ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կայացել է «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդես – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կայացել է «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդես

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: 1992 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է ԻԿOՄ-ի կողմից նախապես հրապարակված խորագրի շրջանակում: Այս տարվա միջոցառումները կազմակերպվում են   «Թանգարանների ուժը» խորագրի ներքո՝ նպատակ հետապնդելով բացահայտել թանգարանների ներուժը երեք ուղղությամբ՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն,  որոնք  առանցքային գործոններ են  համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման համար:

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ այսօր նախատեսված  են աշխարհի բոլոր թանգարաններում: Դրանք  կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել է նաև Հայաստանի և Արցախի  125 թանգարան: 

Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցահանդես:  Լուսանկարներում Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի  տարածքում գտնվող մեր հրաշալի հուշարձաններն են:

Շնորհավորելով թանգարանների աշխատողներին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում  նշեց,-«Այս  նկարներում  մենք փորձում ենք վերագտնել մեր հուշերը, մեր արժեքները, մեր կորսված տարածքները: Լցվենք հույսով ու հավատանք, որ մի օր կվերականգնենք մեր տարածքները՝ իրականա­ցնելով  մեծ Հայաստանում ապրելու մեր երազանքը»:

 «Բազմաթիվ փաստեր և լուսանկարներ կան այն մասին, որ մեր հայրենիքում ոչնչացվում են մեր հուշարձանները:  Այսօր մեր պատմական հայրենիքի՝ օկուպացված Հադրութի այս հուշարձանների ճակատգիրն էլ է վտանգված: Պատմությունը հուշում է, որ ամենադժվարին պահերին անգամ մենք  կարողանում ենք սթափվել: Սթափվենք, ինքնակազմակերպվենք և տեր կանգնենք մեր հայրենիքին»,- իր ելույթում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը:

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն էլ ընդգծեց. «Ցուցադրված հուշարձաները մեր զինանոցի մի մասն են, որի միջոցով մենք պետք է կարողանանք պայքարել և՛ մեր տարածքների վերադարձման, և՛ նրանց պաշտպանության համար: Դրանք այսօր այն «զինվորներն են», որ պաշտպանում են մեր հայրենիքը, ապացուցում նրա հայկականությունը»:

Ելույթով հանդես եկան նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Հադրութի շրջանի հոգևոր հովիվ  տեր Մաթևոս քահանա Դրավենցը, Մեծ Թաղերի Արմենակ Խամփերյանցի անվան թանգարանի վարիչ Արծվիկ Լալայանը:

Օրվա առիթով Արցախի թանգարանների մի խումբ աշխատակիցներ նախարարության կողմից արժանացան պատվոգրերի:

«Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր: