ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգության աղավաղման քաղաքականությունը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգության աղավաղման քաղաքականությունը

44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում աննախադեպ ծավալներ են ընդունել Ադրբեջանի կողմից հայկական ծագման քրիստոնեական արժեքների`մի կողմից յուրացման՝ դրանք առավելապես «աղվանական» հայտարարելու և «սեփականաշնորհելու» միջոցով, մյուս կողմից՝ ուղղակի ոչնչացման հստակ ձեռնարկները: Մարտի 31-ին ադրբեջանցիների կողմից օկուպացված Մատաղիս ու Թալիշ գյուղեր այցելեցին «ալբանա-ուդիական եկեղեցու» ներկայացուցիչներ և հերթական կրոնական արարողությունն անցկացրին տեղի հայկական եկեղեցիներում:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանն անդրադարձել է մեր մշակութային ժառանգության աղավաղման հերթական դրվագին: «Ըստ էության, Աղվանից եկեղեցու հոգևոր սահմանների մեջ սկզբնական շրջանում, անշուշտ, ներառված են եղել նաև բուն Աղվանքի քրիստոնյա բազմաթիվ ցեղեր, ընդ որում` երբեմն աղբյուրներում այդ թիվը հասցվում է 11-ի, որոնց թվում էին լեզգիները, մասքութները, լփնաց և այլ ցեղեր: Նրանց մի մասը արաբական տիրապետության արդյունքում ընդունեց մահմեդականությունը, իսկ մյուս մասը շարունակեց մնալ որպես քրիստոնեական հավատքի հետևորդ: Պատմական այս իրողությունը շատ հիմնավոր ու հստակ ներկայացրել է Ալ. Հակոբյանը. «Արաբական խալիփայութեան տիրապետութեան տակ յայտնուած Արեւելեան Այսրկովկասում մահմեդականութեան տարածման դարաշրջանում աղուանական մետաէթնիկ ընդհանրութեան քրիստոնեայ մնացած հատուածը վերջապէս համախմբուեց իբրեւ «ուդիներ» (նաեւ՝ ուտիներ) ինքնանուամբ միասնական էթնոս, իսկ մահմեդականացած հատուածի գերակշիռ մասն՝ իբրեւ «լեզգիներ» ինքնանուամբ էթնոս-ժողովուրդ (պահպանուեցին նաեւ մի քանի փոքր մահմեդական եւ լեզգիալեզու ժողովուրդներ՝ թաբասարանցիներ, ծախուրներ, ռութուլներ, ագուլներ, բուդուղներ, կռիզներ, խինալուղցիներ եւ այլն)»:

Ինչ վերաբերում է Աղվանից եկեղեցուն, ապա այն աստիճանաբար դարձավ միայն Արցախի, Ուտիքի, ինչպես նաև բուն Աղվանքում բնակություն հաստատած հայ ժողովրդի և ուդիների հոգևոր կառույց: Այսպիսով, փաստ է, որ ուդիները նույնպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Թե հայ և թե օտարազգի գիտնականների կողմից ամենատարբեր ժամանակներում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև Ռուսական կայսրության կազմի մեջ գտնվելու ընթացքում և դրան հաջորդած խորհրդային ժամանակաշրջանում պետականորեն իրականացված մարդահամարների տվյալները հստակ ու հիմնավոր ներկայացրել են ուդիների հայրենիքը և մինչև 2000-ական թվականներն ապրած տեղավայրերը: Անտեսել այդ ամենը և արդի ժամանակներում Արցախի տարածքում բազում ու բազմապիսի մարտահրավերներ հաղթահարած եկեղեցիներն ու վանքերը հռչակել «ուդիական»՝ այնտեղ կազմակերպելով կեղծ «ներկայացումներ», պարզապես զավեշտալի է: Արցախի Մարտակերտի շրջանի (նախկինում` Ջրաբերդի գավառի) Մատաղիս գյուղն ունի իր հիմնավոր ազգագրական, քաղաքական, տնտեսական պատմությունը: Սկզբնաղբյուրային մանրամասներ են պահպանվել գյուղում առկա պատմամշակութային ու հոգևոր ժառանգության մասին: Եթե այդ ամենից մատնանշենք միայն վերը հիշատակված վիճակագրական պաշտոնական տվյալները, որոնք ակնհայտորեն փաստում են, որ Մատաղիսում հնագույն ժամանակներից ի վեր ապրել են բացառապես հայեր, անկարելի ու անտրամաբանական է գյուղի եկեղեցին «հռչակել ուդիական»:

Չխորանալով պատմական փաստարկների մեջ՝ միայն նշենք մեկ փաստ. 1901թ. Ռուսական կայսրության կողմից կազմված «Ведомость объ Армяно-Григорянскихъ церквахъ, монастыряхъ, духовныхъ, учебныхъ и богоугодныхъ заведенияхъ по Карабагской епрхии за 1901 год» վավերագրում Մատաղիսում հաշվառված է մեկ Հայ առաքելական եկեղեցի և 135 հայ հետևորդ: Գյուղում բնակվող որևէ այլ ազգության ներկայացուցիչների մասին հիշատակություն ցուցակում չկա: Այս ամենից եզրակացնելով՝ արձանագրենք, որ քաղաքական պատվերներ կատարելը թերևս չպետք է լինի գիտության զեղծարարության ու համամարդկային քաղաքակրթության ոչնչացման հաշվին: Յուրաքանչյուր ազգ իր գոյության ու կենսագործունեության ընթացքում կայանում ու զարգանում է իր արժեհամակարգին ու ինքնությանը հավատարիմ՝ արժանապատիվ հարգանք ցուցաբերելով նաև մյուսների նկատմամբ: