ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է ցուցահանդես-մրցույթ՝ Արցախի ՄՊՍԿ-ների մասնակցությամբ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է ցուցահանդես-մրցույթ՝ Արցախի ՄՊՍԿ-ների մասնակցությամբ

Մարտի 29-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացած ցուցահանդես-մրցույթի կազմակերպիչը ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն էր, առիթը՝ կանանց միամսյակը,  նպատակը՝ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշակերտների գեղագիտական դաստիարակությանն ու ստեղծագործական ունակությունների զարգացմանը նպաստելը: Ցուցահանդես-մրցույթին մասնակցում էին Ստեփանակերտի և Արցախի շրջանների ՄՊՍԿ-ները՝ յուրաքանչյուրն իր տաղավարով:

Մասնակիցները ներկայացրեցին իրենց կենտրոնների գործունեությունն ու սաների աշխատանքները: Մրցույթի  արդյունքների ամփոփման հիման վրա, ըստ նախատեսված անվանակարգերի, հանձնաժողովի անդամները ընտրեցին մրցանակակիրներին:

Հանձնաժողովի անդամ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի կարծիքով՝ ընտրությունը դժվար էր, քանզի արժանի աշխատանքները շատ էին:

Հանձնաժողովի միաձայն որոշմամբ՝  «Հրաշագեղ հայուհի»  անվանակարգում մրցանակը շնորհվեց Ասկերանի ՄՊՍԿ-ին: «Նորարարություն» անվանակարգի մրցանակին արժանացավ Ստեփանակերտի ՄՊՍԿ-ը: «Ազգային շունչ» անվանակարգի մրցանակը շնորհվեց Շուշիի ՄՊՍԿ-ին: Առանձնանալով յուրահատուկ մատուցմամբ՝ Մարտունու ՄՊՍԿ-ը  արժանացավ  «Ինքնատիպ տաղավար» մրցանակին: Մարտակերտի ՄՊՍԿ-ին շնորհվեց «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակը, իսկ «Տարվա հայտնություն»  մրցանակը հադրութցիներինն էր:

«Մեզ համար Հադրութը տարվա հայտնություն է: Կորցնելով ձեր բնակավայրը՝ շարունակում եք հոգով այնտեղ ապրել, շնչել Հադրութի օդը, պատկերել Հադրութի ծաղիկները: Ես վաղուց եմ ծանոթ մեր ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին և միշտ էլ ականատես եմ եղել, թե ուսուցիչներն ինչպիսի ջանասիրությամբ ու նվիրումով են տրվել իրենց աշխատանքին, ինչը միայն բարձր գնահատանքի է արժանի: Այս աշխատանքների մեջ ներդրված էր սեր և յուրահատուկ ազգային շունչ»,- իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական  Մելանյա Բալայանը:

 Ցուցահանդես-մրցույթին մասնակից ստեղծագործական կենտրոնները հյուրերին ներկայացան նաև մշակութային համարներով: