ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայրենիի օրվա առթիվ պարգևատրվել են մի խումբ ուսուցիչներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայրենիի օրվա առթիվ պարգևատրվել են մի խումբ ուսուցիչներ

Արցախի դպրոցներում Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները ավանդական բնույթ են կրում : Վերջին տարիներին համավարակով և պատերազմով պայմանավորված՝ գուցեև փոխվել  է միջոցառման անցկացման ձևաչափը, նույնն է մնացել  նպատակը՝  ունենալ  հայեցի ոգով դաստիարակված սերունդ:

 Այսօր՝ փետրվարի 22-ին,  ԱՀ  ԿԳՄՍ նախարար  Անահիտ Հակոբյանը պարգևատրել է մի խումբ ուսուցիչների՝  կարևորելով  հայապահպանության գործում    ունեցած  նրանց  դերը:

Մայրենիի օրվան նվիրված հանրապետական մրցույթում  հաղթող ճանաչվելու համար ԱՀ ԿԳՄՍ նախարարության առաջին կարգի դիպլոմով պարգևատրվել  է Հադրութի միջնակարգ հոսքային դպրոցը: Պատվոգրերի են արժանացել  Մարտունու շրջանի Գիշիի և Ճարտարի դպրոցները:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի արժանացան  ուսուցիչեր, ովքեր տարվա ընթացքում  աչքի են ընկել  ակտիվ  գործունեությամբ:  Մատաղ սերնդի հայեցի ոգով կրթելու և հայակերտման գործում ունեցած ավանդի համար  ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով պարգևատրվել են Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սարումյանը, Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան N 9 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Արմինե  Հայրապետյանը և Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Նանար Գևորգյանը: 

Ստանձնած առաքելությունը պատվով կատարելու համար ԱՀ  ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը  շնորհակալություն հայտնեց  ուսուցիչներին. «Ցանկանում եմ, որ նույն ոգով շարունակեք ձեր ստեղծագործ աշխատանքը, բարձր պահեք մեր մարտական տրամադրվածությունը , հայեցի ոգին ամրակայեք մեր սերունդների մեջ:»

«Շնորհակալ ենք,  որ այս ծանր ու դժվար օրերին կատարում եք ձեր առաքելությունը,  որ երբեմն  անարդարություններ հաղթահարելով , բայց ի շահ հայրենիքի, ի շահ հայապահպանումի  շարունակում եք ձեր գործը», – իր խոսքում  նշեց  ԱՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը: