ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նոր հարթակ է ստեղծվել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նոր հարթակ է ստեղծվել

https://artsakh-heritage.aua.am/.օտարալեզու լսարանի համար սա այն հասցեն է, որտեղ հավաքագրված է Արցախի պատմամշակութային ժառանգության մասին հսկայական տեղեկություն: «Արցախի մշակութային ժառանգությունը. թվագրում հանուն պահպանության» խորագրով անգլալեզու կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 24-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում:   

Միջազգային փորձագետ Ասպետ Գոչիկյանն ու Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը՝ Հայ բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ ձեռնամուխ եղան կայքի ստեղծմանը:

Նախագծի համահեղինակ Նազելի Ղարիբյանն անկեղծացավ. «Անկախ հեռավորությունից ու դժվարություններից՝ կայքի շնորհանդեսը պիտի տեղի ունենար միայն ու միայն Արցախի սրտում՝ Ստեփանակերտում: Համոզված ենք, որ այն գործելու է ի նպաստ Արցախի հուշարձանների պահպանության և հանրահռչակման: Կայքը բաց է և հասանելի ամբողջ աշխարհի մարդկանց համար շուրջ վեց ամիս: Այն հիմնականում ունի գիտական ուղղվածություն: Հուշարձանները բաժանել ենք տարբեր կարգերի՝ ըստ իրենց պատկանելության, ձևի, ճարտարապետական ֆունկցիոնալության. նշված են նաև հուշարձանների անունները, տարեթիվը, մասնագիտական, արվեստաբանական, հնագիտական նկարագրությունները: Ընդգրկել ենք նաև Արցախի թանգարանները, որովհետև դրանք նույնպես մշակութային ժառանգության մի մասն են կազմում, և այս հարցում մեզ աջակցել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, ինչի համար շնորհակալ ենք»:

Կայքում կարելի է գտնել Արցախի տարածքում գտնվող հուշարձանների և թանգարանների մասին տեղեկություններ, քարտեզներ, լուսանկարներ, ձեռնարկներ, իրավական պայմանագրեր: Նյութերի հավաքագրման աշխատանքներին մասնակցել են նաև արցախցի պատմաբաններն ու հուշարձանագետները:

«Պատերազմից հետո պայքարը պետք է շարունակել տեղեկատվական դաշտում: Այս առումով մեր թիմով ստեղծել ենք մի այնպիսի կայք, որը օտար վերլուծաբանների, ուսումնասիրողների համար աղբյուր կհանդիսանա»,-ասում է նախագծի հեղինակ Ասպետ Գոչիկյանը:

«Արցախը սոսկ էթնիկ բնակավայր չէ, այն պատմական հայկական տարածք է: Մեր քաղաքականության առանցքում պետք է լինի արժեքների պահպանությունն ու հանրահռչակումը, քանզի բոլոր ժամանակներում մեր հարևան թշնամական պետությունները փորձել են վերացնել մեր նյութական և ոչ նյութական արժեքները: Թշնամու այս քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր: Մենք պետք է ուժեղանանք, ամրանանք նաև տեղեկատվական դաշտում»,- նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ով մեծ ներդրում ունի Արցախի հուշարձանների ուսումնասիրման գործում, կարծում է՝ «Տարիների կատարած աշխատանքի, մեր անցած ճանապարհի ցուցադրությունն է կայքէջը: Այսպիսի գործունեությամբ պահպանում ենք մեր ինքնության կարևորագույն առանձնահատկություններից մեկը՝ մշակութային ժառանգությունը:

Կայքի շնորհանդեսին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը: