ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գտչավանք — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գտչավանք

Իշխանագետից աջ՝ Տողասարի կամ Գտչաբերդի հյուսիսային լանջին է տեղադրված Գտչավանքը, որը տարբեր աղբյուրներում հիշատակվում է Քթիշ, Կսիշ, Գտիչ, Գտավանք անուններով։ Պատմական տեղեկությունները վկայում են, որ այն դեռ վաղ ժամանակներից եղել է Հայոց արևելից կողմանց նշանավոր քաղաքական ու հոգևոր կենտրոններից մեկը։ Գտչավանքը եպիսկոպոսանիստ կենտրոն էր։ XIII դ. կեսերին այն ընդարձակվում է նոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես մելիք Եգանի (Ավանի) իշխանության ժամանական հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկը։ Հատկապես նշանակալից է վանքի բազմադարյան մշակութային կյանքը։ Լինելով Դիզակի հոգևոր մշակութային կենտրոնը, իր դերը հաջողությամբ կատարել է մինչև XX դ. սկիզբը։ Այստեղ էին նստում թեմի եպիսկոպոսները։ Այստեղ էին հավաքված նշանավոր բազմաթիվ գրչագրեր, որտեղ էլ ստեղծվել են բազմաթիվ մատյաններ, որոնց մի մասը պահպանվում է։ Վանքն ավերվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Հին շենքերի հիմքերի վրա, Տեր Սարգիս և Տեր Վրթանես եղբայրները կառուցել են Գտչավանքի գլխավոր եկեղեցին։ Շինարարությունը սկսվել է 1241թ. և ավարտվել 1248թ.։ Գտչավանքում առկա են IX-XVIIIդ. Բազմաթիվ բարձրարվեստ խաչքարեր։ Վանքի արևմտյան կողմում դեռևս պահպանվում են բնակելի շենքերի և պարսպի ավերակները։ Նրա շուրջն է տարածվում գերեզմանատունը, որը մեծ մասամբ ավերված է։

hyArmenian