ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեդիագրագիտության դասընթաց՝ արցախցի երիտասարդների համար – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեդիագրագիտության դասընթաց՝ արցախցի երիտասարդների համար

Մեր օրերում, երբ մեդիան ամենուր է, երբ  հաճախ ինֆորմացիա ստեղծողն ու տարածողը հենց մենք ենք, առաջ է գալիս մեդիագրագիտության, մեդիա  գործիքներին տիրապետելու անհրաժեշտությունը: Այս նպատակով ԱՀ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցությամբ «Աջակցություն Արցախի երիտասարդներին» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 24-ին և 25-ին Արցախի տարբեր բուհերի ուսանողների համար կազմակերպվել է «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» խորագրով դասընթաց: Մեդիայի կարևորությունը, տեղեկատվական անվտանգություն, փաստերի ստուգում. սրանք երկօրյա դասընթացի հիմնական ուղղություններն էին: «Երիտասարդները թվային դարում արդեն ծնվում են մեդիայի մեջ, դա իրենց շնչելու օդն է: Այդտեղ չխեղդվելու, չթունավորվելու կամ այդ օդը մաքրելու համար ինչ-որ գործիքների պետք է տիրապետել: Մեդիագրագիտությունը սահմաններ չի ճանաչում, մեդիան փոխվում է, գործիքները փոխվում են, մենք էլ հետը պիտի  փոխվենք»,- ասում է լրագրող Նունե Հախվերդյանը:

Տեսական նյութերից բացի, երիտասարդներին հնարավորություն է ընձեռվել գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները: Դասընթացավար Նունե Հախվերդյանի խոսքով՝ երիտասարդների հետ  աշխատում են  ազատ, ոչ ֆորմալ ձևաչափով՝ հնարավորություն ստեղծելով քննարկումներ ծավալել, մտքերով փոխանակվել:

Դասընթացի մասնակից Լուսիա Գասպարյանն իրեն մեդիայի ակտիվ սպառող է համարում, օգտվում է սոցցանցերից, հետևում լրատվական կայքերին: 44-օրյա պատերազմի օրերին հաճախ է ապատեղեկատվության, աղբյուրի ստուգման հետ կապված խնդիրների հետ առնչվել:

«Պատերազմից հետո թեման ինձ համար առավել ակտուալ դարձավ,  քանի որ տեսանք, թե ինչպես թշնամու կողմից շատ ակտիվ թիրախավորում Էր հայկական լսարանը ու ինչպես էր ապատեղեկատվությունը իր հոգեբանական ազդեցությունը թողնում մեր հանրության վրա: Այս դասընթացի արդյունքում մենք ձեռք բերեցինք սոցիալական տարբեր կայքերից  օգտվելու, սկզբնաղբյուրները ստուգելու, հավաստի տեղեկություն փնտրելու հմտություններ, ծանոթացանք բոլոր այն գործիքներին, որոնք հնարավորություն են տալիս առավել գրագետ օգտվել մեդիա տիրույթից», -ասում է Լուսիան:

Թեև հասցրեցին դասընթացին  տրամադրված երկու օրն արդյունավետ օգտագործել, այդուհանդերձ, դասընթացավարներն ու մասնակիցները գտնում են, որ նման հանդիպումները պետք է շարունակական լինեն: