ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 63 տարեկան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 63 տարեկան

«Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է

 դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական

 էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»:

Արցախի  քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 63 տարեկան: Դժվար է ասել՝ ինչպիսին կլիներ Արցախի  այսօրը, եթե նա լիներ և  ինչպիսին կլիներ նա… Թեպետ, նրան ճանաչողները կպնդեն, որ նա կլիներ նույն բյուրեղյա մաքրության տեր անձնավորությունը, ով  արդարամտությամբ, անկեղծությամբ, գործին ու երկրին  նվիրվածությամբ կվարակեր շրջապատին, նա կլիներ նույն հայրենասերը՝ կիրթ, զարգացած, մարդկանց գաղափարի ու իր շուրջը հավաքելու նախանձելի կարողությամբ, լավ  ղեկավարի ունակություններով ի վերուստ օժտված, Արցախյան շարժման առաջամարտիկ, իր հասարակության սերն ու հարգանքը վայելող Արթուր Մկրտչյանը:

Ծնվել է 1959 թ. փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։

1976  թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1981-1983  թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանում որպես տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։

Արցախյան Շարժման ակտիվ մասնակից էր, ՀՅԴ անդամ: 1992 թվականի հունվարին ընտրվել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։