ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դաս-համերգներ՝ հանրակրթական դպրոցներում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դաս-համերգներ՝ հանրակրթական դպրոցներում

ԱՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի վարչության ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժինը ԱՀ հանրակրթական դպրոցներում կիրականացնի «Ազգային նվագարանները դպրոցում» դաս-համերգների ծրագիր, որը նպատակ ունի մեկ անգամ ևս արժևորելու ազգային նվագարանների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանման գործում:

Ծրագրի շրջանակում  դաս-համերգների միջոցով դպրոցականներին կմատուցվի ազգային երաժշտություն: Ծրագրի ընթացքում երաժիշտները և երաժշտագետները ներկայացնում են նվագարանը, բացատրում երաժշտական գործիքների նշանակությունը, դրանց պատմությունը: Միաժամանակ էկրանին ցուցադրվում է գործիքը, այնուհետև հնչում է կատարումը տվյալ նվագարանով:  

Առանձնապես կարևորվում է ծրագրի իրականացումը սահմանամերձ բնակավայրերում, այդ իսկ պատճառով մեկնարկը տրվել է Աղավնոյի Գ. Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում: Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը  փոքրիկ դաս-համերգի միջոցով դպրոցի  աշակերտներին մատուցել է զտարյուն հայկական մեղեդիներ՝զուգահեռ ծանոթացնելով  նրանց երաժշտական գործիքների պատմությանն ու նշանակությանը:

Ժողովրդական Նվագարանային արվեստը հայ ժողովրդական երաժշտության այն բնագավառն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ժողովրդին, դառնալով նրա կենցաղի անբաժանելի մասըԺողովրդական երգով, ավանդական նվագարաններով ու երաժշտությամբ ժողովուրդն արտացոլել է իր ներաշխարհն ու ազգային հոգեկերտվածքը, հայրենի բնությունը, աշխատանքային գործունեությունն ու կենցաղը: