ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հանդաբերդ» ամրոց — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հանդաբերդ» ամրոց

Ամրոցը տեղակայված է ներկայիս Քնարավան գյուղի մոտ վեր խոյացող ժայռի գագաթին, Լև գետի աջ ափին, գետից մոտ 600մ հարավ։ Ուղղահայաց քարափներով առանձնացված բերդասարին մոտենալու միակ ուղին ձգվում է հարավ-արևմտյան կողմի պարսպապատի տակով և ժայռակերտը նեղ արահետով ամրոցի գլխավոր դարպասին է մոտենում հյուսիսային կողմից։ Ըստ Մ. Կաղանկատվացու, ամրոցը կառուցվել է 9-րդ դ. Երկրորդ քառորդում Սահլ Սմբատյանի որդի Ատրներսեհի կողմից. «Ատրներսեհ շինէ զբերդն Հանդու»։ Ամրոցի ներքին մակերեսը զբաղեցնում է 92 * 60մ տարածություն։ Պարսպապատերի միջին հաստությունը 1,30մ է, իսկ պահպանված առավելագույն բարձրությունը՝ մինչև 8մ։ Ամրոցի արևմտյան կողմում կա մի առանձնացված շինություն-ապարանք, որն ամրոցի առաջին՝ ամենահին շինությունն է։ Տարածքում պահպանվում է նաև մի ավերակ եկեղեցի, հորեր՝ ցորենի, ընդեղենի պահպանության համար, ջրավազաններ և այլն, որոնք ունեն մեծ չափեր և աչքի են ընկնում իրենց խորությամբ (5-8մ)։