ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ապրիլի 1-ին Արցախի գիտական կենտրոնում հրավիրված Գիտական խորհրդի հերթական նիստը նվիրված էր ՀՀ Գիտության կոմիտեի՝ «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021»-ի շրջանակում Արցախի Գիտական կառույցում ուսումնասիրվող գիտական թեմաների ընթացիկ հաշվետվություններին։

Նիստին ներկայացված հինգ գիտական թեմաների վերաբերյալ հաշվետվություններով հանդես եկան թեմաների ղեկավարները։ Ներկա էին ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը։

«Արցախի բնակչության կյանքի որակի բժշկակենսաբանական վերլուծությունը հետպատերազմյան շրջանում» թեմայի զեկուցող և ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Հասմիկ Գալստյանի խոսքով՝ հետազոտվող թեմայի հիմնական նպատակը հետպատերազմյան շրջանում Արցախի բնակչության կյանքի որակի բժշկակենսաբանական ասպեկտներն ուսումնասիրելն է: Հետազոտությունն իրականացվել է  Ստեփանակերտ քաղաքի և Արցախի շրջանների շուրջ 180 բնակչի շրջանում։

«Կյանքի որակի սոցիալ-տնտեսական մոդելից աստիճանական անցումը բժշկակենսաբանականի և նրա գնահատումը` որպես անհատի առողջական վիճակը բնութագրող ինտեգրալ ցուցիչ, նոր մոտեցում է: Ներկայացված ծրագիրն իրականացվում է առաջին անգամ: Հետպատերազմյան շրջանում Արցախի բնակչության առողջական վիճակին առնչվող հարցերի ուսումնասիրությունը կարելի է դիտարկել որպես մեր երկրի համար կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր»,- ասաց թեմայի ղեկավարը։

«Արցախի Հանրապետության կաթնասունների ֆաունայի արդի վիճակը և մոնիթորինգը» թեմայի ղեկավար կ.գ.դ. Վահրամ Հայրապետյանն իր խոսքում նշեց,որ ուսումնասիրվող գիտական աշխատանքի նպատակն է քննարկվող տարածքում կայուն բազա ստեղծել կաթնասունների վերաբերյալ և մշակել ռազմավարություն՝ անբարենպաստ ազդեցություններից դրանց պահպանության մեխանիզմների մշակման համար։ «Արցախի Հանրապետությունում վերջին տարիներին ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանները, ադրբեջանական ագրեսորների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում օգտագործվել են միջազգային նորմերով արգելված ֆոսֆորային զենքեր, իրենց բացասական ազդեցությունն են թողել Արցախի մանր ու խոշոր կաթնասունների տեսակային կազմի, թվաքանակի, տարածվածության և էկոլոգիական այլ առանձնահատկությունների վրա»,- ասաց Վ. Հայրապետյանը:

«Հակամանրէային կենսապատրաստուկների ազդման հետազոտությունը՝ ընդդեմ թոքաբորբի հարուցիչների աճի». այս թեմայի ղեկավարը կ.գ.թ. Արև Իսրայելյանն է,ով զեկուցման ժամանակ ներկայացրեց թեմայի արդիականությունն ու կատարված աշխատանքների արդյունքները։ «Անցած 10 տարիների ընթացքում մեր կողմից տարբեր հետազոտություններ են իրականացվել՝ համեմատելով Արցախի և Հայաստանի տարբեր ընտանի կենդանիների կաթնաթթվային բակտերիաները։ Արդյունքում պարզվել է,որ Արցախի Հանրապետության ավանակի կաթից անջատված կաթնաթթվային բակտերիաները թե՜ իրենց ցեղային և տեսակային կազմով,և թե՜ ֆիզիոլոգիական ու հակամանրէային հատկությամբ էապես տարբերվում են Հայաստանի Հանրապետության ավանակի կաթից անջատված կաթնաթթվային բակտերիաներից։ Ելնելով դրանից՝ մեծ հետաքրքրություն է առաջացել հետազոտել ավանակի կաթից անջատված պրոբիոտիկ հատկություններով կաթնաթթվային բակտերիաների ու դրանց կողմից սինթեզվող հակամանրէային կենսապատրաստուկների ու պոլիշաքարների ազդեցությունն ընդդեմ թոքաբորբի հարուցիչների։

«Էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ Արցախի տարածքում. Ստեփանակերտ քաղաքի փողոցային փոշու և դրա հետ ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի մակարդակների գնահատումը հետպատերազմյան շրջանում». գիտական այս թեմայի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Քրիստինե Սարգսյանը նշեց, որ Արցախյան վերջին պատերազմը փոխեց Ստեփանակերտ քաղաքի սոցիալ-տնտեսական, քաղաքական և դրանց հետևանքով ստեղծված շրջակա միջավայրի վիճակը։ Ուստի, հրատապ էր դարձել ուսումնասիրել և հասկանալ աղտոտման աղբյուրները,դրանց հետևանքներն ու քանակը։ «Եթե աղտոտված հողը կարող է 10 տարվա ընթացքում ազդել մարդու առողջության վրա,փոշու ազդեցությունը կարճաժամկետ է. ավերված շինությունները,կանաչ գոտիների քայքայվածությունը,ռմբակոծության արգասիքները  բացասական ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա»,- իր ելույթում նշեց Ք. Սարգսյանը։

«ԱՀ տարածքում գործող կաթի վերամշակման գործարաններում առաջացող կաթի շիճուկի բաղադրատարրերի համալիր հետազոտություն և ԿԱՄ-երի անջատում» գիտական թեմայի հեղինակ և զեկուցող կ.գ.թ. Լիլյա Առստամյանը մասնավորապես նշեց, որ նպատակ են ունեցել կատարել Հայաստանում և Արցախում կաթնամթերքի արտադրության թափոն հանդիսացող կաթի շիճուկի համալիր ուսումնասիրություն՝ կենսաբանորեն ակտիվ միացությունների քանակական և որակական հետազոտություն` ժամանակակից անալիտիկ սարքերի կիրառմամբ:

«Կաթը և կաթնամթերքը կարևոր տեղ են զբաղեցնում մարդու սննդակարգում: Կաթի շիճուկի օգտագործման խնդիրն առաջացել է պանրի, կաթնաշոռի և կազեինի մասսայական արտադրության հետևանքով, որոնց ընդհանուր քանակը կազմում է կաթի քանակի ընդամենը 10-20%-ը, իսկ մնացած 80-90%-ը կազմում է կաթի շիճուկը: Կաթի շիճուկն ունի սննդային կարևոր նշանակություն ու դրանից ստացված միացություններն ունեն դիետիկ և բուժիչ նշանակություն»,- իր խոսքում նշել է թեմայի ղեկավարը:

Վերոնշյալ թեմաները,որոնք տարբերվում են իրենց հետաքրքրությամբ ու արդիականությամբ, շուրջ մեկ տարի է՝ ուսումնասիրվում են Արցախի գիտական կառույցում։ Աշխատանքները կշարունակվեն ևս մեկ տարի։

Նիստի ավարտին Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը շնորհավորեց Լուսինե Ղարախանյանին, ով ընթացիկ տարվա մարտի 1-ից հանդիսանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչն Արցախում։ «Համոզված եմ՝ շնորհիվ տիկին Ղարախանյանի, ՀՀ ԳԱԱ-ի հետ մեր համագործակցությունը նոր փուլ կմտնի»,- ասաց Արցախի գիտական կենտրոնի տնօրենը։