ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ հայր և դուստր՝ Առնոլդ և Աստղիկ Մելիքսեթյանների ցուցահանդեսը Ստեփանակերտում — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ հայր և դուստր՝ Առնոլդ և Աստղիկ Մելիքսեթյանների ցուցահանդեսը Ստեփանակերտում

Դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում կայացավ  հայր և դուստր՝ Առնոլդ և Աստղիկ Մելիքսեթյանների անհատական ցուցահանդեսը:

Կյանքում  զուսպ ու քչախոս արվեստագետը շռայլ է իր արվեստում՝  տաք գույներով  ու բազմաշերտ ասելիքով:

«Նրա  ողջ կյանքն անցել է ստեղծագործական միջավայրում: Նա միշտ կիսվել է իր գիտելիքներով ու հարուստ փորձով, բազմիցս մասնակցել  համատեղ սեմինարների, սիմպոզիումների, ցուցահանդեսների: Նրա աշխատանքները պահանջված են ոչ միայն Արցախում, Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»,- ներկաներին ողջունեց  ու օրվա հերոսին այսպես ներկայացրեց  «Ստեփանակերտի պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ելենա Դադայանը:

Բացման խոքի փոխարեն՝ հեղինակը նախընտրեց պատմել ցուցահանդեսին ներկայացված դիտարժան աշխատանքներից մեկի՝ գորգի մասին:  «Արցախյան շարժման տարիներին Գանձասարի թեմայով  էսքիզներ  ունեի, որոնք հաճախ էին հավանության արժանանում: Օրերից մի օր էլ առաջարկ ստացա  էսքիզների հիման վրա գորգ ստեղծել: Տարիներ անց միայն հաջողվեց այն վերջնական տեսքի բերել: Եվ ահա, այսօրվա ցուցահանդեսին այն իր պատվավոր տեղն ունի»,- պատմում է  Առնոլդ Մելիքսեթյանը:

Ցուցահանդեսին ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին՝  ևս մեկ անգամ Առնոլդ Մելիքսեթյանի վրձնի գույներն ու գեղարվեստական մտածողությունը   արվեստասեր հասարակությանը ներկայացնելու  առիթի համար: «Այսօր խորհրդանշական օր է Ձեզ համար, քանի որ Ձեր աշխատանքների կողքին ցուցադրվում են նաև  Ձեր դստեր՝ Աստղիկի  գործերը: Մենք գնահատում ենք Ձեր ընտանիքի ունեցած ներդրումը  Արցախում արվեստի, մշակութային կրթության զարգացման գործում»,- նշեց Գ.Գրիգորյանը:

Նկարչին շնորհավորելու ու նաև շնորհակալություն հայտնելու էին եկել  ընկերները, Մելիքսեթյանի արվեստը գնահատողները:

«Ցավոք,  մենք միշտ չէ, որ գնահատում ենք մեր արժեքները, ու բողոքում ենք,  որ աշխարհը չի գնահատում մեզ: Առաջին հերթին մե՛նք պետք է գիտակցենք և հետո աշխարհին ասենք,  որ Արցախն ունի ևս մեկ խորհրդանիշ՝ Առնոլդ Մելիքսեթյանը՝ որպես մարդ, որպես արցախցի,  որպես նկարիչ  ու քանդակագործ, որպես գեղագետ: Այս գործերը ոչ միայն արցախյան,  այլ նաև համաշխարհային նշանակության արժեքներ են»,-  շնորհավորելով հեղինակին՝  նշեց լրագրող Միքայել Հաջիյանը:

Արցախում արվեստի և մշակույթի զարգացման,  տարածման գործում ունեցած ավանդի համար «Ստեփանակերտի պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ելենա Դադայանը Առնոլդ Մելիքսեթյանին շնորհեց  պատվոգիր:

Հայր  և դուստր Մելիքսեթյանների  ցուցահանդեսին  ներկա էին  ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, նկարիչներ, արվեստագետներ և արվեստի սիրահարներ:

hyArmenian