ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները

Օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունների մեկնարկը տրվեց այսօր՝ օգոստոսի 26-ին Ստեփանակերտում։

ԱՀ պետական նախարար Ա․ Բեգլարյանի, ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանի, տեղակալ Մ․ Համբարձումյանի, ԱՀ նախագահի խորհրդական Ա. Սարգսյանի, ԳԹԿ տնօրեն Յու․ Քարամյանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Թ. Ղարախանյանի, Շուշիի և Հադրութի վարչակազմերի աշխատակազմերի կրթության և սպորտի բաժնի վարիչներ Ի. Սարգսյանի և Ա. Մինասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի հանրակրթական դպրոցների մանկավարժական հանրույթների հետ։

Ստեփանակերտի քաղաքապետարանի, Շուշիի ու Հադրութի վարչակազմերի աշխատակազմերի կրթության և սպորտի բաժնի վարիչները հանդես եկան 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվությամբ՝ ներկայացնելով տարվա ձեռքբերումները, բացթողումներն ու առաջարկները։

ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանն իր ելույթում անդրադարձավ ներառական ուսուցման խնդիրներին, ինչպես նաև ավարտական ու միասնական քննությունների արդյունքներին՝ տարեցտարի իջնող գնահատականի շեմը համարելով բավականին մտահոգիչ հանգամանք:

ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանի խոսքով՝ կրթության ոլորտում սպասվում են հետևյալ բարեփոխումները.

– Կրթության մատչելիության ապահովում, որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծում և միջազգային կրթության չափանիշներին համապատասխանեցում։

-Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող ֆինանսների արդյունավետ օգտագործման ապահովում։

-Նախադպրոցական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացում։

-Որակյալ կադրերի ապահովում վերջիններիս վերապատրաստման, մասնագիտական առաջընթացի և հավելավճարի ապահովում։

-Ուսումնական հաստատությունների կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական բազայի ապահովում։

-Հանրակրթական դպրոցներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում։

-Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, ջեռուցման համակարգի ապահովում։

Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների ընթացիկ և նախատեսվող վերապատրաստման դասընթացներին։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկաներին հայտնեց, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր առաջարկ, որը կաջակցի համակարգի բարելավմանը։

Խորհրդակցության ավարտին դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները ոլորտի ղեկավարներին ներկայացրին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև կրթական համակարգի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն միտված առաջարկներ։

Նույն օրը նմանատիպ ձևաչափով խորհրդակցություն է տեղի ունեցել նաև Ասկերանում, իսկ առաջիկայում սպասվում է Մարտակերտում և Մարտունիում։

Լուսանկարների հեղինակ՝ Ռ. Սարգսյան