ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը

69 տարեկանում կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԼՂՀ վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցություն է հայտնում Վարդգես Բաղրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: Վարդգես Բաղրյանը ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական գործիչ էր: Եղել է ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր, ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար։ 1999-2005 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 2005-2007թթ. «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենն էր, 2007-2008 թվականներին՝ նույն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը։ 2008 թվականին եղել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար։ 2007 թվականին արժանացել էր ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչմանը։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր էր, «Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, ԼՂՀ ժուռնալիստների, ՀՀ և ԱՀ գրողների միությունների անդամ։ Հեղինակել է «Ավո», «Ֆենոմեն», «Չընդհատվող թռիչք», «Սեգո» «Տեսադաշտ»,«Ղարաբաղյան ազատամարտի լուսաբանումը Արցախի հեռուստատեսությամբ», «Ես կառուցում եմ իմ հողի վրա» գրքերն ու «Թերթելով պատմության էջերը» ֆիլմաշարը: 2014թ-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է Վարդգես Բաղրյանի «Ես մնում եմ» պիեսը: Այն սիրվեց հանդիսատեսի կողմից և այսօր էլ առավել քան արդիական է։ Վարդգես Բաղրյանին բախտ էր վիճակվել մասնակցել Շուշիի ազատագրմանն ու լուսաբանել այդ բաղձալի իրադարձությունը։ Կյանքից հեռացավ բերդաքաղաք Շուշիի կորստի ցավով, բայց մեծ հավատով, որ մի օր անպայման իր թոռներին նորից տանելու է Շուշի: «Ճշմարտության համար պետք է պայքարել։ Պարտվելու է նա, ով հոգնելու է այդ պայքարից»։ Վարդգես Բաղրյան

hyArmenian