ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի’ աշակերտներ,

«Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է նոր՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը։ «Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան Բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Այն նախագծային կրթություն է, որը նախատեսված է Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների (ինչպես նաև՝ քոլեջների և ուսումնարանների) համար։Ծրագրի նպատակն ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն է, նրանց մոտ գործնական մտածողության, հետազոտական և վերլուծական հմտությունների ձևավորումն ու զարգացումը, երկրին նվիրված, սեփական ինքնությանն ու արժեքներին հաղորդակից երիտասարդների համայնքի ձևավորումը։ «Այբ» հիբրիդային կրթությունն անցկացվելու է մեծամասամբ առցանց։ Կրթությունն ամբողջովին անվճար է։

Նախատեսվում է ընտրել մինչև 120 մասնակցի։ Մասնակիցներից կկազմվեն նախագծային թիմեր։ Յուրաքանչյուր թիմ կունենա մեկ ղեկավար, որը կուղղորդի և կաջակցի թիմին՝ նախագծի ամբողջ ընթացքում: Կրթական ծրագրի տևողությունը լինելու է 18 ամիս ։ Ծրագիրը մեկնարկելու է 2021 թվականի նոյեմբերի 1-ից և ավարտվելու է 2023-ի մայիսին։«Այբ» հիբրիդային կրթության սկզբունքը գործնական աշխատանքով գիտելիքներ յուրացնելն է։ Աշակերտի շաբաթական զբաղվածությունը լինելու է շաբաթական մինչև 10 ժամ։Կրթական ծրագրի առավելություններն են՝

✅Իրական խնդիրների լուծում,

✅Տարբեր առարկաներից գիտելիքների համադրված կիրառում,

✅«Փափուկ» հմտությունների զարգացում՝ թիմային աշխատանքի միջոցով,

✅Նախագծի ուղղությունից կախված՝ մեկ մասնագիտական առարկայի խորացված ուսուցում,

✅Ապագա մասնագիտությունն ընտրելու փորձադաշտ

✅Քաղաքացիական ակտիվության և հասարակական կյանքին մասնակցության խթանում։

«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրին կարելի է դիմել՝ լրացնելով առցանց դիմումը՝👇https://ahl.ayb.am/։Առցանց դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 29-ը։Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝☎️+ 374 98 543 707☎️+ 374 77 010 863,կամ նամակ ուղարկել 📩hybridlearning@ayb.am էլեկտրոնային հասցեին։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են այս հղումով՝👇https://bit.ly/3Cf7IwP։

hyArmenian