ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տողի մելիքական ապարանք – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տողի մելիքական ապարանք

Դիզակի մելիքների երկհարկանի ապարանք-պալատը Տողի ուշագրավ հուշարձաններից է։ Այն գտնվում է գյուղի կենտրոնում։ Ունեցել է բրգավոր շրջապարիսպ, որը մասամբ է պահպանված։ Կառուցված է Կավաքավանքի մոտակայքից բերված սպիտակ և դեղնավուն մշակված կրաքարերով։ Բարձր պարիսպներով շրջափակված բակում են գտնվում գինու և ջրի մի քանի խոշոր կարասներ, հացահատիկի ստորգետնյա պահեստներ։ Բակի արևելյան թևում տեղադրված են մի շարք թաղակապ, ամբողջովին քարից շինված գլխատներ՝ իրենց երդիկներով, գաղտնարաններով, բուխարիներով, պատուհաններով։ Հյուսիսային մասում երկհարկանի, սրբատաշ ճակատով, գեղեցկաշեն պատշգամբով բնակարանն է, իսկ կամարակապ դարպասի վրա կառուցված է հյուրատունը։ Դարպասից արևելք երկարավուն, սրբատաշ քարով կառուցված պալատն է, որի ներքևի հարկը քարածածկ է, իսկ երկրորդն ունի պատշգամբներ։ Ապարանքի գլխավոր մուտքի շուրջը փորագրված է Մելիք Եգանի ընդարձակ հիշատակագրությունը, տեղական բարբառով և բովանդակալից։ Այդ ամարաթը 18-րդ դարի հայկական բնակարանային շինարարության լավագույն նմուշներից։