ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ ուշադրության կենտրոնում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ ուշադրության կենտրոնում

Ս․թ․ սեպտեմբերի 9-10 ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ․ Ղարախանյանը Արցախի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սբ․ էջմիածնում կայացած «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագիրը կրող համաժողովին, որին ներկա էին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ ու հասարակական գործիչներ տարբեր երկրներից։Համաժողովի հիմնական նպատակը Արցախի Հանրապետության պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի մասին վկայող փաստարկները համակարգված ներկայացնելն է, ինչպես հանրության դատին, այնպես էլ միջազգային համապատասխան կառույցներին, որպեսզի ի վերջո գործնական միջոցներ ձեռնարկեն այն կանխելու ուղղությամբ։ Արցախից ժամանած պատվիրակության կազմում էին նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դ․ Բաբայանը, ԱՀ ՄԻՊ Գ․Ստեփանյանը, ովքեր հանդես եկան առանձին ելույթներով։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ․ Ղարախանյանն իր ելույթում նշեց, որ պետական մակարդակով ակնհայտորեն իրականացվող պատմական հուշարձանների ոչնչացումը ունի հստակ իրավական ձևակերպում՝ մշակութային եղեռն: Այն այսօր Ադրբեջանը իրականացնում է բացահայտ՝ անտեսելով միջազգային բոլոր օրենքները: Այն օրենքները, որոնք կյանքի են կոչվել համամարդկային ժառանգության պահպանման առաքելությամբ, և որոնք ընդունվել ու վավերացվել են հենց իր՝ Ադրբեջանի կողմից: Այն ոճրագործությունները, որոնք ներկա ժամանակներում էլ շարունակաբար կատարվում են Արցախի հինավուրց հայկական հոգևոր մշակութային կենտրոն Շուշիում, հստակ նպատակ ունեն վերացնել հայկական հետքը, սպանել հայոց բերդաքաղաքի ֆենոմենը այդ իսկ երկրի համար հավերժ կմնան որպես բարբարոսության ու նախատինքի խարան, որպես հակաքաղաքակրթական, հետադիմական ակտ ու վայրենի վարքի դրսևորում:Լ․ Ղարախանյանը հավելեց, որ ակնհայտ իրողություն է. որտեղ թուրքն է, այնտեղ հայի ոչ միայն գտնվելն է բացառված, այլև նրա մշակույթն է վտանգված: Այո՛, վտանգված է մեր պատմամշակութային ժառանգության հետագա գոյությունը՝ ստեղծված քաղաքական իրավիճակում, ինչն էլ պարտադրում է բոլորիս՝ համատեղել մեր ողջ հնարավորությունները միջազգային, ինչպես մշակութային, այնպես և իրավաքաղաքական կազմակերպությունների միջոցով պղծումից ու ոչնչացումից հնարավորինս փրկելու համամարդկային պատմական այդ ժառանգությունը: