ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աստղագիտությունը պաշտոնապես ոտք է դրել Արցախ. գիտական կենտրոնում աստղադիտական լաբորատորիա է բացվել։ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աստղագիտությունը պաշտոնապես ոտք է դրել Արցախ. գիտական կենտրոնում աստղադիտական լաբորատորիա է բացվել։

Հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում համագործակցել՝ իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ՝ նպատակ հետապնդելով հզորացնել Արցախի գիտական ներուժը:

Հուշագիրը ստորագրեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:

Համագործակցության շրջանակներում Արցախի գիտական կենտրոնում բացվել է աստղադիտական լաբորատորիա, որտեղ կապահովվի աստղագիտության ոլորտում ուսումնական գործընթացի բարձր որակը, այդ թվում, արձագանքելով համաշխարհային միտումներին, կներդրվեն նորարարական մոտեցումներ՝ նպաստելու ուսանողների առաջադիմությանը և մասնագիտական աճին:

Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրինությանը նման հնարավորություն ընձեռելու համար և համագործակցությունը համարեց արդյունավետ:

«Հուշագրի ստորագրումից հետո մենք կկարողանանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում և գիտական համագործակցություն, ինչպես նաև, միմյանց աջակցություն ցուցաբերելով, ներկայացնել համատեղ դրամաշնորհային ծրագրեր՝ աշխատանքներում ներգրավելով լավագույն երիտասարդ մասնագետներին»,- ասել է Ա. Սարգսյանը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի խոսքով՝ Արցախը գիտության մեծ օջախ է, քանի որ աշխարհում շատ ու շատ գիտնականներ հենց Արցախի ծնունդ են:«Այսօրվա մեր նախաձեռնությամբ աստղագիտությունը պաշտոնապես ոտք է դնում Արցախում:Այսուհետ կկազմակերպենք համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կանցկացնենք աստղադիտական դասախոսություններ Արցախի պետական համալսարանում, Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում, ինչպես նաև Արցախի ուսանողները և դպրոցականները հնարավորություն կունենան պարբերական այցեր կատարել Բյուրականի աստղադիտարան:Մենք նաև մասնագետներ կգործուղենք Արցախի գիտական կենտրոն՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով»,- մեզ հետ զրույցում նշել է Ա. Միքայելյանը:

hyArmenian