ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխարհն ավելի լավը դարձնելուն ձգտող մի պատանու մասին — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխարհն ավելի լավը դարձնելուն ձգտող մի պատանու մասին

Մարտի 9-ին Երևանում  կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից արցախցի Մհեր Համբարձումյանը (9-րդ դասարան)  27.5 միավորով գրավել է առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի:

Մհերը ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից է: Պատերազմից հետո գյուղն անցել է  թշնամու վերահսկողության տակ։ Մհերի ընտանիքը բնակություն է հաստատել Ստեփանակերտում։ Նա հաճախում է  Ստեփանակերտում վերաբացված՝ Շուշիի Դ. Ղազարյանի անվ. երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցը: Եվ հենց այստեղ պատմության ուսուցչուհի Զինա Գասյանն առաջին իսկ օրվանից նկատեց պատանու ունակություններն ու ուսման հանդեպ անհագ ձգտումը։ Առաջարկեց միասին անցնել բարդ ու հետաքրքիր մի ճանապարհ, որի  հաջող վերջնարդյունքը լինելու էր հաղթանակն օլիմպիադայում։

14-ամյա պատանու  հետաքրքրությունների  շրջանակը մեծ է․ ամեն ինչի մասին կխոսի երկար ու համոզիչ: Հարցնեք պատմությունից կամ  քաղաքականությունից՝  գիտի որտեղից դաս քաղել, ում գաղափարներով առաջնորդվել , ինչպես պատմության սխալները չկրկնել։ «Ուրիշ ազգի սխալներից պետք է սովորենք, որ մենք չսխալվենք։  Պատերազմի ժամանակ  միասնաբար չենք գործել, դրա համար էլ պարտվել ենք»,- համոզված է Մհերը:

Հարցնեք կրթությունից՝ Մհերը, ով լավ է տիրապետում  ժամանակակից տեխնոլոգիաներին, կասի՝ ամենամեծ հարստությունը  խելքն է։ «Գրեթե բոլոր գրողներն ու  գիտնականներն աղքատ էին նյութապես, նրանք խելքի միջոցով են առաջ գնացել կյանքում։  Պետք է լացով սովորես, որ ծիծաղով վայելես»,- այսպես է կարծում Մհերը։

Անգամ մարդկության ապագայի վերաբերյալ կանխատեսումներ կանի Մհերը․ «Աշխարհը ծուղակ է։ Աշխարհի տերերին պետք  է, որ մարդիկ  տգետ լինեն, որպեսզի հեշտ կառավարվեն։ Այդ տրամաբանությամբ այսօր ամեն բան  մարդուն բթացնում է՝   հեռախոսն ու համացանցը,  ծխախոտը, ալկոհոլը։  Ես չգիտեմ՝ ինչ զենքով է վարվելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց  4-րդը լինելու է քարերով և փայտերով»:

Մհերը նաև շախմատի մեծ սիրահար է: Իմաստուն խաղի հանդեպ հետաքրքրությունն առաջացել է 6 տարեկանում: Ընկերական  հանդիպումներից բացի,  նաև մրցույթների է մասնակցում։  Կարծում է՝ գյուղի երեխաներն իրենց  ներուժով ու կրթության հանդեպ ձգտումով  չեն զիջում քաղաքում ապրող իրենց հասակակիցներին: Պարզապես գյուղերում  հնարավորությունների պակաս կա:

Մհերը սիրում է աֆորիզմներ կարդալ ու առաջնորդվել դրանցով․ «Առհասարակ, փորձում եմ առաջնորդվել  տարբեր աֆորիզմներով, քանզի  մեկը մյուսին  լրացնում է»։

Պատանին երազանք ունի՝  դառնալ միջազգային իրավունքի մասնագետ : «Մեր օրերում շատ են օրենքներ խախտվում, և ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ ժողովուրդների։ Դրա համար էլ որոշել եմ միջազգային իրավաբան դառնալ»,- ասում է  Մհերն ու հավաստիացնում, որ  նպատակին հասնելու համար   ամեն օր աշխատում է: «Յուրաքանչյուր ոք իր գործը պիտի սիրի ու լավ անի, որ կարողանա հայրենիքին օգտակար լինել։ Հայրենասիրությունը գործով պետք է  ապացուցել»,- ինչն էլ անում է Մհերը՝ առայժմ լավ սովորելով։