ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գետամիջո վանք» վանական համալիր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գետամիջո վանք» վանական համալիր

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի պատմական Ծար գյուղը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղամիջյան հուշարձանախումբը։ Մայր կամ մեծ եկեղեցին գտնվում էր գյուղի կենտրոնում,  Սբ․ Սարգիս եկեղեցուն կից։ Ըստ ամենայնի, այն բավականին ընդարձակ (արտաքին չափերը՝ 26,10 × 11,55մ) թաղածածկ բազիլիկ էր։ Հուշարձանախմբին է պատկանում նաև Սբ․ Գրիգոր եկեղեցին, որը Ծարի կանգուն եկեղեցիներից մեկն է։ Այն միանավ, երկթեք ծածկի տակ առնված թաղակապ շինություն է՝ սրբատաշ քարերով (ներքին չափերը՝ 3,8 × 2,72մ)։ Կառուցված է 1274 թվականին։

1279 թվականին է  կառուցվել կից գտնվող Սբ․ Սարգիս եկեղեցին, որի մասին վկայում է բարավորի վրա արված արձանագրությունը։ Եկեղեցու ներքին չափերն են՝ 4,82 × 3,18մ։ Ինչպես Սբ․ Գրիգոր եկեղեցին, այս հուշարձանը նույնպես ներքուստ թաղակապ է՝ կառուցված տեղական մոխրագույն և դարչնագույն քարերով ու կրաշաղախով։ Հուշարձանախմբի շրջակայքում տարածվում է գերեզմանոցը՝ ուշագրավ բարձրաքանդակներով ու վիմական  արձանագրություններով։