ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՋԱՆՔԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԲԵՄՆԻ ԳԵՆԵՐԸ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՋԱՆՔԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԲԵՄՆԻ ԳԵՆԵՐԸ

Մայիսի 3-ին Արցախի գիտական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին։ Այցի նպատակն Արցախի գիտական կառույցի կողմից արտադրվող «Նարինե+» կաթնամթերքի արտադրությանն անձամբ ծանոթանալն էր, Կենտրոնի տնօրինության հետ նշված արտադրանքի ծավալներն ու տեսականին ընդլայնելու վերաբերյալ քննարկումներ անցկացնելը։ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի ուղեկցությամբ ակադեմիկոս Սաղյանը այցելեց «Նարինե+» -ի արտադրամաս, որտեղ այդ պահին կաթնամթերքի մի մեծ խմբաքանակ պատրաստ էր առաքման։ Կենտրոնի փոխտնօրեն Արև Իսրայելյանը,ում գիտահետազոտական աշխատանքի արդյունքում է նաև ստեղծվել բուժիչ կաթնամթերքը, ներկայացրեց Արցախում արտադրվող պրոդուկտի առավելություններն ու պատրաստման տեխնոլոգիայի հետ կապված որոշ առանձնահատկություններ։

Դիետիկ կաթնաթթվային մթերքը ստացվում է Lactobacillus helveticus պրոբիոտիկ հատկություններով օժտված կաթնաթթվային բակտերիաների մաքուր շտամներով նորմավորված կաթի խմորման ճանապարհով: Այն ունի նուրբ կաթնաթթվային համ և հոտ, կաթնասպիտակավուն գույն: Բարձր գնահատելով Արցախի գիտական կառույցի կատարած աշխատանքը՝ ՀՀ ԳԱԱ նախագահն կարևորեց. « Մի քանի տարվա գիտական հետազոտությունների արդյունքն ապրանքայնացվել է, և ողջունելի է, որ այդ ուղղությամբ գիտական հետազոտություններն իրականացվել են Արցախի գիտական կենտրոնում։ Բնական հումքից անջատված կաթնաթթվային բակտերիալ շտամը, որի կիրառմամբ արտադրվում է «Նարինե+» պրոբիոտիկը, բավականին մեծ հաջողություն և առաջընթաց է Արցախի գիտական կենտրոնի համար։ Կենտրոնն առաջին անգամ տվել է արտադրանք և սա դեռ սկիզբն է։ Հարկ է նշել, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում առ այսօր մեկ-երկու ինստիտուտների է հաջողվել գիտական հետազոտությունների արդյունքն ապրանքայնացնել և կիրառական դաշտ բերել ։ Տնօրենի հետ քննարկեցինք նաև արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Նպատակ ունենք 7-8 տեսակի կաթնամթերք արտադրել՝ տարբեր համային ավելացումներով, հիմնականում յոգուրտի համային հատկանիշներով,քանի որ երեխաներին դուր է գալիս այն։ Բացի այդ, յոդիլիզացված «Նարինե +»-ի փոշի էլ ենք արտադրելու։ Երևանում այն արդեն արտադրում ենք, պահպանության ժամկետը երկար է՝ մեկ տարի։ Արցախում ջրի որակի խնդիր կա,որը հաճախ է դիսբակտերիոզի և ստամոքս-աղիքային տրակտի տարբեր խանգարումների պատճառ դառնում։ Այս առումով «Նարինեն» ամենապիտանի, հույժ կարևոր պրոբիոտիկն է,քանզի կանոնավոր օգտագործման դեպքում այն վերականգնում է աղիքային ամբողջ ուղու նորմալ միկրոֆլորան»։

Տասը տարուց ավելի է՝ ՀՀ ԳԱԱ-ն համագործակցում է Արցախի գիտական կենտրոնի հետ, ակադեմիայի ինստիտուտներից 8-ը պատրաստակամություն են հայտնել մշտապես աջակցելու և իրենց լաբորատորիաներն են բացել Արցախում։ «Մեր վերջնական նպատակը Արցախում Գիտությունների ազգային ակադեմիայի փոքր մոդել ստեղծելն է, որպեսզի ամեն մի ինստիտուտ ունենա իր հիմնական ուղղությունը։ Այս առումով ակտիվ աշխատանքներ են տարվում, մի շարք ինստիտուտների հետ ճանապարհային քարտեզ է ստորագրվել հետագա համագործակցության համար », -ասաց Աշոտ Սաղյանը։ Ակադեմիկոսի իրազեկմամբ՝ նախատեսվում է մոտ ապագայում «Նարինե+ »-ի փոշին արտադրել նաև պատիճավորված տարբերակով։

ՀՀ ԳԱԱ նախագահը հանդիպել է ԱՀ պետնախարարի,ԱՀ ԿԳՄՍ նախարարի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Ա. Սաղյանի խոսքով՝ Արցախի ղեկավարության կողմից կա լիարժեք պատրաստակամություն ու կամք՝ Արցախում զարգացնելու գիտությունը։ Նախատեսվում է նաև Արցախում արտադրել բուսական ծագման դեղապատրաստուկներ։ ՀՀ ԳԱԱ նախագահի կարծիքով՝ Արցախի սարերում այնպիսի էկզոտիկ բույսեր կան,որոնք իրենց մեջ հատուկ էքստրատներ են պարունակում, ինչն ուրիշ ոչ մի տեղ չկա։ Այս ուղղությունը ևս զարգացնել է պետք Արցախում, և ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել գործընկերներին։