ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաեստրո Մուրադյանը 75 տարեկան է — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաեստրո Մուրադյանը 75 տարեկան է

Քաղաքում նրան չնկատելն ու չճանաչելն անհնար է: Երիտասարդական խանդավառությամբ, վարակիչ լավատեսությամբ, անսպառ էներգիայով, իրեն հատուկ իմաստնությամբ ու համով զրույցներով…. Արցախցիների սիրելի Մաեստրոն է՝ Գևորգ Մուրադյանը:

Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,  Արցախի ժողովրդական  արտիստ  Գևորգ Մուրադյանն այսօր նշում է իր 75 ամյակը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության անունից սրտանց ու ջերմորեն շնորհավորում ենք Մաեստրոյին, մաղթում քաջ առողջություն, երկար  տարիների կյանք, անսպառ եռանդ ու լեփ-լեցուն դահլիճներ:

2004թ. Մաեստրոն եկավ Արցախ՝ որոշման մեջ շատ վճռական. «Արցախ պիտի գան միայն գործին նվիրյալ մարդիկ»: Արցախ գալու համար նա մերժել էր արտասահմանում աշխատելու մի շարք գրավիչ առաջարկներ:

 Կամերային նվագախմբի ստեղծմամբ և Գևորգ Մուրադյանի կողմից դրա ղեկավարմամբ Արցախում հիմք դրվեց դասական երաժշտության հանդեպ նոր վերաբերմունքի, նոր մշակույթի ձևավորմանը: Կամերային նվագախումբն իր գործունեությունը սկսեց չունենալով համապատասխան թվով երաժիշտներ: 12 երաժիշտներ հրավիրվեցին ՀՀ-ից, բայց բուռն էր Մաեստրոյի ցանկությունը՝    ունենալու «զուտ արցախյան  նվագախումբ»:Եվ արցախյան հանրությանը դասական երաժշտությամբ սնուցելուն  զուգահեռ  Մաեստրոն քայլ-քայլ իրականացրեց նաև իր երազանքը. այսօր արդեն Արցախի կամերային նվագախմբում նվագում է Մաեստրոյի դպրոցն անցած նոր սերունդը:

Մաեստրոյի ղեկավարմամբ կամերային նվագախմբի յուրաքանչյուր համերգ իսկական  տոն է  արցախյան հանդիսատեսի համար:  Եվ պատճառը միայն այն չէ, որ բարձրակարգ կատարումներով ներկայացվում են հայկական և համաշխարհային հեղինակների գործեր: Մաեստրոյի և հանդիսատեսի անմիջական շփումն է առանձնահատուկ ջերմացնում դահլիճն ու  հաջորդ հանդիպումների հաճելի սպասման առիթ դառնում: Կարճ ժամանակում Գևորգ Մուրադյանը դարձավ իսկական ժողովրդական արվեստագետ, առանց կոչումների: Չուշացավ նաև դիրիժորի՝ ժողովրդի անմնացորդ սերը հաստատող պետական պարգևը: 2017թ.-ին Գևորգ Մուրադյանին շնորհվեց Արցախի ժողովրդական արտիստի կոչում:

 «Դահլիճն ամենաուժեղ չափորոշիչն է: Հանդիսատեսին չես կարող պարտադրել, որ բարձր ծափահարի կամ «բրավո» գոռա: «Բրավոն» հանդիսատեսի  ներքին ճիչն ու ոգևորվածությունն է: Դա արտիստի համար ամենամեծ բերկրանքն է»:

Այսօր էլ նվագախումբը շարունակում է իր գործունեությունը Մաեստրոյի մշակած նոր ռազմավարությամբ ու իրեն հատուկ լավատեսությամբ. «Ինձ մեկ-մեկ քն­նա­դա­տում են դրա հա­մար: Բայց չէ՞ որ լա­վա­տե­սու­թյունն է կյան­քի շար­ժիչ ու­ժը: Շա­տերն ինձ հարց են տա­լիս` գնում եք Ար­ցա՞խ, կամ այս­տեղ` հե՞տ եք ե­կել: Բա ի՞ նչ պի­տի ա­նեմ: Ես այս­տեղ ա­ռա­քե­լու­թյուն ու­նեմ: Նպատակ ունեմ նվագախումբը դարձնել սիմֆոնիկ: Եթե սիմֆոնիկը ստեղծվի, ինչ-որ մի տեղ ես իմ առաքելությունը կատարած կհամարեմ:»

Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, 1986-1987 թվականներին կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991 թվականին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004 թվականին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի Ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից։ Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Պարսկաստանում և Խորհրդային միության քաղաքներում։ 2012 թվականին նրա ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում, 2013 թվականին՝ Մոսկվայում, 2015 թվականին՝ ԱՄՆ Լոս Անջելես և Բոստոն քաղաքներում: