ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է

1991թվականին, երբ չկային լույս, գազ, շենքային պայմաներ, կար մեծ գաղափար՝ Կոմիտասով սերունդ դաստիարակելու, արժեքներ ձևավորելու, արմատներին շաղկապվելու գաղափար: Այդ գաղափարն այնքան կենսունակ էր, որ հաղթեց տարաբնույթ, երբեմն անգամ անհաղթահարելի թվացող խնդիրներին: Արդյունքում ծնվեց Արցախի պետական կամերային երգչախումբը, որն արդեն 30 տարեկան է:

Երեկ` դեկտեմբերի 9-ին, Արցախի պետական երգչախումբը Ստեփանակերտի պատկերասրահում հավաքել էր մտերիմներին՝ համերգային փոքրիկ ծրագրով իր 30-ամյակը նշելու: Տանտիրոջ իրավունքով երգչախմբի ղեկավար, դիրիժոր Նինա Գրիգորյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց՝ հոբելյանական երեկոյին ներկա գտնվելու համար ու անկեղծացավ, որ երգչախումբը ոչ թե պարզապես կոլեկտիվ է, այլ մի իսկական ընտանիք, որի հիմքն ամուր է, հավատն` աներեր։

Շնորհավորելով երգչախմբին հոբելյանի կապակցությամբ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն արժևորեց կոլեկտիվի՝ տարիների անմնացորդ աշխատանքը. «30 տարին պատկառելի տարիք է: Այդ 30 տարիների մեջ կա բարձր մշակույթ, կա ճիշտ մշակույթ, հոգիների ազնվացման գործընթաց կա: Դուք այստեղ երգում եք, մենք դրանից ազնվանում ենք, դառնում ենք ավելի հանդուրժող: Ստեղծագործ աշխատանքի 30 տարիների ընթացքում Նինա Գրիգորյանին հաջողվել է ստեղծել այնպիսի մի կոլեկտիվ, որի անունը կապվում է պրոֆեսիոնալիզմի հետ: Երգացանկը շատ բազմազան է, բայց Կոմիտասը գերակշռող է, սա Նինա Գրիգորյանի արժեքային համակարգն է: Եվ ամեն անգամ այն փոխանցվում է հանդիսատեսին»: Նախարարը, գնահատանքի ու շնորհավորանքի խոսքերի հետ մեկտեղ, Արցախի պետական կամերային երգչախմբի ղեկավար, դիրիժոր Նինա Գրիգորյանին հանձնեց նախարարության շնորհակալագիրը:

Երեք տասնամյակների ընթացքում երգչախումբը ձեռք է բերել ընկերներ, ովքեր լավ ու վատ օրերին կոլեկտիվի կողքին են եղել: Նրանց աչքի առաջ է ծնվել ու փոքրիկ քայլերով մեծ հաջողությունների հասել Արցախի պետական կամերային երգչախումբը: «30 տարվա ընթացքում երգչախումբը մեզ և օտարներին ներկայացրել է թե՛ Կոմիտասին և թե՛ համաշխարհային դասականներին, իր զարգացման ճանապարհին երբեք տեղում չի կանգնել: Եթե երաժիշտը, արվեստագետը տեղում դոփում է, ուրեմն նա չի կարող համարվել արվեստագետ: Առաջ գնալը, շարժումն է այն երաշխիքը, որ մարմինն ապրում է : Նինայի գաղափարները շատ են ու հզոր: Եվ վերջին պատերազմից հետո մեզ մնում է գնալ առաջ ու մեր գործը բարձր մակարդակով անել»- անկեղծացավ Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը, որը երգչախմբի կողքին է եղել հենց առաջին օրվանից: «Նինան կարողանում է համախմբել մարդկանց իր և գաղափարի շուրջ: Նա հավատարիմ ու նվիրված է իր կոլեկտիվին և դա փոխադարձ է» ,- այս խոսքերով էլ Նինա Գրիգորյանի դասատուն՝ Կարինե Դադամյանը շնորհավորեց երգչախմբին:

Երեկոյի ավարտին՝ խմբային լուսանկար, որն իր մեջ ամփոփում է երգչախմբի 30 տարիների գործունեությունը, ներկաների անկեղծ ու ջերմ շնորհավորանքներն ու ապագայի հանդեպ հաստատուն հավատը:

hyArmenian