ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են ուսուցիչների ամենամյա առարկայական վերապատրաստման դասընթացները — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են ուսուցիչների ամենամյա առարկայական վերապատրաստման դասընթացները

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 միջնակարգ դպրոցում մեկնարկել են  ուսուցիչների  ամենամյա առարկայական վերապատրաստման դասընթացները, որոնց այս տարի մասնակցում է 150 ուսուցիչ մայրաքաղաքից և հանրապետության տարբեր շրջաններից: Ծրագիրն իրականացվում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության և «Էպիկենտրոն» ՀԿ համագործակցությամբ:

 ԱՀ ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության հանրակրթության բաժնի վարիչ Ռուզաննա Բազյանի խոսքով՝ վերջին անգամ մասսայական վերապատրաստման դասընթացներ իրականացվել  են 2018թ-ին:  «Այս տարի վերսկսել ենք՝ վերապատրաստումներն անցկացնելով «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Անգլերեն»,  «Մաթեմատիկա», «Տարրական կրթություն և մեթոդիկա» առարկաներից: Վերապատրաստումներն անց են կացնում ՀՀ-ից հրավիրված մասնագետները»,- նշեց Ռ. Բազյանը:

«Էպիկենտրոն» ՀԿ համահիմնադիր Սոֆյա Հովսեփյանը տարբեր ծրագրերով  Արցախում հաճախ է լինում: Պարբերաբար սեփական նախաձեռնությամբ իրականացնում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, սակայն առաջին անգամն է, որ ուսուցիչների պարտադիր նախաատեստացիոն վերապատրաստումներն Արցախի կրթության գերատեսչությունը վստահել է իրենց թիմին: 

«Դասընթացներն անց են կացնում մենթորներ, ովքեր պատրաստվել են, դարձել վերապատրաստող մասնագետներ և ունեն համապատասխան հավաստագրեր: Մենք նպատակ ունենք դասընթացների վերջում ընտրել լավագույն մասնագետներին և դարձնել հետագա վերապատրաստողներ, քանի որ ժամանակն է, որ Արցախն ունենա սեփական բազա: Ուսուցիչների վերապատրաստումը պետք է դարձնենք միասին  առաջ գնալու, իրար հետ հաղորդակցվելու  ճանապարհ»,-ասում է Սոֆյա Հովսեփյանը:

Ոսուցիչների  առարկայական վերապատրաստման ծրագիրը կտևի 6 օր: Կազմակերպիչների խոսքով՝ դասընթացները  շարունակական բնույթ են կրելու՝ ընդգրկելով այլ առարկաներ նույնպես: