ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Փոքրիկ քայլ»-ից արցախցի մասնակիցները վերադարձել են մրցանակներով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Փոքրիկ քայլ»-ից արցախցի մասնակիցները վերադարձել են մրցանակներով

Հուլիսի 15-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի ունեցավ Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը:

Վաղարշապատի համայնքապետարանի և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված մշակութային այս նախագիծը միտված է համախմբելու Հայաստանի և Արցախի  երաժիշտ-կատարողներին  մեկ վայրում և նույն գաղափարի շուրջ։

«Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն արդեն կայացած համահայկական  մշակութային ծրագիր է, որն այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ շնորհաշատ երեխաների համար  դարձել է ինքնադրսևորման  հարթակ։

Արցախցի երաժիշտ-կատարողների համերգային ծրագրին հաջորդեց մրցանակաբաշխությունը: Բեմին մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի անդամներն էին՝ երաժշտական կատարումով, հպարտության ու երախտիքի խոսքով:

«Այս երեք տարիների ընթացքում մեր փառատոնը շատ ձեռքբերումներ է ունեցել, բայց Արցախի ներգրավվածությունը ամենամեծ ձեռքբերումն էր: Հպարտ եմ, որ մեր թիմով և ԱՀ կառավարության օժանդակությամբ կարողացանք հասնել մեր նպատակին»,-իր խոսքում նշեց Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Հարությունյանը:

«Փոքրիկ քայլ»  փառատոնի արցախյան  մասնակիցներին իր ուղերձն էր հղել Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը.

«Արվեստի և մշակույթի շուրջ համախմբումը կարևոր օրակարգ է մեզ համար, որի շնորհիվ կարող ենք ստեղծել համագործակցության նոր կամուրջներ: Մենք մի քանի օր հյուրընկալեցինք տասնյակ տաղանդաշատ մասնակիցների, ովքեր, անշուշտ, իրենց ներդրումը դեռ բերելու են հայրենիքի մշակութային կյանքի զարգացման գործին»,-ասվում է քաղաքապետի ուղերձում:

Փառատոնի 3-րդ և 2-րդ կարգի դիպլոմների արժանացած մասնակիցներին պարգևատրեց փառատոնի կազմկոմիտեի անդամ Գևորգ Մաղաքյանը։

Փառատոնի երրորդ կարգի դիպլոմի են արժանացելՎլադիմիր Մարգարյանը (Սայաթ-Նովայի անվան պետ․ երաժշտական քոլեջ), Տաթև Սարգսյանը  (Սայաթ-Նովայի անվան պետ․ երաժշտական քոլեջ), Քրիստինե Ադամյանը (Հադրութի արվեստի դպրոց),Գարեգին Պետրոսյանը (Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոց), Կարեն Բալասանյանը (Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոց)։

Երկրորդ կարգի դիպլոմի արժանացել են Միքայել Համբարձումովը  (Կոմիտասի անվան երաժշտական դպրոց), Լիա Ղազարյանը  (Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոց), Սերգեյ Ադաշյանը (Կոմիտասի անվան երաժշտական դպրոց), Արսեն Ուլուբաբյանը (Սայաթ-Նովայի անվան պետ․ երաժշտական քոլեջ), Գայանե Պետրոսյանը (Կոմիտասի անվան երաժշտ․ դպրոց), Վադիմ Բալասանյանը (Գյուրջյանի անվան արվեստի դպրոց):

Առաջին կարգ և Մեծ Մրցանակ (Գրան Պրի) ստացած մասնակիցների մրցանակները հանձնեց Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանը:

«Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնին  առաջին պատվավոր տեղը զբաղեցրել են Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաներ Տիգրան Գրիգորյանը և Արեն Ալեքսանյանը:

Փառատոնի Մեծ Մրցանակին (Գրան Պրի) են արժանացելԱնի Հայրապետյանը (Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոց), Գոռ Աբրահամյանը (Հադրութի արվեստի դպրոց), Գոհար Ավանեսյանը (Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջ), Վահագն Աբաղյանը (Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջ):