ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացել է «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդեսը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացել է «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդեսը

Ս. թ. մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպեցին «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն ուսումնասիրություն-պատկերագրքի շնորհանդեսը: Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը:

Գիրքը նվիրված է պատմական Հայաստանի երկու հարակից նահանգների պատմությանն ու ձեռագրական ժառանգությանը:

Մատենադարանի տնօրեն Վահան Տէր-Ղևոնդյանի խոսքով՝  2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շարունակ մտածում էին,  թե բոլոր արհավիրքներից հետո ինչ կարող են անել երկրի, մշակույթի պահպանության համար: Այդ ժամանակ ՀԲԸՄ-ն հայտարարեց դրամաշնորհային ծրագիր, որը միտված էր տարբեր օտար լեզուներով Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված հրատարակություններին: Մատենադարանը շահեց դրամաշնորհը, և լույս  տեսավ «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլալեզու հատորը:

Հատորի սկզբում աղբյուրագիտական հարուստ տվյալներով ներկայացվում է Արցախ-Ուտիքի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար:

Երկրորդ գլխում ներկայացվում է Արցախի և Ուտիքի գրչության կենտրոնների պատմությունը: Միջնադարում գրչատները գործել են գրեթե բոլոր մեծ վանքերին կից: Մեզ են հասել 13-18-րդ դդ. ստեղծված ձեռագիր մատյաններ: Դրանց մի զգալի մասը պահվում է Մաշտոցյան Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում:

Գրքի երրորդ մասը նվիրված է Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարչությանը, որն ամբողջական պատկերացում է տալիս Արցախի-Ուտիքի մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ձեռագրական ավանդույթների մասին:

Պատկերազարդ ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու միջնադարյան Արցախի և Ուտիքի հարուստ բայց շատերին անծանոթ գրավոր ժառանգությունը:

Հրատարակությունն իրականացվել է ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ։