ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդես՝ նվիրված Արթուր Մկրտչյանի 63-ամյակին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդես՝ նվիրված Արթուր Մկրտչյանի 63-ամյակին

ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մասին անսպառ պատմությունները, հուշերը, Արցախյան շարժման ընթացքում որպես ռազմական, քաղաքական գործիչ նրա ունեցած դերակատարության վերարժևորումը, Արթուր Մկրտչյանի ֆենոմենի բացահայտումն այսօր՝ փետրվարի 21-ին, հերթական անգամ մի խումբ մարդկանց հավաքել էր Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:

Արթուր Մկրտչյանի լուսանկարները, նրան վերաբերող փաստաթղթերը, ցուցադրված անձնական իրերը և նրա հասցեին հնչող հպարտության ու խոնարհումի խոսքը հայրենիքի նվիրյալի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ էին: Արթուր Մկրտչյանի կենսագործունեության հակիրճ ներկայացմամբ թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը բացեց հուշ-ցերեկույթը:

Ցուցադրությանը ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ Արցախն ու հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք էլ չեն ունեցել: Արթուր Մկրտչյանը նրանցից էր: «ԼՀՂ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկտրչյանը կարողացավ Արցախի Հանրապետության կերտման ճանապարհին ունենալ եզակի ավանդ: Մենք պարտական ենք նման գործիչներին:»

«Արթուր Մկրտչյանն այնքան լուսավոր ու պայծառ անհատ էր, որ նրա մասին պատմությունները իրեն մոտիկից չճանաչողներին կարող են հեքիաթ թվալ». Արթուր Մկրտչյանի այրին՝ Գոհար Մկրտչյանը հուզմունքով մի քանի դրվագ պատմեց ամուսնու մասին:

ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանի համոզմամբ, Արթուր Մկրտչյանը բիրտ քաղաքականության մեջ բարոյականություն բերեց. «Նա բնականորեն ընդունվեց ժողովրդի կողմից, որովհետև ինքը դրսից չեկավ որպես ղեկավար: Նա հենց Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից էր: Ժողովրդի հետ միասին պայքարեց, նրա հետ միասին ապրեց նույն ցավերով և բնականորեն եկավ պետության գլուխ»:

Ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ առանձնակի կարևորեց Արթուր Մկրտչյանի ՝ որպես ազգագրագետ-գիտնականի ավանդը: Արթուր Մկրտչյանին նվիրված ցուցադրությունը գործելու է մինչև նրա մահվան օրը՝ ապրիլի 14-ը: