ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկան հասակում  փետրվարի 4-ին երկրային կյանքին  հրաժեշտ տվեց  կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն իր  վշտակցությունն ու  զորակցություն է հայտնում սիրված կոմպոզիտորի ընտանիքին,  հարազատներին, ընկերներին, նրա արվեստի երկրպագուներին։

Մաեստրոն ստեղծեց իր  արվեստն ու հավատարիմ մնաց երգարվեստի մեջ իր սկզբունքներին՝ անկախ իրավիճակների ու  ժամանակի վայրիվերումներից։ Նրա ստեղծագործություններով ու դպրոցով (Հայաստանի Երգի պետական թատրոն) սկսվեց հայ ժամանակակից էստրադայի նոր փուլ՝  նոր  որակով, մաքուր ու թարմ, խորը  ասելիքով ։ Նա բացահայտում  էր երիտասարդ տաղանդների կամ  ուղղակի ստեղծում  նրանց, զարգանալու և ինքնադրսևորման հնարավորություններ տալիս՝ դառնալով  նրանց կյանքի ու գործունեության ուղեկիցը, ուղղորդողը, քննադատն ու երկրպագուն, հաճախ էլ՝ հարազատը։

Անթաքույց ու խորն էր Արցախի հանդեպ տածած զգացմունքը․ Արցախը նրա  համար եղել է ոգեշնչման ու անմնացորդ սիրո  աղբյուր, «կյանքի գլխավորն ու կարևորը»։ Արցախի հետ անքակտելի կապը ծնունդ է տվել երգերի, որոնք դարձել են իսկական հիթեր՝ մաեստրոյի հոգեթով մեղեդիով ու սրտաբուխ բառերով։ «Արցախ»երգը , որ գրվել է 1986-ին, յուրաքանչյուր արցախցու ու  Արցախն իր մեջ կրող ամեն հայի շուրթին է՝  մինչ այսօր  նույնքան արդիական  ու առավել հուզիչ(«․․․հաց ես դու հոգուս համար,իմ սեր Արցախ․․․»)։

Արթուր Գրիգորյանի ստեղծած ինքնատիպ ու լուսե մեղեդին այսուհետ կհարստացնի հայ երաժշտարվեստի ոսկե ֆոնդը, իսկ արվեստագետի ու երաժշտի նրա  անբիծ կերպարը՝  իր արվեսի երկրպագուների հուշերի պահոցը։

Ծնվել է 1958 թվականին, Երևանում։ Արմանտներով արցախցի է ։ Երաժշտությունն ի սկզբանե կանխորոշել է նրա կյանքի ուղին։ Ստացել է երաժշտական կրթություն։ Սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։

1992 թվականին  Արթուր Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

1994 –ին հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։

Հեղինակել է  մի շարք մրցանակաբաշխություններ («Այո», «777», «Ասուպ», «Ընծա» ), հեռուստահաղորդումներ ( «Հենց այսպես», «Տես»), «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը։ Նա նաև նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

Արթուր Գրիգորյանը «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1–ին աստճանի մեդալակիր էր։ Արցախի իշխանությունների կողմից արժանացել էր ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։