի խոսքերն ու բարեմաղթանքները համեմվեցին գեղեցիկ երաժշտական կատարումներով: Այդ կերպ իրենց շնորհավորանքն ու շնորհակալանքը ուսուցիչներին փոխանցեցին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի և Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները:

Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պետական պաշտոնյաներ: