ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն՝ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն՝ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում

Այսօր՝ ապրիլի 23-ին, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը  Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում  էր  կազմակերպել: 

Բացման խոսքում  թանգարանի տնօրեն Ժաննա  Առստամյանը նշեց, որ  ամեն տարի կազմակերպում են Ցեղասպանության հերթական տարելիցին ու  նահատակների հիշատակին նվիրված միջոցառում՝ տարբեր խորագրերով ու ձևաչափով:  Այս անգամ  ցուցադրություն էր՝ ելույթների ուղեկցությամբ:  

 Սրահում ցուցադրված էին թանգարանի պահոցներում առկա լուսանկարներ ու փաստաթղթեր,   Եղեռնի թեմայով  աշխատություններ ու գրքեր, Դեր Զորից բերված  նահատակների մասունքներ: Լուսանկարների միջոցով  կազմակերպիչները փորձել էին ներկայացնել  երկու  իրականություն՝  կյանքն  Արևմտյան Հայաստանում մինչ Եղեռնը  և  արդեն Ցեղասպանությունից դրվագներ: Ի դեպ, լուսանկարները ժամանակին արվել  են  Օսմանյան կայսրության բանակում  ծառայած  ազգությամբ գերմանացի զինվորականների կողմից, որոնք  վտանգելով իրենց կյանքը՝  ֆիքսել  են հայերի հանդեպ  իրականացվող անմարդկային դաժանությունները՝   հնարավորության դեպքում    դրանք հրապարակելու հույսով:

«1911 թվականի Սալոնիկի գագաթնաժողովում թուրքերը  պանթուրքիզմի  հստակ ծրագիր առաջ քաշեցին, որը պետք է իրականացվեր  3 փուլով՝ թուրքիզմ, օղուզականություն և Մեծ Թուրան: Հայոց Ցեղասպանությունն այդ ծրագրի իրականացման  առաջին քայլն էր:   Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Հայերին բնաջնջելու, հայրենազրկելու քաղաքականությանը զուգահեռ Թուրքիան   իրականացրել է նաև մշակութային ցեղասպանություն, ինչը շարունակվում է նաև այսօր»,- ընդգծեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:  «Բայց  մենք պետք է կարողանանք  ոգեկոչումը վերածել  պայքարի՝ պայքար յուրաքանչյուր բնագավառում՝ դիվանագիտության, տնտեսության , կրթության, մշակույթի ոլորտներում:  Մեզնից յուրաքանչյուրն իր բաժին պայքարն ունի, բայց, դրանով հանդերձ,  միասնաբար պետք է գործել՝ հաջողելու  հույսով ու հավատով:»

Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի գիտաշխատող Արփինե Իշխանյանի խոսքով՝  կարող ենք աշխարհին պարտադրել ճանաչել մեզ հետ կատարվածը և հաշվի նստել մեզ հետ, եթե ստեղծենք հզոր պետություն, եթե  լինենք  միասնական ու վճռական:

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող Արմեն Բաբայանն իր ելույթում անդրադարձավ Ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին: Մեծ Թաղերի Ա. Խանփերյանցի անվան թանգարանի տնօրեն Արծվիկ Լալայանի ելույթն էլ  «Մշակութային ջարդը և ինքնապաշտպանական մարտերը Արևմտյան Հայաստանում» թեմայով էր: