ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է

Թատրոնն անցյալը, ներկան ու ապագան միահյուսող, իրականն ու ցանկալին համադրող, անձնական, համազգային ու համամարդկային երազանքներն ամբողջացնող երևույթ է, դրանով իսկ՝ անմահ:

Բոլոր ժամանակներում թատրոնը մեր ազգի համար եղել ու մնում է բարձր գաղափարների, արվեստի իրական արժեքների ստեղծման ու տարածման անփոխարինելի հենք, մշակութային դաստիարակության դարբնոց, հայրենասիրության ու հայրենանվիրումի փարոս։ Ճակատագրի բերումով հայտնվելով աշխարհի տարբեր ծայրերում՝ եկեղեցու և դպրոցի կողքին հայը հիմնադրել է նաև թատրոն՝ որպես համախմբման, հայապահպանության, ազգային արժեքների ու ավադույթների փոխանցման օազիս: Իսկ թե ինչ ոգի ու հավատ կարող է փոխանցել թատրոնը պատերազմի ժամանակ, արցախցիները լավ գիտեն:

Թատերարվեստի սիրելի՛ ներկայացուցիչներ, թատրոնի նվիրյալնե՛ր, շնորհավոր ձեր տոնը: Նույնիսկ ամենադժվար ժամանակներում ու պայմաններում դուք շարունակում եք արվեստի միջոցով մարդկաց մտքերի ու հոգիների մաքրագործման ձեր լուսավոր առաքելությունը: Ոգեշնչում, նվիրում, ստեղծագործական եռանդ, հավատարիմ հանդիսատես ու լեփ-լեցուն դահլիճներ ենք մաղթում: Թատրոնը տոն է, և այդ տոնը մեզ նվիրում եք հենց դուք: