ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուշիի «Վարանդա» երգչախումբը 30 տարեկան է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուշիի «Վարանդա» երգչախումբը 30 տարեկան է

Դեռևս 1989 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մի խումբ ուսանողների հետ  Զաքար Քեշիշյանը եկավ Արցախ: Արցախցիներին ոգևորելու համար համերգներով եղան Ստեփանակերտում, Շուշիում,  Հադրութում, Մարտունիում և Ասկերանում: Հենց այդ ժամանակ  երիտասարդ երաժիշտը առաջին  հայացքից սիրահարվեց Արցախին   և ուխտ արեց՝  մշտապես լինել Արցախի կողքին: 1992-ին ազատագրված Շուշիում  երիտասարդ խմբավար, շվիահար, դուդուկահար Զաքար Քեշիշյանի հիմնադրած  «Վարանդա» երգչախումբն իր հարկի տակ համախմբեց  բերդաքաղաքի շնորհաշատ մանուկներին ու պատանիներին՝ պատերազմի արհավիքը ապրող շուշեցիների դեմքին ժպիտ ուրվագծելու, հոգևոր և երաժշտական ավանդույթներ սնուցելու համար:   Ու այսպես, ամեն տարի, խոստմանը համաձայն, Զաքար Քեշիշյանն Արցախում է՝ երգչախումբն ավելի լավը դարձնելու համարձակ ծրագրերով:

Ժամանակի ընթացքում երգչախումբը պետականացվել է և այժմ իր ստեղծագործական գործունեությունը շարունակում է երեք՝ մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով:

700 սան,  200 համերգ  Արցախի շրջաններում, դպրոցներում, զորանոցներում, Հայաստանում ու Լիբանանում, 30 համերգային նոր ծրագիր, որի ընթացքում կատարվել են հայ և օտար դասական, ժամանակակից ու ժողովրդական ավելի քան 500 խմբերգեր:  Ականավոր հայ բանաստեղծներ և երգահաններ 169 նոր երգով հարստացրել են երգչախմբի երգացանկը. սրանք երգչախմբի 30 տարվա ձեռքբերումներն են՝ համառոտ: Աննկարագրելի է այն աշխատանքը, որն անտրտունջ իրականացվել է այս տարիներին, անբացատրելի են այն ապրումներն ու զգացողությունները, որ ամեն անգամ երգչախմբի համերգներից ստացել է արցախցի հանդիսատեսը:

Շուշիի անկումից հետո պարոն Զաքարի և երգչախմբի ժամադրավայրը Ստեփանակերտն է: Այս տարի էլ Զաքար Քեշիշյանի ամառն անցավ Արցախում, ու քրտնաջան  աշխատանքի շնորհիվ 120 փոքրիկների հետ պատրաստեցին «Երգող Արցախ» համերգաշարը:

«Փոքր-ինչ տխուր,  սակայն անկոտրում սրտով ու հոգով, Շուշի վերադառնալու հավատքը մեր սրտերում, հոգու և մտքի մեջ,  այսօր այս համերգը նվիրում ենք   Շուշիի «Վարանդա» երգչախմբի ծննդյան 30-ամյակին: «Վարանդա»-ի 30-ամյակը նշում ենք խառը զգացումներով ու մտորումներով: Մի կողմից Շուշիի հերոսական ազատագրումը,  մյուս կողմից էլ արյամբ ու տարիների ջանք ու քրտինքով ձեռք բերածը մի օրում կրկին կորցրած լինելու անպարագծելի ցավը չեն թողնում, որ խոհը բառ դառնա, ապրումը՝ նախադասություն, մտածումը՝ խոսք»,-երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգին իր խոսքում նշեց  Զաքար Քեշիշյանը:

Երգացանկում ընդգրկված էին ինչպես նոր խմբերգերի առաջին կատարումներ, այնպես էլ անցնող 30 տարիների ընթացքում ծնունդ առած  խմբերգերի մի փունջ:

«Վարանդա» երգչախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված համերգաշարի պաշտոնական  մեկնարկը տրվեց սեպտեմբերի 10-ին:  Համերգին ներկա էին Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը,  օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

«Հողը նվիրյալների կարիք ունի, որոնք առանց ջանք ու եռանդ խնայելու, առանց նեղ անձնական շահերի կփորձեն ծաղկեցնել այն, ցրել ներսում  կուտակված  մշուշն ու կսկիծը՝ տարածելով միմիայն ջերմություն և լուսավորություն:  Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել այդպիսի մի նվիրյալի՝ Արվեստի վաստակավոր գործիչ, «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին, որը վաղվա օրվա մեծ հավատով ստեղծում ու արարում է գեղեցիկը՝ հայկական քաղցր հնչյունները տարածելով ամենուր»,-ասվում է նախարարի շնորհավորական խոսքում:

Ավանդույթի համաձայն՝ «Վարանդա»-ի  բոլոր համերգները եզրափակվում են «Երազ իմ երկիր հայրենի» երգով: Մինչև Շուշիի անկումը երգում էին Ղազանչեցոցի բակում, արդեն երկու տարի է՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում, 44-օրյա պատերազմում զոհվածների հուշատախտակի մոտ:

30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը հոբելյանական համերգով չավարտվեց: Զաքար Քեշիշյանը որոշել է պատմել 30 տարիների ընթացքում Արցախում իր գլխին եկածի մասին «Համերգապատում» խորագրով  մենահամերգի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին: