ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» ծրագրի շրջանակում երիտասարդներն այցելել են շրջաններ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» ծրագրի շրջանակում երիտասարդներն այցելել են շրջաններ

Արցախյան պատերազմներում զոհված քաջարի մարտիկների կատարած սխրանքն անմահ պահելու, նրանց ոգով սերունդներին դաստիարակելու նպատակով  ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժինը 2016 թվականից երիտասարդների մասնակցությամբ պարբերաբար իրականացնում է այցելություններ արցախյան պատերազմներում զոհված նահատակների շիրիմներին:  Ծրագիրը նպատակ ունի նաև երիտասարդության  մոտ ձևավորել պահանջատիրության զգացում, հպարտություն՝ Հայոց բանակի, նրա քաջարի որդիների կատարած սխրանքների հանդեպ, նրանց կիսատ թողած գործը շարունակելու և հայրենի երկրին տեր կանգնելու պատրաստակամություն: 

  «Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» ծրագրի շրջանակում մայիսի 9-ին, 11-ին և 12-ին ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցները և մի խումբ երիտասարդներ  այցելել են Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան, հարգանքի տուրք մատուցել նահատակ հերոսների հիշատակին:

«Այսօրվա երիտասարդը պետք է քաջ գիտակցի, որ պարտավոր է արժանի սերունդ լինել, ծառայել հայրենիքին և իր վարքագծով ու կեցվածքով բարձր պահել հազարավոր մեր զոհերի հիշատակը: Մեր տղաների արյամբ շաղախված վիրավոր մայր հողի վրա պետք է պինդ կանգնենք և ապրելով Արցախում՝ ապրեցնենք Արցախը»,- իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Ալեքսանյանը: