ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողով — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողով

Մարտի 29-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովը: Այն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել Արցախում, սակայն Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ գիտաժողովն անցկացվել է Երևանում: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը և Համազգայինի երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Կարևորելով նման գիտական համաժողովների անցկացման դերը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Արցախի հայությունը հայտնվել է պատմության ճակատագրական փուլերից մեկում: Աննախադեպ սպառնալիքներ են ստեղծվել Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Արցախը համաքրիստոնեական սրբավայր է իր հնամենի վանքերով ու եկեղեցիներով, խաչքարերով ու գրչության կենտրոններով, մաշտոցագիր մատյաններով, ուխտավայրերով ու ամրակառույց բերդերով։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախն ունեցավ բազում մարդկային զոհեր և վիրավորներ, մենք կորցրինք մեր հայրենիքի մեծ մասը, հակառակորդի վերահսկողության տակ անցան 139 եկեղեցի, 14 վանք, 16 մատուռ և 14 սրբատեղի։ Նման համազգային գիտական համաժողովները կնպաստեն Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը, կօգնեն վեր հանել ոլորտի արդի մարտահրավերներն ու լուծման ուղիներ գտնել»: «Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության կորուստները և նրանց պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով ելույթ ունեցավ Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Արցախից հեռավար տեսակապով ելույթ ունեցան նաև ԱՀ նախագահի՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը: Գիտաժողովին մասնակից՝ գիտության և մշակույթի ճանաչված գործիչներն անդրադարձան այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Կրթամշակութային կյանքն Արցախում», «Ադրբեջանի կողմից կիրառվող մշակութային եղեռնագործ քաղաքականության շարունակական գործողություններն Արցախում», «Արցախի ազգաբանական պատկերը», «Հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը 1991-2019 թթ.» և այլն։ Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը ցավով նշեց, որ չեն կարողացել այս միջոցառումն անցկացնել Արցախում: «Այս և նմանատիպ գիտաժողովներն առիթ են՝ կրկին վերարժևորելու մեր պատմության հոլովույթի կարևոր հանգրվանները, նվաճումներն ու ձեռքբերումները: Տարբեր ձևաչափերով ոչ միայն հայ հանրությանը, այլև միջազգային ասպարեզում Արցախի պատմությանը, նրա ազգային, հոգևոր ու մշակութային ինքնությանն անդրադառնալն այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր պատմական իրավունքներին, քանի դեռ ուշ չէ։ Հայկական քաղաքակրթական արժեքները մեր լինելիության բանաձևն են։ Մենք պարտք ու պարտականություն ունենք մեր անցյալի հանդեպ»,- ասաց Ռ. Առաքելյանը:

hyArmenian