ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վազգեն Օվյան-90 – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վազգեն Օվյան-90

Փետրվարի 19-ին՝  հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  ծննդյան և գիրք նվիրելու օրը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված միջոցառումը հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանի 90-ամյակին էր նվիրված: 

Միջոցառման մասնակիցները կիսվեցին  Օվյանի հետ կապված պատմություններով և հուշերով, վերստին արժևորեցին  հեղինակի գրիչն ու թողած գրական ժառանգությունը:  ԱՀ ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը կարդաց Վ․ Օվյանի ստեղծագործություններից, շարքը  շարունակեցին  երիտասարդները։

Հուշ-ցերեկույթն ավարտվեց   փոխադարձ գիրք նվիրելու արարողությամբ: Միջոցառմանը ներկա ասմունքողները նվեր ստացան Վազգեն Օվյանի գրքերից, իսկ գրադարանի և ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զինաիդա Բալայանի կողմից գրքեր ստացավ բանաստեղծի որդին՝ Վարդգես Օվյանը։

Վազգեն Օվյանը ծնվել է 1932թ. հունվարի 6-ին: Վազգեն Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1948 թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում։ 1961 թվականին լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները՝ «Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զևս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք»,  «Ղարաբաղ եմ ասում…», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ և փառք, և անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» և այլն, արտացոլում էին խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը ու  բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին և մնացել էին անտիպ։ Հետմահու լույս են տեսել «Եվ Պըլը Պուղին  մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը: Հետմահու Վազգեն Օվյանը  պարգևատրվել է  Մեսրոպ Մաշտոց շքանշանով: