ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գոռոզ բերդ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գոռոզ բերդ

Գոռոզ բերդը, որը ներկայումս կրում է Բերդահոնջ, Բերդահոնջին ղալա անվանումները, գտնվում է Արցախի  Մարտունու շրջանի Ներքին Թաղավարդ գյուղից հարավ-արևելք, չորս կողմերից առանձնացված մի ձվաձև լեռան վրա։ Ժայռազանգվածը շրջապատված է 4-9մ բարձրություն ունեցող կրկնապարիսպներով և զբաղեցնում է ավելի քան 2370 քառ․ մետր տարածք։

Պարիսպներն ունեցել են աշտարակներ, որոնք ամբողջությամբ չեն պահպանվում։ Ամրոցի միակ մուտքը հյուսիս-արևելյան կողմից է, որտեղից անցում է կատարվում  նախ պարսպի առաջին շարք, որից հետո՝ Միջնաբերդ։ Վերջինս  համեմատաբար փոքր չափեր ունի՝  շուրջ 930 քառ․ մետր։ Մակերևույթը հիմնականում հարթ է, ձգվում է լեռան գագաթնամաս-շրջագծով։  Ուշագրավ է կրաշաղախով սվաղված ջրավազանը (3,5մ խորությամբ)։

Պահպանվում են նաև այլ շինությունների ավերակներ։ Միջնաբերդի և արտաքին՝ առաջին շերտի պարիսպների միջև հեռավորությունը 9-32 մետր է։ Այսպիսով, ամրոցի պաշտպանական առաջին շերտը՝ Միջնաբերդ չհասած տարածքը, կազմում է ավելի քան 1440 քառ․ մետր։ Այս հատվածում համեմատաբար լավ  վիճակում են գտնվում ամրոցապատերի առանձին հատվածներ և արտաքուստ ուղղանկյուն հատակագծով  կամարակապ թաղով բավականին մեծ չափերի ջրամբարը (շուրջ 5 մ խորությամբ)։

Բերդի տարածքում հայտնաբերված գտածոները՝ հնագիտական իրերն ու հատկապես ջնարակված խեցեղենի մնացորդները, վերաբերում են 8-13-րդ դարերին։ Ձիթաճրագի և այլ կենցաղային իրերի առկայությունը վկայում է, որ բերդը  սոսկ դիտակետ-ամրոց չի եղել, այլ ամրոց-բնակատեղի, որտեղ մարդիկ ապրել են և երկարատև պաշտպանամարտեր մղել։