ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն փետրվարի 12 –ին նշվում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է փետրվարի 10-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում:  Ուսանողների և ֆիզմաթ դպրոցի աշակերտների մասնակցությամբ Շուշիի կերպարվեստի թանգարանը տոնին ընդառաջ ցուցահանդես և տոնի խորհրդանշական նվերների պատրաստման վարպետության դաս էր կազմակերպել:

Միջոցառումը, որ արմատներին վերադառնալու, ազգային և հոգևոր արժեքները գնահատելու գաղափար ուներ, նաև հնարավորություն էր երիտասարդների համար սովորելու և բուն տոնին  ձեռագործ ու հեղինակային նվերներով սիրելիներին ուրախացնելու:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ներսես քահանա Ասրյանը, ով երիտասարդներին ներկայացրեց տոնի խորհուրդը:

Սուրբ Սարգիսը համարվում  է սիրահարների պահապան, ճանապարհին վտանգվածների ապավեն և արագահաս օգնականը բոլոր նեղյալների: Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում տեղի կունենա նաև այսօր՝ փետրվարի 11-ին՝ ժամը 18:00-ին, Ս.Շահումյանի անվան Օղակաձև պուրակում: