ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տեղեկություններ նախադպրոցական կրթության չափորոշիչների մասին

Նախադպրոցական կրթության չափորոշիչը կազմում է վաղ մանկության զարգացման ընդհանուր չափորոշչի բաղադրամաս և սահմանում նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակության նախագծման հիմնական ուղղությունները:

Նախադպրոցական կրթական չափորոշիչների բովանդակությանը պայմանականորեն տարանջատված է ոլորտ-տիրույթների և բաղադրիչների:

Չափորոշիչը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխայի իմացական շարժառիթների խթանմանը, նրա ինքնաճանաչման, ինքնադրսևորման, համակողմանի և ներդաշնակ զարգացման ապահովմանը, առողջ կենսակերպի հիմքերի ձևավորմանն ու սոցիալականացմանը:

Չափորոշիչը մշակվում է «Կրթության մասին» ՀՀ օրենսդրության, հանրակրթության պետական կրթակարգի, վաղ մանկության զարգացման հայեցակարգի և ռազմավարության պահանջներին համապատասխան:

Չափորոշիչը նաև կրթական հիմնական ծրագրերի նպատակների իրագործումը ցույց տվող չափանիշների կատարման ընդհանուր մակարդակն է, երեխայակենտրոն կրթության հիմքը, որը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու երեխաների անձը, հենվելու երեխաների ուժեղ կողմերի վրա և խթանելու համատեղ ուսումնառություն:

Չափորոշիչը որոշակի է, հասանելի, իրատեսական, համապարփակ և ժամկետային:

Չափորոշիչի ներդրումը պարտադիր է նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար:

Չափորոշիչի հասկացությունն ու էությունը

 Չափորոշիչը կանոնակարգող փաստաթուղթ է, որը սահմանում է կրթական ծրագրերի  բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

Չափորոշիչին համապատասխան մշակվում են կրթական ծրագրեր, կանոնակարգող ակտերի նախագծեր, ուղեցույցներ, երաշխավորություններ, հաղորդաշարեր: Չափորոշչի հիման վրա կատարվում են դիտարկումներ և այլն: Այսինքն՝ չափորոշիչը համարվում է հայեցակարգերի, ծրագրերի (այդ թվում նաև վերապատրաստման տարբերակված ծրագրերի), մեթոդական ուղեցույցների մշակման, դրանց գործնականում ներդրման և ինչպես վերը նշվեց, երեխայակենտրոն կրթության իրականացման հիմք:

Չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են՝ երեխաների զարգացման և անհատական առանձնահատկությունների հաշվառումը, խաղի գերակայությունը և խաղային գործունեության, կրթական աշխատանքների անհատականացումը և պլանավորումը, մտքի և խոսքի ազատ դրսևորումը, ծնողների ներգրավումը մանկապարտեզի առօրյայում, երեխաների սահուն տարրական դպրոցի անցման կազմակերպումն ու իրականացումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը, մասնավոր մեթոդիկաների տիրապետումը, զարգացնող առարկայական և ֆիզիկական միջավայրի ապահովումը:

Չափորոշիչի որակական պահանջները սահմանվում են ըստ տարիքի և զարգացման ոլորտների այնպես, որ հասանելի լինի անապահով ընտանիքներին:

Չափորոիչի հիման վրա աշխատանքը ակնկալում է միասնական հենքային դաշտի ստեղծում, կրթական ոլորտի զարգացում և նորացում, կադրերի մասնագիտական կատարելագործում, հիմնական արժեքային հարաբերությունների ձևավորում և այլն:

Չափորոշիչով սահմանված կրթության բովանդակության հասանելիությունն ապահովվում է զարգացման հիմնական ուղղություններին համապատասխան հետևյալ բաղադրիչներով՝ գիտելիք, կարողություն, հմտություն, արժեքային համակարգ:

Նախադպրոցական կրթության պետական կրթական, զարգացման և միջավայրային չափորոշիչները կազմում են վաղ մանկության զարգացման ընդհանուր չափորոշչի բաղադրամասեր և սահմանում նախադպրոցական երեխաների կրթական ծրագրերի բովանդակության նախագծման հիմնական ուղղությունները: Չափորոշչում նախադպրոցական կրթության բովանդակությունը ներկայացվում է պայմանականորեն տարանջատված կրթադաստիարչական ոլորտ-տիրույթների և բաղադրիչների միջոցով:

Չափորոշիչը նաև կրթադաստիարակչական հիմնական ծրագրերի նպատակների իրագործումը ցույց տվող չափանիշների կատարման ընդունված մակարդակն է:

Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմք:

Ըստ չափորոշչի, մշակվում են նաև միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների /բաժինների/ ուսումնական ծրագրեր և ծնողների կրթության ծրագրեր:

Չափորոշչի ներդրումը պարտադիր է նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար:

Չափորոշչին համապատասխան՝

  1. Ստեղծվում է երեխաների անվտանգության, խնամքի ու կրթության համար անհրաժեշտ միջավայր, այդ թվում՝ շենքային ու սանիտարահիգիենիկ պայմաններ:
  2. Մշակվում են նորմատիվ ակտերի նախագծեր, նախադպրոցական կրթության ծրագրեր, ուսումնամեթոդական փաստաթղթեր և նյութեր, այդ թվում՝ երեխաների ծնողների և խնամողների համար երաշխավորություններ, ուղեցույցներ, հանրամատչելի գրքույկներ, պատրաստվում են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ:
  3. Ստեղծվում են միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրեր և պլաններ:
  4. Իրականացվում է նախադպրոցական կրթության բնագավառում աշխատող ղեկավար, մանկավարժական կադրերի ու սպասարկող անձնակազմի պատրաստումը, որակավորումը, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը:
  5. Նախագծվում և արտադրվում են երեխաների տարիքային ու ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան ուսումնական և կենցաղային գույք, խաղալիքներ, դիտողական նյութեր, իրականացվում է դրանց փորձաքննությունը:
  6. Ուսումնասիրվում, վերահսկվում և գնահատվում է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գործունեությունը:
  7. Դիտարկվում, չափորոշվում-հաշվառվում է երեխայի ֆիզիկական, մտավոր, հոգևոր-հուզակամային /էմոցիոնալ/ զարգացման ընթացքն ու մակարդակը:
  8. Իրականացվում է պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը:

Չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքները

Չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքները տրված են հանրակրթության պետական կրթակարգում: Դրանք են՝

  • երեխաների զարգացման առանձնահատկությունների հաշվառում, կրթական աշխատանքի անհատականացման ապահովումը,
  • երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը,
  • ուսումնադաստիարակչական գործունեությունը պլանավորելիս համալիր, բազմակողմանի և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային գործունեության ապահովումը,
  • զարգացնող առարկայական և ֆիզիկական միջավայրի ստեղծման կարևորումը
  • ուսումնադաստիարակչական ծրագրերում խոսքի զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագեղագիտական, հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը,
  • բարեկիրթ վարքի դաստիարակման, ստեղծագործական ունակությունների, ընդունակությունների և  հնարամտության առողջ սովորությունների զարգացման ապահովումը,
  • ուսումնադաստիարակչական գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը, ծնողների ներգրավումը,
  • տարրական դպրոց երեխայի սահուն անցման ապահովումը:

Երեխաները լավ են սովորում այն միջավայրում, որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական և հոգեբանական կարիքները, որտեղ նրանք իրենց պաշտպանված են զգում, գնահատվում են որպես յուրահատուկ անհատներ և ակտիվորեն ներգրավվում հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված խաղերում և աշխատանքներում:

  • Երեխաները ակտիվ սովորողներ են և ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են,
  • Երեխաները սովորում են խաղի միջոցով և խաղում, 
  • Իրենց գիտելիքները և արժեքները երեխաները կառուցում են հասակակիցների, ծնողների և այլ մեծերի հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ֆիզիկական և հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրությունների միջոցով, 
  • Ընտանիքները /ծնողները/ երեխայի առաջին և կարևոր ուսուցիչներն են,
  • Չկա իրար նման երկու երեխա: Երեխաների սեփական փորձը, վերաբերմունքը, հնտությունները և սովորելու ոճը ազդում են նրանց ուսումնառության վրա:

Չափորոշչային վերոհիշյալ սկզբունքներից հետևում է, որ բարձրորակ նախադպրոցական կրթության ապահովման համար կարևորվում են երեխան, ընտանիքը, մանկավարժը, ուսումնական ծրագրերը և կրթության կազմակերպման միջավայրը:

Նախադպրոցական կրթության չափորոշիչներով սահմանվում են այն անհրաժեշտ պայմանները, որոնցում կարող են լիարժեքորեն իրացվել երեխայի ազատ և համակողմանի զարգացման, նրա խնամքի, առողջության պահպանման ու ամրապնդման գործընթացները:

Նախադպրոցական կրթության ծրագրերը մշակվում են չափորոշչին համապատասխան և դիտարկվում որպես հանրակրթության բաղադրիչ՝ ապահովելով երեխայի կրթության շարունակությունը:

Չափորոշիչների կառուցվածքը

  • Ոլորտները (ուսումնառության զարգացման ուղղությունները),
  • Ենթաոլորտները (տյալ ոլորտի բաղկացուցիչ մասերը),
  • Չափորոշիչները սահմանում են տվյալ ենթաոլորտում  երեխայից ակնկալվող վարքագիծը,
  • Ցուցիչները նշում են, թե երեխան ինչ գիտի և ինչ է անում կամ ինչպիսի դիտարկելի վարքագիծ է դրսևորում,
  • Օրինակները բացատրում են յուրաքանչյուր ցուցչի իմաստը:

Չափորոշիչները դասակարգված են ըստ հետևյալ վեց ոլորտների

  1. Շարժողական 
  2. Խոսք և լեզու
  3. Իմացական 
  4. Հուզական, անձնային և սոցիալական զարգացում
  5. Ինքնասպասարկում և անվտանգություն
  6. Վերաբերմունք սովորելու նկատմամբ:

Կադրերի ինքնակրթության կազմակերպումը և մասնագիտական 

զարգացման խնդիրները

Մասնագիտական զարգացումը պահանջում է նախադպրոցական համակարգի մանկավարժների և ղեկավար կադրերի ակտիվ ներգրավում անընդմեջ ուսուցման մեջ և պայմանավորում նրանց ստեղծագործական ներուժի (քազաքացիական դիրքորոշում, իրազեկություն, կազմակերպվածություն և այլն) զարգացումը:

Մանկավարժների գործունեության բոլոր ձևերում կարևոր է մանկավարժների որակավորման բարձրացումը: Մանկավարժների համապատասխան մասնագիտական աճի և որակի ապահովումը նախատեսվում է վերապատրաստման դասընթացների տարաբնույթ ծրագրերով, թեմատիկ պլանավորումներով, սեմինար խորհրդակցություններով, խորհրդատվություններով, առաջավոր փորձի դիտումներով և այլ ձևերով:

Ժամանակը յուրաքանչյուր մանկավարժից պահանջում է ամենօրյա ինքնակրթություն: Նշված միջոցները կարող են ապահովել մասնագիտական և մեթոդական վարպետության, գիտական գրականության վրա ինքնուրույն աշխատելու և ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների ձևավորում: Մասնագիտական հմտությունների ձևավորման նպատակով կազմակերպվում են նաև սեմինար-պարապմունքներ, գործարար խաղեր, քննարկումներ և այլն:

Դասընթացի ընթացքում կամ ավարտական թուլում մասնակիցները կարող են մշակել սեղմագրեր, ռեֆերատներ, պարապմունքների նմուշօրինակներ և այլն:

Ինքնակրթության պլան է ամրագրվում աշխատանքային գործունեության հարթագրման (պլանավորման) մեջ՝ նշելով թեման, աղբյուրները, հիմքերը, կարևոր գաղափարները, կատարման ժամանակը:

Մասնագիտական վարպետությունը պահանջում է հաղորդակցական, ինտելեկտուալ, վերլուծական և կազմակերպչական հմտություններ, գիտելիքներ, փորձ, քննադատական և տրամաբանական մտածողություն:

ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ նպատակաուղղված իմացական գործունեություն է, ինքնակառավարում, որևէ ոլորտի մասին գիտելիքների ձեռքբերում:

Ինքնակրթությունը կարող է լինել երկու տիպի: Մեկն իրականացվում է հաստատության հանձնարարությամբ կամ իր ցանկությամբ, իսկ մյուսը՝ ինքնուրույն, անձնական հետաքրքրություններով: Ինքնակրթության այս տեսակը լինում է ազատ ժամանակ և համարվում ինքնուրույն, ազատ գործունեության մի տեսակ, որը պարունակում է ինքնակրթության տարրեր: իրենց նշանակությամբ ինքնուրույն, ազատ գործունեությունը փոխկապակցված են և չեն կարող գործել առանց իրար: Այս գաղափարը հնարավորություն էտալիս խոսելու նախադպրոցականի ինքնակրթության մասին, որը կապված է մեծերի ուղղակի և միջնորդավորված ղեկավարման, նրանց կողմից ստեղծված առարկայական-զարգացնող միջավայրի և երեխաների ուշադրությունը գրավելու հետ: Երեխաների ինքնակրթության և ինքնուրույն գործունեության մաս են կազմում խաղերը, ընթերցումները, փորձարկումները, այցելությունները մշակութային կենտրոններ: Նշված միջոցները և հատկապես ինքնակրթությունն են դառնում մասնագիտական անընդհատ աճի ու զարգացման հիմնական պայման հետևյալ ձևակերպմամբ՝

«Կթություն ոչ թե ամբողջ կյանքի համար, այլև ամբողջ կյանքում»:

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակությանը, ծնողներին մանկապարտեզի ստեղծագործական կառավարմանը մասնակից դարձնելու, բոլոր օղակների հետ կապը ամրացնելու գլխավոր դերը պատկանում է տնօրենին:

Տնօրենի կազմակերպչական գործունեությունը ներառում է.

  1. յուրաքաքանչյուր աշխատակցի տեղի և դերի որոշումը
  2. աշխատակիցների միջև աշխատանքի հստակ բաժանումը և նրանց պատասխանատվության բարձրացումը
  3. աշխատանքի կատարման ժամանակահատվածի կանոնակարգումը
  4. աշխատանքը կատարող անձանց միջև արդյունավետ կապի ապահովումը
  5. անհրաժեշտ կազմակերպչական հարաբերությունների համակարգի ստեղծումը
  6. ընդունված որոշումների կատարման վերահսկումը:

Տնօրենի խնդիրն է կոլեկտիվի գործունեությունը նպատակաուղղել մանկավարժական խնդիրների լուծմանը, կանոնադրական և ներքին կարգապահական պահանջների կատարմանը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծմանը:

Կազմակերպչական գործընթացը կառուցվում և մեթոդաբանական մշակման է ենթարկվում երեք փոխկապակցված փուլերով:

Առաջին փուլ՝ ըստ տարեկան պլանի ստեղծագործական խմբի հետ խնդիրների մշակում:

Դրանք կարող են լինել ընթացիկ պլանների, հուշաթերթերի, կառուցվածքային սխեմաների տեսքով:

Այս փուլի էությունը ստեղծագործական խմբի ստեղծումն է: Այն կօգնի որոնելու և գտնելու մանկավարժական խնդիրների իրականացման արդյունավետ ձևեր, կազմակերպելու անհրաժեշտ տեղեկատվության ամփոփումը:

Երկրորդ փուլ՝ մշակված ծրագրերի կատարման հստակ ժամկետի և միջոցների, կատարող անձերի որոշակի փոխհարաբերությունների ճշգրտում:

Այս փուլի խնդիրները որոշվում են մանկավարժական խորհրդի նիստերի, խորհրդակցությունների, ժողովների ժամանակ:

Երրորդ փուլ՝ ինչպես դաստիարակների, այնպես էլ սպասարկող անձնակազմի և ծնողների միավորումն է ծրագրերի կատարման գործում:

Այս փուլում կարևորվում է աշխատանքի կատարման արդյունավետության բարձրացման նպատակով խթանիչ միջոցների օգտագործումը: Տնօրենը պարտավոր է նպաստավոր պայմաններ ստեղծել, գնահատել յուրաքանչյուր աշխատակցի կատարածը, գտնել չօգտագործված հնարավորություններ, հետևել աշխատանքի ընթացքին:

Տնօրենը ավագ մանկավարժի հետ պետք է մշակի կազմակերպչական կատարողական համակարգ՝ ինչի՞ պետք է հասնել, ի՞նչ պետք է անել և կարելի է անել, ե՞րբ, ո՞վ:

Հանձնարարությունները կարող են լինել մշտական կամ բացառիկ: Երկու դեպքում էլ պետք է հստակ նշվի կատարման ժամկետը, անձը և այլ տվյալներ՝ վերահսկման մեջ ներգրավելով փոխարինող կազմը:

Աշխատանքի գիտական կազմակերպման համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, պլանավորել, վերլուծել և հաշվառել աշխատանքը, , հստակեցնել և հաստատուն դարձնել աշխատաժամանակը, անընդհատ բարձրացնել կատարողների մասնագիտական որակները:

Տնօրենի կողմից աշխատաժամանակի ոչ նպատակային օգտագործման պատճառ կարող են հանդիսանալ.

  • նպատակի և խնդիրների հստակչլինելը, գլխավոր խնդրի չառանձնացնելը, անձնական պլանի բացակայությունը, տեղակալների կողմից աշխատանքների ընթացքի չվերահսկվելը.
  • որոշումների ոչ հստակ ձևակերպումները, ծանրաբեռնվածությունը, փոքր հարցերի հարակցումը, կադրերի ոչ լիարժեք կատարելագործումը, դաստիարակների կողմից աշխատանքի գրագետ վերլուծության անկարողությունը. 
  • կազմակերպչական հարցերի և պարտականությունների ոչ ճիշտ բաշխումը, տեղեկատվության պակասը, մանկավարժական գործընթացի վերահսկման անպատրաստվածությունը.
  • խորհրդակցությունների, նիստերի շատ լինելը, դրանք ղեկավարել չկարողանալը, ըստ էության հակիրճ խոսելու անկարողությունը, քննարկումներին մասնակիցների չնախապատրաստված լինելը:

Աշխատաժամանակի ճիշտ բախշման ուսումնասիրության համար կարելի է օգտվել տևական և կարճաժամկետ դիտարկումներից՝ հստակ նշելով աշխատանքի բովանդակությունը, սկիզբը և ավարտը: Սա օգնում է գտնելու և վերացնելու անարդյունավետ աշխատանքի պատճառները:

Կարելի է գրառումներ կատարել նոթատետրում՝ յուրաքանչյուր շաբաթը սկսելով նոր տողից:

Շաբաթական երեքից  չորս ժամ կարելի է հատկացնել մեթոդական աշխատանքին, մեկ ժամ մանկավարժական ակտիվին/ավագ դաստիարակ, հմուտ, ստեղծագործող մանկավարժներ/, դաստիարակների, աշխատակիցների ընդունելություն՝ օրական 0.5 ժամ, փաստաթղթերի լրացում՝ շաբաթական 1-1.5 ժամ, վարչական աշխատակազմի անդամների հետ անհատական աշխատանք օրական 1 ժամ, օրվա կատարած աշխատանքի ամփոփում, հաջորդ օրվա պլանի կազմում ամեն օր 0.5 ժամ, առանձին շահագրգիռ կազմակերպությունների և հիմնարկների հետ կապ շաբաթական 6 ժամ, չպլանավորված միջոցառումներ, լրացուցիչ ժամանակ՝ օրական 0.5-1 ժամ:

Կարևոր է չմոռանալ, որ պլանները օրգանապես կապված պետք է լինեն մյուս փաստաթղթերի հետ: Գլխավոր հարցերը պլանավորել օրվա առաջին կեսում՝ առանձնացնելով հատուկ օրեր և ժամեր:

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

1. Մանկավարժների մասնագիտական գործունեության վերլուծություն

2. Մանկավարժական գործընթացի ընթացքի դիտում

3. Զրույց երեխաների, դաստիարակների հետ

4. Երեխաների զարգացման մակարդակի դիագնոստիկայի գրաֆիկական մեթոդ

5. Երեխաների աշխատանքների ուսումնասիրություն

6. Մանկավարժների ինքնահաշվետվություն

7. Փաստաթղթերի վերլուծություն

8. Դիդակտիկ նյութերի, առարկայական զարգացնող միջավայրի վերլուծություն

9. Վիճակագրական տվյալների վերլուծություն:

Նախադպրոցական ուսումնական հաստատության 

աշխատանքի պլանավորումը

Նախադպրոցական ուսումնական հաստատության կոլեկտիվի աշխատանքը իրականացվում է հաստատության աշխատանքային պլանին համապատասխան: Ցանկացած պլան կառուցվում է ընթացիկ և առաջիկա (հեռանկարային) աշխատանքների միասնության մեջ նվազագույն ջանքերի ներդրմամբ՝ կոնկրետ նպատակներին հասնելու, վերջնական որոշումների կայացման բարձր արդյունավետությամբ: 

Պրակտիկան ցույց է տալիս, որ պլանն արդյունավետ է միայն այն դեպքում, եթե այն հենվում է մանկավարժական գիտության նվաճումների, առաջավոր փորձի ուսումնասիրության, տվյալ փուլում ծառացած և հեռանկարային խնդիրների հաշվառմամբ:

Տնօրենի ղեկավարման գործունեության կատարելագործումը պայմանավորված է աշխատանքի մոդելավորման և խելամիտ պլանավորման հետ:

Տարեկան պլանները առավել հաճախ ծանրաբեռնվում են միջոցառումներով, որոնք սովորաբար միմյանց հետ քիչ կապ ունեն և չեն արտացոլում աշխատանքի ամբողջական համակարգը՝ ի հայտ եկած գլխավոր պրոբլեմների ուղղությամբ:

Այս բոլորը բացատրվում է ուսումնադաստիարակչական աշխատանքների գործընթացի խոր և համակողմանի վերլուծության բացակայությամբ:

Որո՞նք են ղեկավարման և կառավարման ընդհանուր սկզբունքները:

1. Պլանը պետք է լինի կոնկրետ, իրագործելի:

Հետևողական պլանավորելով աշխատանքը՝ ղեկավարը սահմանում է կոնկրետ ցուցանիշներ, որոնցով հնարավոր է ստուգել դրանց կատարումը: Լավագույն պլանը բնութագրվում է մանկավարժական նպատակասլացությամբ, նախապես մտածված միջոցներով:

2. Պլանում պետք է սերտորեն կապված լինեն միջոցառումները, որոնք վերաբերում են կոլեկտիվի գործունեության բոլոր կողմերին:

3. Պլանի յուրաքանչյուր բաժինը պետք է պարունակի այնպիսի գործողություններ, որոնք ուղղորդված են նախադպրոցական հաստատության աշխատանքի բարելավմանը՝ հաշվի առնելով այդ հաստատության առանձնահատկությունները:

4. Պլանավորման համակարգային և համալիր մոտեցումը ենթադրում է, որ պրոբլեմների լուծումը պետք է հետամուտ լինի կադրերի հետ տարվող աշխատանքի տարբեր ձևերին:

5. Պլանը պետք է լինի օպտիմալ: Դա նշանակում է, որ պլանավորման ժամանակ պետք է կիրառվեն տարբեր ձևեր, մեթոդներ և մոդելներ հեռանկարային զարգացման համար:

Հաստատության աշխատանքի տարեկան պլանը ներառում է ուսումնական տարվա արդյունքների մանկավարժական վերլուծություն, նպատակները և ուղղությունները, հաջորդ տարվա համար միջոցառումները այդ նպատակին հասնելու համար: Հաստատության ղեկավարները մեթոդական աշխատանքի պլանավորման ժամանակ վերլուծում է յուրաքանչյուր դաստիարակի մանկավարժական գործունեության արդյունքները, որոնք ի հայտ են եկել երեխաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների դրսևորման ժամանակ:

Այսպիսով՝ սահմանվում են մանկավարժական գործընթացի կազմակերպման և արդյունքի պատճառահետևանքային կապերը: Միայն դրա հիման վրա հնարավոր է որոշել կոլեկտիվի աշխատանքի նպատակներն ու ուղղվածությունը, պլանավորել կադրերի հետ տարբերակված աշխատանքը: Ընդ որում, ղեկավարվելով ժողովրդավարական սկզբունքներով, մանկավարժական վերլուծությունը նպատակահարմար է անցկացնել կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին ընդգրկելով: Դաստիարակները վերլուծում են մանկապարտեզի կրթական համալիր ծրագրով նախատեսված ուսուցման և դաստիարակության ծրագրային խնդիրների յուրացումն իրենց խմբում և դրանց զարգացումն ամբողջությամբ, այն շարադրում ղեկավարի հետ նախնական զրույցի ժամանակ: Մոդելավորելով այդ աշխատանքն ամբողջությամբ, ուստարեվերջին հաստատության ղեկավարը կազմում է զրույցի անցկացման գրաֆիկ, ծանոթացնում բոլոր աշխատակիցներին, բացահայտում, թե ինչպես պետք է նախապատրաստվեն: Երկու դաստիարակներ, հիմք ունենալով կրթական ծրագիրը, միասին քննարկում և յուրաքանչյուր բաժնի գծով գնահատում են իրենց աշխատանքի արդյունքները տվյալ ուստարում: 

Տնօրինությունը (տնօրենը և մեթոդիստը) նույնպես պատրաստվում են այդ զրույցին, միաժամանակ դիտարկելով խմբում կատարած այցելությունների վերաբերյալ իրենց գրառումները, թեմատիկ ուսումնասիրությունները, երեխաների հետ տարված զրույցները:

Գործնական զրույցի և երկխոսության միջոցով վեր են հանվում արդյունքները, ճշտվում դաստիարակի ինքնագնահատականը, ինչպես նաև ղեկավարի փորձագիտական գնահատականը: Արդյունքները գրանցվում են «Մանկապարտեզի կրթական ծրագրի» իրականացման գծապատկերում, որտեղ գնահատվում է ծրագրի յուրաքանչյուր բաժինը:

Գրաֆիկով պարզ է դառնում, թե արդյոք որ բաժիններն են իրագործում ոչ պատշաճ մակարդակով, հետևաբար այդ բաժինները պետք է դառնան հաջորդ ուսումնական տարվա համար հիմնական ուղղություն: Գծապատկերի հիման վրա կարելի է կառուցել կադրերի հետ տարվող աշխատանքների համակարգը հաջորդ տարում: Այսպիսով՝ մանկավարժական խորհրդի նիստի հանրագումարային արդյունքներով պետք է տրվեն կրթադաստիարակչական աշխատանքների խոր և համակողմանի վերլուծության, որի հիման վրա պետք է կանխորոշվեն աշխատանքի որոշակի հիմնական ուղղությունները հաջորդ տարվա համար:

Մանկավարժական վերլուծությունը մանկավարժական գործընթացների միջև պատճառահետևանքային կապի բացահայտումն է (այն ներառում է աշխատանքի ձևերն ու մեթոդները, ոճը, մանկավարժական աշխատանքի տեխնիկան, տեխնիկական հագեցվածությունը և այլն) մանկավարժական գործունեության արդյունքների ամրագրումը:

Կարևորագույն պահանջներից մեկը հաստատության կոլեկտիվին ուսումնական տարվա հիմնական ուղղությունների և միջոցառումների մասին իրազեկելն է: Այդ իսկ պատճառով տարեկան պլանը մանկավարժական խորհրդում հաստատվելուց հետո պետք է ներկայացվի տեսանելի տեղում, վահանակի վրա: Ներկայացման ձևը կարող է լինել տարբեր՝ գրաֆիկական, գծապատկերային և այլն: Տարեկան պլանից ելնելով՝ յուրաքանչյուր աշխատակից պետք է պլանավորի իր աշխատանքը:

Առաջարկվում է կադրերի հետ տարվող աշխատանքի ամսական պլանի տարբերակներ.

1-ին տարբերակ – Պաշտոնային պարտականությունների հաշվառմամբ հաստատության ղեկավարը պլանավորում է աշխատանքը յուրաքանչյուր ամսվա համար:

Այս դեպքում, եթե պլանավորման մեջ փոփոխություն է տեղի ունենում, պլանի հակառակ երեսի վրա նշագրում է կատարվում, որը հնարավորություն է տալիս այդ աշխատանքը տեղափոխել հաջորդ ամիս: Այս պլանավորման առավելությունն այն է, որ ցանկացած ժամկետի վերջում (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) ղեկավարը կարող է հեշտությամբ վերլուծել իրականացված աշխատանքը, առանձնացնել այն պահերը, որոնք նա հաշվի է առնում և համաչափորեն բաշխում հաջորդական աշխատանքը:

2-րդ տարբերակ – Ուսումնական տարվա սկզբում ղեկավարը կազմում է տնօրենի գործունեության հիմնական տեսակների բաշխումը, այնուհետև օգտվում է գրառումների տետրից, որտեղ պլանավորվում է ընթացիկ գործերն ամսվա ընթացքում:

Մանկապարտեզի կրթադաստիարակչական գործընթացի 

վերահսկողության բովանդակությունը

Վերահսկողությունը մանկապարտեզի տնօրենի ղեկավարման գործունեության գործառույթներից մեկն է:

Իր նշանակությամբ վերահսկողությունը բազմաֆունկցիոնալ է, որը հնարավորություն է տալիս ստուգել յուրաքանչյուր ստորաբաժանման պարտավորությունների կատարումը, խմբերում ուսումնադաստիարակչական գործընթացի վիճակը, կանխարգելել հնարավոր շեղումները:

Վերահսկողության գործընթացում որոշվում է նաև մանկավարժական կադրերի ուսուցման խնդիրը: Ղեկավարը տալիս է խորհուրդներ, հանձնարարականներ, վկայակոչում առաջավոր փորձի օրինակներ:

Տնօրենը պետք է հիշի, որ արդի պայմաններում մանկավարժի գործունեության վերահսկողությունը՝ ինքնավերլուծության, ինքնագնահատականի և ինքնաստուգման համադրման հետ մեկտեղ է տալիս դրական արդյունք: Դաստիարակի աշխատանքը ստեղծագործական է, ուստի նրա աշխատանքի վերահսկողության կազմակերպման ձևի հանդեպ պետք է ցուցաբերել տարբերակված մոտեցում:

Կան մանկավարժներ, որոնց պետք է միայն ուղղորդել նոր գաղափարներ և պետք չէ ուժեր վատնել մանր ստուգումների վրա, քանի որ խոսքը գնում է «իրենց գործի վարպետների» մասին: Առանձին դաստիարակներ կարիք ունեն միայն մեթոդական վերահսկողության: Կան դաստիարակներ, որոնք ունեն կոշտ վերահսկողության կարիք:

Նման տարբերակային մոտեցումը առավել օպտիմալ է:

Հաջորդ պահանջը վերահսկողության պլանայնությունն ու հրապարակայնությունն է:

Վերահսկողության առավել տարածված ձևերը 3-ն են.

Օպերատիվ, թեմատիկ, հանրագումարային:

Օպերատիվ վերահսկողությունը բաժանվում է.

Նախազգուշական, համեմատական, դիագնոստիկ և այլն:

Օպերատիվ ստուգման առանձնահատկությունն այն է, որ դրա օգնությամբ կարելի է առանձին մանկավարժների կամ կոլեկտիվի աշխատանքում վերացնել աննշան շեղումները խորհրդատվության և հանձնարականների միջոցով:

Ուստարեվերջին ստացված նյութերը կարող են օգտագործվել ամփոփիչ մանկխորհրդում:

Թեմատիկ ստուգման և վերլուծության գլխավոր առարկան՝ երեխաների հետ տարվող մանկավարժական աշխատանքի համակարգն է՝ ծրագրի մեկ բաժնի շրջանակներում:

Երեխաների հետ տարվող աշխատանքների վիճակի ուսումնասիրությանը նախապատրաստվելիս կազմվում է հակիրճ պլան, որտեղ նշվում է ստուգման նպատակը, ժամկետները, տարիքային խմբերը, պատասխանատուները, ստուգման մեթոդիկան: Թեմատիկ ստուգման պլանի հետ մանկավարժական կոլեկտիվը ծանոթանում է նախապես:

Թեմատիկ ստուգման արդյունքների և համակողմանի վերլուծության հիման վրա ընդունվում է կոնկրետ գործողությունների պլան, որն արտացոլվում է մանկավարժական խորհրդի նիստերի որոշումներում:

Էական նշանակություն ունի նաև հանրագումարային ստուգումը, որը ղեկավարն իրականացնում է հաշվետու ժամանակաշրջանի (կիսամյակ, տարի) ավարտից հետո: Այն նպատակաողղվում է հիմնական գործոնների համալիր ուսումնասիրությանը, որոնք ներգործում են նախադպրոցական հաստատության աշխատանքի վերջնական արդյունքների վրա: Հանրագումարային ստուգման արդյունքները նպատակահարմար է օգտագործել մանկավարժների հերթական ատեստացիայի ընթացքում:

Սեմինարների, սեմինար-պրակտիկումների նշանակությունը

մեթոդական աշխատանքում

Մանկապարտեզում մեթոդական աշխատանքի ամենաարդյունավետ ձևերն են՝սեմինարները և սեմինար պրակտիկումները:

Եթե սեմինարը լավ է նախապատրաստված (թեման ընտրված է դաստիարակների պահանջարկին համապատասխան, կազմված է պլան, ռացիոնալ որոշված աշխատանքի ժամանակը, մտածված են մանկավարժների հանձնարարականները), ապա վերջնական արդյունքը կլինի բարձր:

Սեմինարները և սեմինար-պրակտիկումները օգնում են կադրերին կատարելագործելու մանկավարժական մասնագիտական վարպետությունը, քանի որ դրանք առաջարկում են յուրաքանչյուրին ակտիվ մասնակցություն: Ահա թե ինչու անհրաժեշտ է մանկապարտեզի տարեկան աշխատանքային պլանում սեմինար-պրակտիկումի թեման որոշել ուստարվա սկզբում: Սեմինարը կարող է բաղկացած լինել 2-3 և ավելի պարապմունքներից, որտեղ համադրվում են պրոբլեմների քննարկումը, նոր գրականության հետ ծանոթացումը, առաջավոր փորձի, գործնական խնդրի իրականացումը, մանկավարժական աշխատանքի տարրերի յուրացումը, գործընկերների աշխատանքի դիտումը:

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

Վերահսկումը կառավարման ամփոփիչ, կարևորագույն գործոնն է: Այն ծառայում է հետադարձ կապերի իրականացմանը:

Տնօրենը պետք է կանխորոշի մանկապարտեզի զարգացման ուղիները, կայացնի հեռանկարային ճիշտ որոշումներ: Աշխատանքի վիճակի դրվածքի բացահայտման գլխավոր միջոցը համարվում է վերահսկումը: Այն կանխատեսում է դժվարությունները, ապահովում կարգուկանոն, աշխատանքային բնականոն փոխհարաբերություններ, հնարավորություն տալիս հետևելու պլանի կատարման ընթացքին: Վերահսկումը ղեկավարման որոշումների ընդունման հիմք է հանդիսանում, կանխում է շեղումները և դրանց պատճառները, որոշում դրանց վերացման ուղիները:

Վերահսկման գլխավոր օբյեկտը կրթադաստիարակչական աշխատանքն է, արդյունքը երեխաների ունակությունների, կարողությունների, գիտելիքների մակարդակը, նրանց դաստիարակված և զարգացած լինելը:

Վերահսկման իրականացմանը ներկայացվող պահանջները.

  1. Տնօրենը պետք է ոչ միայն ստուգի աշխատանքի վիճակը, այլ իրականացնի կրթադաստիարակչական աշխատանքի բոլոր ուղղություններով համակարգված վերահսկում:
  2. Վերահսկման ժամանակ կարևոր է ոչ միայն փաստաթղթերի ամրագրումը, այլ բացթողումների բացահայտումը մշակելով դրանց արդյունավետ միջոցներ:
  3. Վերահսկումը գործնական կլինի ժամանակին իրականացնելու դեպքում:
  4. Պետք է պարզել կրթադաստիարակչական աշխատանքում բացթողման պատճառը ծնող պայմանները՝ գնահատելով կոլեկտիվի բոլոր անդամների մանկավարժական աշխատանքը, այլ ոչ թե սահմանափակվել առանձին փաստերով:
  5. Վերահսկումն ավարտվում է տվյալների ամփոփմամբ:
  6. Անպայման պետք է կատարել վերահսկման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումները:

Վերահսկման գործընթացին ներկայացվող պահանջները.

  1. Մշտական վերահսկողություն՝ ըստ նախապես մշակած ժամանակացույցի:
  2. Կրթադաստիարակչական բոլոր ուղղությունների ներառում:
  3. Կոլեկտիվի անդամների լայն ընդգրկում:
  4. Տնտեսական և մեթոդական լուրջ նախապատրաստվածություն:
  5. Մանկավարժական աշխատանքի բոլոր ուղղությունների կապի ու փոխազդեցության ապահովում:
  6. Վերահսկման իրականացման համալիր ձևերի և մեթոդների կիրառում՝ կախված մանկավարժական աշխատանքի նպատակից, բովանդակությունից, դաստիարակների որակավորումից, կոլեկտիվի անդամների փոխհարաբերությունից:
  7. Վերահսկման հաղորդակցության պահպանում՝ նախապատրաստում, անհրաժեշտ տեղեկատվության հավաքում, վերլուծում, ժամանակացույցի, հուշաթերթի մշակում, ստուգման անցկացում: Կոլեկտիվում արդյունքների ամփոփում, որոշումների կատարման ստուգում:

Մանկապարտեզի գործունեությունը պետք է ընթանա համագործակցության, հումանիզացման պայմաններում, հրապարակայնորեն:

Տնօրենը վերահսկում է.

  1. Աշխատանքային օրենսդրության համաձայն ղեկավար խմբի /ավագ դաստիարակ, բուժանձնակազմ, տնտեսվար/ աշխատանքները:
  2. Երեխաների ունակությունների, կարողությունների գիտելիքների որակը:
  3. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը:
  4. Խմբերում գույքի, խաղալիքների, ինքնաշեն և դիդակտիկ նյութերի պահպանությունը:
  5. Փաստաթղթերի վարման կարգը:
  6. Ծնողների հետ համագործակցությունը:
  7. Ֆինանսատնտեսական գործունեությունը:
  8. Դաստիարակների աշխատանքը՝ իր հայեցողությամբ:

Ավագ դաստիարակը/ մեթոդիստը/ վերահսկում է.

  1. Տարբեր տարիքային խմբերում կրթադաստիարակչական աշխատանքների վիճակը:
  2. Ծրագրերի կատարումը, մանկավարժական աշխատանքում կիրառվող նորույթները:
  3. Օրացուցային պլանների, փաստաթղթերի վարումը: 
  4. Մանկական ուշագրավ աշխատանքների պահպանումը:
  5. Դաստիարակների կատարելագործումը:

Տնտեսվարը վերահսկում է օժանդակ անձնակազմի աշխատանքները

Տնօրենը վերահսկումն իրականացնում է երեք փուլով.

  1. Փաստերի, տեղեկատվության հավաքում՝ բացահայտելով կրթադաստիարակչական աշխատանքների վիճակը:
  2. Հավաքած նյութերի վերլուծում ու գնահատում:
  3. Տվյալ տարիքային խմբում կոնկրետ բարեփոխիչ միջոցառումների պլանավորում:

Մանկավարժական-վերլուծությունը կատարվում է փոխկապակցված երեք փուլով.

  1. Նախապատրաստական հավաքվում են փաստեր վերլուծման համար:
  2. Հիմնական խաղի, պարապմունքի, աշխատանքի և կրթադաստիարակչական այլ բաղադրիչների բնութագրում:
  3. Ամփոփիչ պարապմունքի, խաղի և այլնի ընդհանուր գնահատական, եզրակացություն և առաջարկություններ:

Վերահսկումը մանկապարտեզում իրականացվում է ելնելով աշխատանքի ամսական պլաններից: Կարելի է կազմել ժամանակացույց նշելով ստուգվողի ազգանունը, ստուգման նպատակը, տեսակը, գործունեության կամ ռեժիմային պահի տեսակը, մեթոդները, ստուգման արդյունքները:

Մինչ ստուգումը դաստիարակների հետ անց են կացվում զրույցներ, որոնց ընթացքում բացահայտվում է, թե նրանք ինչպե՞ս են պատկերացնում ծրագրային պահանջները. ի՞նչ են կարդում, ուսումնասիրում, աշխատանքում ի՞նչ դժվարություններ կան: Նման զրույցը օգնում է ճշգրտել ստուգման նպատակը, հետագա աշխատանքը:  

Վերահսկման ձևերն են նախազգուշական, ընդհանուր /ֆրոնտալ/, թեմատիկ, համեմատական, ամփոփիչ, գործադրիչ:

Նախազգուշական ստուգման խնդիրն է այս կամ այն թերության կանխարգելումը: Դա կարող է լինել դաստիարակի պարապմունքի կամ որևէ այլ միջոցառման նախապատրաստվածություն: Կարելի է օգտագործել զրույցի, խորհրդակցության և այլ մեթոդներ:

Ընդհանուր՝ մի քանի օրվա ընթացքում, որևէ տարիքային խմբում կրթադաստիարակչական ամբողջ աշխատանքի ստուգումն է: Դա հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել կատարվածի մասին, հնարավորություն ունենալ խորը վերլուծելու, ամփոփելու այն, որոշելու օգնության ուղղությունը: Բացահայտում է նույն խմբում աշխատող երկու դաստիարակների աշխատանքի հաջորդականությունն ու օրգանական  կապը, պահանջների միասնականությունը:

Դա ստուգման հիմնական ձևն է, որ հնարավորություն է ընձեռում զարգացնելու երեխաների համակողմանի դաստիարակությունը, ուսումնասիրվում են դաստիարակության և ուսուցման հարցերը, մանկավարժական փաստաթղթերը, մանկական աշխատանքները, դիտարկվում են ռեժիմային պահերը, դաստիարակ-երեխա, դաստիարակ-ծնող, երեխա-երեխա փոխհարաբերությունները, երեխաների հետ տարվում են անհատական և խմբային զրույցներ, դրանց ընթացքում ի հայտ է գալիս սաների դաստիարակվածության և ընդհանուր զարգացման մակարդակը:

Ստուգման ընթացքում տնօրենին կարող է օգնել լավագույն դաստիարակներից ընտրված հանձնախումբը: Ստուգման տևողությունը՝ 3-6 օր է:

Թեմատիկ՝ ծրագրի որևէ բաժնի կատարման ստուգումն է: Օրինակ ինչպե՞ս կատարվում պլանավորված խնդիրները, ինչպե՞ս են շտկվում նկատված թերությունները, լրացվում թերացումները, ինչպե՞ս է իրականացվում խորհրդատվությունը, օգտագործվում աշխատանքի առաջավոր փորձը:

Ստուգման այդ ձևը կարելի է կիրառել մեկ կամ մի քանի խմբերում կամ ընդհանրապես բոլոր խմբերում: Արդյունքների մասին տեղեկացվում է նաև դաստիարակը: Վերահսկման այս ձևը կարևոր է կոլեկտիվի ուշադրությունը որոշակի խնդրի վրա կենտրոնացնելու համար: Արդյունքները քննարկվում են մանկապարտեզի համապատասխան խորհուրդներում:

Համեմատական ստուգումը՝ ծրագրի տարբեր բաժինների կատարման համեմատական գնահատումն է զուգահեռ խմբերում կամ նույն խմբի երկու դաստիարակների աշխատանքում:

Ամփոփիչ ստուգումը հնարավորություն է տալիս ամփոփել որոշակի ժամանակահատվածում /եռամսյակ, կիսամյակ, ուսումնական տարի/ մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը: Որպես կանոն այս ստուգման ընթացքում կատարվում է երեխաների գիտելիքների, ձևավորված ունակությունների և հմտությունների վերլուծում ուշադրությունից դուրս չթողնելով ոչ մի երեխայի:

Գործադրիչ ստուգումները նպատակաուղղված են երևան հանելու կոլեկտիվի կամ առանձին դաստիարակի կատարած աշխատանքի վիճակը որոշակի ժամանակամիջոցում: Դրանք կրում են ընտրողական բնույթ: Օրինակ, ստուգման ժամանակ տրվում է դաստիարակի մեկ օրվա աշխատանքի գնահատականը՝ նշելով դայակի /դաստիարակի օգնականի/ հետ նրա փոխհարաբերությունները, խմբում տիրող մանկավարժական մթնոլորտը, երեխաների դժվարությունները և այլն: Դա հնարավորություն է տալիս պարզելու գործերի վիճակը, երեխաների և աշխատակիցների տրամադրությունը:

Նշված բոլոր տեսակի ստուգումները անց են կացվում մանկավարժական գործունեության համար ստեղծված անհրաժեշտ պայմաններում:

Կրթադաստիարակչական յուրաքանչյուր ժամանակշրջան ունի իր յուրահատկությունը, ըստ որի կիրառվում է վերահսկման համապատասխան ձևը: Ուսումնական տարեսկզբում կարևորվում է, թե կոնկրետ ինչպե՞ս է նախապատրաստված դաստիարակը, գիտե՝ արդյոք իր խմբի ծրագրային, մեթոդական պահանջները, երեխաների հոգեբանամանկավարժական, տարիքային առանձնահատկությունները և այլն: Այնուհետև ինչպե՞ս է պլանավորում աշխատանքը, ի՞նչ նոր մոտեցումներ ունի: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուշադրություն է դարձվում կրթադաստիարակչական աշխատանքների որակին, ձմռան ամիսներին երեխաների նախագիտելիքների յուրացմանը, ունակությունների և հմտությունների դաստիարակմանը, դաստիարակների ինքնակրթության հարցերին, գարնան ամիսներին /ապրիլ, մայիս/ ծրագրային պահանջների կատարմանը, դրական փորձի ներդրմանը, ամռանը՝ առողջարարական միջոցառումների կազմակերպմանը: Տարվա ընթացքում՝ ավանդական տոների, ցերեկույթների, հիշարժան միջոցառումների կազմակերպմանը:

Ստուգումը կլինի որակյալ և արդյունավետ, եթե նկատի առնվի հետևյալը՝

  1. Նպատակահարմար է մանկավարժական աշխատանքի դիտարկման նպատակով ամսական 3-4 այցելություն կատարել յուրաքանչյուր խումբ՝ ելնելով ծրագրի առանձին բաժինների նպատակահարմարությունից:
  2. Որոշել նպատակը՝ ըստ տարեկան պլանի:
  3. Իրականացնել նախորդ և հաջորդ դիտումների տրամաբանական կապը:
  4. Տարվա ընթացքում դիտել ռեժիմային բոլոր պահերը:
  5. Ուսումնասիրել դաստիարակության և ուսուցման ծրագրային դրույթների կատարումը, դաստիարակի գործունեությունն և երեխաների վարքը:
  6. Հաշվի առնել պատճառահետևանքային կապերը:
  7. Դիտման ընթացքում չխանգարել երեխաների սովորական կենցաղի ընթացքը, դաստիարակի և երեխաների հետ լինել բարյացակամ:
  8. Դիտման ընթացքում կարելի է օգտագործել ձայնագրող և նկարահանող միջոցներ: Վերահսկումը պետք է ուղեկցվի փոխադարձ վստահությամբ ու հարգանքով:

Մանկավարժական կոլեկտիվի ձևավորման համար շատ կարևոր է, թե ղեկավարման ինչ հնարքներ է օգտագործում վարիչը ենթակաների հետ փոխհարաբերություններում: Այս առումով ընթերցողի ուշադրությանն են ներկայացվում մի շարք հուշաթերթ-հավելվածներ՝ որպես օգնություն միջոցառումների կազմակերպիչներին:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Միջոցառումների սցենարների մեջ կարելի է ընդգրկել մանկավարժական խաչբառեր, մանկավարժահոգեբանական իրավիճակներ, գլուխկոտրուկկներ, գրական-երաժշտական, գեղարվեստական վիկտորինաներ, մրցույթներ, ընկերական շարժեր…

Թեմատիկ միջոցառումները կարող են անվանվել.

«Ինչպիսի՞ն է ժամանակակից դաստիարակը»

«Դաստիարակի իմ իդեալը»

«Դաստիարակ-էրուդիտը»

«Դաստիարակ-նկարիչը»

«Դաստիարակ-երաժիշտը»

«Ուրախների և հնարամիտների մրցույթներ, ակումբներ» և այլն:

Ներկայացնենք մանկավարժական իրավիճակների օրինակներ.  

  1. Փոքրերի խմբի երեխաները խաղից հետո չեն հավաքել խաղալիքները: Դաստիարակի հիշեցումն անգամ չի օգնել գործին: Ինչպիսի՞ն պետք է լինի դաստիարակի վերաբերմունքը:
  2. Երեխան ման է գալիս սենյակում, վերցնում այս կամ այն խաղալիքը, սակայն դրանցով չի խաղում: Ի՞նչ անել:
  3. Երեք երեխա խաղում են մանկապարտեզի բակում, հրմշտում են իրար: Դաստիարակի դիտողությանը պատասխանում են, որ «Կռիվ» են խաղում: Ո՞րն է դաստիարակի անելիքը:
  4. Խաղում միշտ նույն երեխան է առաջատարի դերը ստանձնում: Մյուս երեխաներին ինչպե՞ս հորդորել ակտիվանալու:
  5. Երկու աղջիկ «Ընտանիք» խաղում ցանկանում են խաղալ մոր դերը, վիճում են: Ինչպիսի՞ն պետք է լինի դաստիարակի առաջարկած խաղը:
  6. Ո՞րն է ճիշտ լուծումը:
  7. Մայրը դաստիարակին բողոքում է, որ իր դուստրը շարունակ խաղում է նույն, կոտրված տիկնիկով, թեպետ նորերը շատ ունի: Ի՞նչ խորհուրդ տալ մորը:
  8. Երեխաները խաղում կրկնում են մեծերի վարքագիծը: Ո՞րն է դաստիարակի կողմնորոշումը:

ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Քննարկման առարկա դարձնել ամենաբարդ և ամենակարևոր խնդիրները:

2. Քննարկման ժամանակահատվածի տևողությունը 20 րոպեից ոչ պակաս:

3. Պարտադիր չէ, որ տնօրենն անպայման վարի քննարկումը նա կարող է միայն առաջարկել քննարկման թեման:

4. Ցանկալի չէ որևէ մեկի կարծիքը կտրուկ մերժել կամ անզգույշ քննադատել, դա հնարավորություն չի տա մտքերի ազատ արտահայտմանը: Մարդկանց մեծ մասը «հոգեբանական գրոհի» ազդեցության տակ կնախընտրեն լռել, քան ստեղծագործաբար աշխատել:

5. Հարկավոր է ըտրել լավագույն գաղափարները առանց անտեսելու մյուսները:

6. Երբ արդեն դուրս եք եկել բարդ իրավիճակից, գտեք ձեր սխալը և ճիշտ հետևություն արեք:

ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՈՃԻՑ

Ղեկավարի շփման ոճըՄանակավարժական կոլեկտիվի հակազդումը
Մռայլ, բռնակալ:

Ընդգծված կոպիտ վերաբերմունք:

Ամբոխավարման վերաբերմունք. Շփման նույն ոճը բոլորի հանդեպ:
Լիբերալ հարաբերություններ:

Ադմինիստրատիվ-ավտորիտար /հավակնոտ, քննադատություն չհանդուրժող, ղեկավարման մեջ գերիշխում է պահանջկոտությունը որպես շփման միակ ձև:/
Աշխատանքում բացակայում է ոգևորությունը, դաստիարակների կողմից ցուցաբերվում է հակադրվելու մղում:
Մարում է աշխատելու ցանկությունը, իշխում է վիճելու, բախվելու տրամադրվածությունը:
Ենթակաները աշխատում են իրենց ցանկացած ձևով, կամայական, խոսքը «ականջի ետև» գցում:
Ընկնում է ղեկավարի հեղինակությունը, ծնվում է անպատասխանատվություն աշխատանքի հանդեպ:
Ղեկավարի նկատմամբ արտաքին և ներքին հակադրման դրսևորումներ, նվազում է հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ:

ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՎՐԱ

Տնօրենի վարվելակերպըԱզդեցությունը մանկավարժական կոլեկտիվի վրա
Երբ չի բարձրացնում ձայնը, չի նվաստացնում ենթականերին, հարգալից է, բարեկիրթ և նրբանկատ:
Հնարավորության դեպքում, հատկապես երեխաների ներկայությամբ աշխատում է դիտողություն չանել:Դաստիարակի թեկուզ անհաջող աշխատանքի վերլուծությունն անում է հանգիստ տոնով, արդարացի է: Դաստիարակների միջև խտրություն չի դնում:
Գիտի և հաշվի է առնում յուրաքանչյուր աշխատակցի անձնային, հուզական առանձնահատկություններ:
Սեփական աշխատասիրությամբ, զսպվածությամբ, հետաքրքրասիրությամբ և մանկավարժական որոնումներով օրինակ է ծառայում աշխատակիցներին:
Կոլեկտիվում խաղաղ և գործարար մթնոլորտ է:

Փոխհամաձայնություն տնօրենի և ենթակաների միջև, վստահություն ներշնչող փոխհարաբերություններ:





Ենթակաների կողմից նմանատիպ վերաբերմունք և ավելի լավ աշխատելու ցանկություն:
Ստեղծագործաբար աշխատելու ձգտում:

ԹԵՐԹԻԿ ԹԻՎ 1

Ղեկավարի անձնային հատկանիշների գնահատման

Ղեկավարի անձնային հատկանիշներըԳնահատման չափանիշները
Տիրապետում էԴժվարանում եմՉի տիրապետում
1. Շփման հատկանիշները

ՆրբանկատությունԳթասրտությունՈւշադրությունԱրդարամտությունՄարդասիրությունԶսպվածությունԻնքնատիրապետումՇփվող լինելը
2. Գործնական մասնագիտական հատկանիշները
ՆախաձեռնությունՍտեղծագործական մտածելակերպՊահանջկոտությունՍկզբունքայնությունԵռանդՊատասխանատվության զգացումԱշխատասիրությունՄանկավարժական զգոնությունՄանկավարժական խնդիրների լուծման հնարամտությունՎիճահարույց իրավիճակները կարգավորելու ունակություն

ԹԵՐԹԻԿ ԹԻՎ 2

Ղեկավարի ինքնագնահատման

Ինքնագնահատում /միավորներով/
Ելույթի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքում:Հիմնական գաղափարների առանձնացման կարողություն կցելով բնութագրական օրինակներ և ցուցադրական նյութեր:Ելույթի կառուցման տրամաբանական կապ:Լսարանի ուշադրությունը գրավելու կարողություն:Հնարավոր դժվարությունների կանխատեսման կարողություն:Շարադրման կարողություն:Ոչ խոսքային /կեցվածք, դիմախաղ, շարժումներ/ ազդեցության կարողությունԼսածի մասին սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողություն:Ինքնակառավարման կարողություն:Խոսքի արտահայտչականություն, հուզականություն, պատկերավորություն:Ելույթի ժամանակ հակառակ մտքերի, գաղափարների միջև զուգահեռներ անցկացնելու կարողություն:Ընդհանրացնելու, եզրակացնելու, ամփոփելու կարողություն:

Ծանոթություն – կարողությունը գնահատվում է 

                              քառանիշ թվային համակարգով

4- տվյալ կարողության արտահայտվածության բարձր աստիճան

3- արտահայտվածության միջին աստիճան

2- արտահայտվածության բավարար աստիճան

         1- արտահայտվածության ցածր աստիճան

Եթե ինքնագնահատման թերթիկում հիմնականում նշված է կարողության միջին և ցածր աստիճանը, ապա խորհուրդ է տրվում.

1.Ելույթին նախապատրաստվելիս առանձնացնել հիմնական գաղափարները, առաջարկությունները, ընտրել բնութագրական օրինակներ, սխեմաներ և այլ նյութեր:

2.Որոշել ինչպես սկսել և ավարտել զեկուցումը: Ցանկալի է սկսել հարցադրման համեմատական փաստից, որը կգրավի լսողների ուշադրությունը:

3. Ամբողջական տեքստից հանել թեզիսները, համառոտ նշել, հետո բացահայտել:

4. Ելույթի ընթացքում, չմոռանալով ներկաների լսելու ունակության թուլացման մասին, ժամանակ առ ժամանակ խոսքը կարելի է համեմել օրինակներով, փաստերով, ընկերական փոքրիկ շարժով, սրամտությամբ:

5. Պետք է կարևորել նաև ոչ խոսքային ազդեցության գործոնը՝ հատկապես միապաղաղ խոսելիս:

Խոսելիս հայացքը սևեռել առավել ուշադիր լսողներին, շարժուն դիմախաղ ունենալ, անընդհատ չքայլել:

6. Կարևոր են՝ վստահությունը, համեստությունը, կոկիկ հագնվելը, հարգանքը լսարանի հանդեպ: Խոսել հիմնականում հասկանալի նախադասություններով՝ չօգտագործելով անծանոթ բառեր և արտահայտություններ:

Կարելի է օգտագործել տրամադրվածության արտահայտություններ <<ուշադրություն դարձրեք>>, <<այս մասին՝ հետո>>, <<եկեք քննարկենք մյուս խնդիրները>>…

ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Առաջին փուլ՝ պատկերացումներ, կանոններ:

1.Հարցնել, կարևորել վիճաբանողների կարծիքը ձեր միջամտության, պարզաբանման վերաբերյալ:

2.Վիճող կողմերին առաջարկել համաձայնության գալ հետևյալ կանոնների շուրջ.

— չընդհատել

— ազնիվ լինել

— ցուցաբերել հանդուրժողական, համբերատար, գիտակից վերաբերմունք

— չծաղրել իրար, պիտակներ չկպցնել

— քանի դեռ վեճը չի հանդարտվել դիմել միայն ձեզ:

Երկրորդ փուլ՝ խնդրի որոշում:

1.Առաջինը խոսեցրեք նրան, ով ավելի տուժած է և վրդովված:

2. Երկու կողմերին էլ հարցրեք կատարվածի մասին:

Համառոտ և շեշտված կրկնեք երկկողմանի արտահայտությունները:

Հարցերը պետք է լինեն հստակ և կոնկրետ:

Շնորհակալություն հայտնեք և ասեք, որ հասկանում եք հուզմունքի պատճառը:

Երրորդ փուլ՝ հարցի լուծում:

1.Հարցրեք, ի՞նչ կարելի է անել խնդրի լուծման համար:

Առաջարկեք ձեր տարբերակը:

Հարցրեք երկու կողմերի համաձայնության մասին, հասեք դրան:

2.Առաջարկեք այդ մասին տեղյակ պահել մոտ մարդկանց, որպեսզի ավելորդ շշուկներ չլինեն, որ հարցը փակված համարվի:

Փոխըմբռնման համար շնորհակալություն հայտնեք:

Օգնություն դաստիարակներին  

Զարգացնող ուսուցողական միջավայր

Հանրակրթության պետական կրթակարգի (ՀՀ կառավարության 2004թ մայիսի 27-ի N20 արձանագրային որոշում) նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներում ամրագրված է երեխայակենտրոն ուսումնադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի ստեղծման, ինչպես նաև կրթության կազմակերպման գործընթացի ու արդյունքների դիտարկման, վերահսկման անհրաժեշտությունը:

Ստորև ներկայացվում է կրթական հաստատություններում 5-6 տարեկան երեխաների համար զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները:

1. Ուսումնական հաստատության

 Ֆիզիկական միջավայրին ներկայացվող չափանիշները

Նպատակը. 

Ներքին և արտաքին ֆիզիկական միջավայրը նպաստում է երեխայի բնական աճին և զարգացմանը՝ հետազոտության և ուսումնառության համար հնարավորությունների ապահովման միջոցով:

Հիմնավորում.

Թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների վարքի և զարգացման վրա ազդում է այն ֆիզիկական միջավայրը, որտեղ նրանք ապրում և աշխատում են: Ֆիզիկական տարածքի և այնտեղ գտնվող նյութերի որակը իր ներգործությունն է ունենում երեխաների ներգրավման մակարդակի և մեծահասակների հետ նրանց շփման որակի վրա: Թե՛ ներքին, թե՛ արտաքին տարածքի մեծությունը, ձևավորումը, օգտագործումը պետք է շարունակաբար գնահատվեն:

1.Ներքին և արտաքին ֆիզիկական միջավայրը պետք է լինի ապահով, մաքուր, գրավիչ և ընդարձակ, տարածք բացօթյա խաղահրապարակում: Աշխատակազմը պետք է բավարար ժամանակ ունենա մինչև երեխաների գալը նախապես պատրաստելու միջավայրը:

Դիտարկելով երեխաների հաղորդակցությունը միմյանց հետ, նրանց ներգրավվածությունը աշխատանքներում, հստակ կարելի է որոշել, թե արդյոք տարածությունը բավարար է: Միջավայրը պետք է լինի գրավիչ: Միջավայրում պետք է ցուցադրվեն երեխաների աշխատանքները, այլ նկարներ, որոնք փակված են երեխայի աչքի մակարդակին համապատասխան բարձրության վրա:

2. Աշխատանքային կենտրոնները հստակորեն սահմանված և տարաբաժանված են տարածական առումով: Տարածքը դասավորված է այնպես, որ երեխաները կարողանան աշխատել անհատապես, միասին, փոքր կամ մեծ խմբերով: Տարածքի դասավորությունը թույլ է տալիս, որ երեխաները ազատ տեղաշարժվեն մի կենտրոնից մյուսը՝ առանց մյուսների ուշադրությունը շեղելու:

Տարածքի դասավորությունը նույնքան կարևոր է, որքան նրա ընդարձակությունը: Երեխաները պետք է կարողանան մի աշխատանքից անցնել մյուսին առանց մյուսներին խանգարելու: Աշխատանքային կենտրոնները պետք է բաժանված լինեն այնպես, որ մի կենտրոնում աշխատող երեխաների ուշադրությունը չշեղվի մյուս կենտրոններում աշխատող երեխաների պատճառով: Լավ կազմակերպված տարածքը նպաստում է ցանկալի վարքագծի ձևավորմանը, մարդկանց միջև դրական հաղորդակցությանը, ինչպես նաև նյութերի ակտիվ կիրառմանը:

3. Տարածքի դասավորությունը պետք է թույլ տա, որ երեխաները կարողանան զբաղվել իրենց տարիքին համապատասխան բազմազան և տարբեր տևողություն պահանջող աշխատանքներուվ:

Այս չափանիշը ավելի շատ վերաբերում է աշխատանքներին, քան կենտրոններին: Օրինակ, բնագիտությունը և մաթեմատիկան պահանջում են աշխատանքներ, որոնք չեն սահմանափակվում խմբասենյակի մեկ կենտրոնով: Ուստի սենյակը պետք է դասավորված լինի այնպես, որ այդ աշխատանքները իսկապես կատարվեն: Կամ, խաղադեկորները, դերախաղը, գրքի ընթերցանությունը պահանջում են առանձին տարածք: Արվեստի կամ խոհարարական  կենտրոնը, որտեղ աշխատանքները մի փոքր ավելի թափթփվածություն են առաջացնում, լավ կլինի տեղադրել ջրին մոտ: 5-6 տարեկան երեխաներին անհրաժեշտ է հատկացնել նաև առանձին հանգիստ անկյուն: Միջավայրը պետք է ունենա փափուկ պարագաներ, ինչպիսիք են գորգը, բարձերը և այլն:

4. Բավարար քանակով, բազմատեսակ և դիմացկուն նյութերը և սարքավորումը պետք է լինի երեխաների տարիքին համապատասխան և դրված լինի երեխաների համար մատչելի տեղում: Այսինքն, ցածր և բաց դարակների վրա, որտեղից երեխան կարող է ազատ և ինքնուրույն օգտվել: Նյությերը փոփոխվում են և հարմարեցվում երեխաների հետաքրքրություններին:

Նյութերը և սարքավորումը գնահատվում են տարբեր տեսանկյուններից: Անհրաժեշտ է ունենալ ինչպես բազմազան, այնպես էլ համապատասխան տեսակի նյութեր և սարքավորումներ: Երեխաներին անհրաժեշտ է ունենալ ակտիվ խաղ ապահովող սարքավորում և նյութեր, որոնք խթանում են երեխայի զարգացման բոլոր ոլորտները: Օրինակ՝ կառուցողական նյութեր, մանիպուլյատիվներ, դերախաղի պարագաներ, նկարչական նյութեր, գրքեր, ձայներիզներ և այլն: Երեխաները ավելի ստեղծագործաբար և իմաստալից են օգտագործում նյութերը, եթե դրանք հասանելի են իրենց (ինքնուրույն կարող են վերցնել) և ժամանակ առ ժամանակ փոփոխվում են բազմազանություն ստեղծելու նպատակով:

5. Երեխաների համար ապահովված է առանձին տեղ՝ կախելու իրենց հագուստը և պահելու իրենց անձնական իրերը:

Անձնական իրերի համար տեղ կարելի է ապահովել տարբեր ձևերով: Սակայն և՛մեծերը, և՛ երեխաները դա պետք է անպայման ունենան, որպեսզի կարողանան իրենց անձնական իրերը պահել և հետո հեշտությամբ գտնել:

6. Արտաքին միջավայրը ներառում է տարբեր տիպի մակերեսներ, ինչպիսիք են՝ հողը, ավազը, խոտը, հարթ ու խորդուբորդ հատվածները, կոշտ տարածքը և այլն: Արտաքին միջավայրը կարող է լինել ստվերոտ, բացօթյա, փորելու, ինչ-որ բան քշելու, մագլցելու, հավասարակշռելու, առանձին խաղալու: Արտաքին միջավայրը պաշտպանվում է ցանկապատով կամ որևէ բնական արգելամիջոցով, որով այն առանձնացվում է փողոցից կամ այլ վտանգներից:

Արտաքին տարածքը մեծապես կախված է աշխարհագրական վայրից: Այս չափանիշը ընդգծում է տարատեսակ մակերեսների և սարքավորումների անհրաժեշտությունը: Եթե ստվերոտ ու թեք մակերեսներ չկան, կարելի է միջավայրում ունենալ այնպիսի պարագաներ, ինչպիսիք են ծածկերը, թեքահարթակները և այլն: Արտաքին տարածքը պետք է փողոցից կամ այլ վտանգավոր բաներից պաշտպանված լինի ցանկապատով կամ բնական արգելամիջոցներով:

2.Ուսումնական հաստատության ֆիզիկական 

միջավայրի կազմակերպումը

Ուսումնական ծրագրի արդյունավետության գրավականներից մեկը երեխայակենտրոն ուսումնական միջավայրի ձևավորումն է: Ուսումնական միջավայրը երեխաներին տալիս է ժամանակ և հնարավորություններ իրենց շրջապատող աշխարհը ճանաչելու և ստեղծագործաբար արձագանքելու աշխարհում կատարվող երևույթներին: Ուսումնական միջավայրը իր բնույթով սոցիալական է և ապահովում է խթանող ու ապահով մթնոլորտ բոլոր երեխաների համար: Այն երեխաներին տալիս է ժամանակ և հնարավորություններ գործելու համարձակորեն, ուսումնասիրելու և հետազոտելու իրենց աշխարհը: Երեխաները ձեռք են բերում փորձ, որը խրախուսում է շփվելու մյուսների հետ, զարգացնելու միջանձնային հմտություններ, աշխատելու և սովորելու համագործակցաբար: 

Նախադպրոցական ուսուցման և փորձառության վրա ներգործում են հատակն ու պատերը, խմբասենյակի ձևն ու չափը, խաղահրապարակը, կահույքը, օգտագործվող նյութերն ու պարագաները, սարքավորումներն ու խաղալիքները: Գեղագիտական ճաշակով և հարմարավետությամբ աչքի ընկնող խմբասենյակները լավ են անդրադառնում թե՛ երեխաների, թե՛ դաստիարակների վրա: Կահույքի դասավորությունը պատկերացում է տալիս, թե ինչ նպատակով է օգտագործվում տվյալ տարածքը: Այն նաև կարևոր է անցուդարձի, անվտանգության ապահովման, աղմուկի և դաստիարակի դիտարկման տեսանկյունից: Դպրոցի ներքին և արտաքին տարածքի նախագիծը պետք է լինի նպատակային և լավ մտածված: Լավ նախագծված միջավայրը նպաստավոր է երեխաների խմբային խաղերի, շփման, անկախ տեղաշարժման և խնդիրների լուծման համար: Երեխաները համակվում են ոգևորությամբ, և նրանց գրավում է սովորելու, նյութերը մանրազննին ուսումնասիրելու, նոր նյութեր հայտնաբերելու միտքը:

Երեխայի զարգացման համար անկաշկանդ միջավայր է պետք, որտեղ նա կկարողանա բազմակողմանիորեն արձագանքել շրջապատին: Այն պիտի բնության և սոցիալական միջավայրի համակցված մոդել լինի, որ երեխային մղի սեփական գործողությունները համաձայնեցնելու այդ միջավայրի օրենքներին:

Զարգացման բնականոն գործընթացում ուսուցումը հանդիսանում է միջոց, որն ամրապնդում է զարգացման գործընթացը և առաջ քաշում մշակութային գործոններ: Միջավայրը մեծապես նպաստում է ուսուցման գործընթացին: 

Որպեսզի միջավայրը զարգացնող լինի, այն պիտի նախապատրաստել այնպես, որ

  • հնարավորություն տա երեխայի անհատական զարգացմանը
  • մղի երեխային ինքնաբուխ, ստեղծագործական գործունեության
  • համապատասխան լինի երեխայի կարիքներին և զարգացման մակարդակին

Ուսումնական հաստատության նյութական միջավայրը իր մեջ ներառում է հարմար կահավորված սանհանգույց, խաղասենյակ, ննջասենյակ խոհանոց, հանդերձարան, այգում կամ բակում բացօթյա խմբասենյակ՝ ամառային պարտեզ:

3. Ուսումնական հաստատության 

սանիտարահիգիենիկ պայմանները

Ուսումնական հաստատությունը ապահովված պիտի լինի մաքրելու անհրաժեշտ միջոցներով և պարագաներով (ավել, գոգաթիակ, սրբիչներ, խոզանակներ, մաքրող-ախտահանող նյութեր և այլն), որոնք հարմար պիտի լինեն երեխայի համար, որ նա կարողանա գործածել դրանք իր գործունեության ընթացքում: Միջավայրն այնքան հիգիենիկ ու մաքուր պիտի լինի, որ երեխան կարողանա այն ինքնուրույն խնամել: 

Սանհանգույցը պետք է լինի մատչելի, մաքուր, հարմարավետ, երեխայի չափերին համապատասխան, բարակ, պարզ միջնորմերով, մաքուր հատակով, թեթև դռներով, հայելիով: Այն այնպես պիտի տեղավորված լինի, որ խմբասենյակի հետ ընկալվի որպես մի ամբողջություն, և երեխան այնտեղ ազատ ելումուտ ունենա, կարողանա ինքնուրույն օգտվել դրանից: Զուգարանակոնքերը՝ ցածր, երեխայի հասակին համապատասխան, լվացարանները՝ հարմար լվացվելու, ատամները լվանալու համար: Յուրաքանչյուր երեխա պիտի ունենա իր անհատական կախիչը սրբիչի և այլ հիգիենիկ պարագաների համար, իր օճառը, ատամի խոզանակն ու մածուկը, ջուր խմելու իր բաժակը: Ե՛վ սանհանգույցում, և՛ խմբասենյակում փակ աղբամաններ պիտի լինեն: Խմբասենյակում փոշեկուլ ունենալը պարտադիր է: Անհրաժեշտ է նաև հարմար արկղ ունենալ՝ թղթի թափոնը հավաքելու համար:

Հանդերձարանը կարող է խմբասենյակի մաս կազմել կամ առանձին սենյակում լինել: Երեխան անձնական փոքրիկ կախիչին «կհագցնի» իր հագուստը և կկախի ընդհանուր կախիչին: Կոշիկների տեղը կարող է անհատական հանդերձապահարանում լինել: 

4. Խմբասենյակի ֆիզիկական 

միջավայրի կազմակերպումը

Խմբասենյակի միջավայրը դինամիկ պիտի լինի, փոփոխելի՝ երեխայի գործունեությանը համապատասխան: Փոխողը երեխան ու դաստիարակը պետք է լինեն. նրանք միջավայրը կփոփոխեն իրենց գործունեությանը համապատասխանեցնելու նպատակով կամ գործունեության արդյունքում: Խմբասենյակը երեխաներինն է, ուստի միջավայրն իր ազդեցությունն է ունենում նրանց հետաքրքրությունների, վարքի և մշակույթի վրա: Նրանց աշխատանքները ներկայացվում են խմբասենյակում: Յուրաքանչյուր այցելու կարող է հեշտությամբ նկատել նրանց գիտական փորձարկումները, հետազոտությունները: Կիսատ կառույցները կարելի է թողնել նույն տեղում այնպես, որ հնարավոր լինի շարունակել և ավարտել հաջորդ օրը:

Սարքավորումներն ու կահույքը խմբասենյակում տեղավորված պիտի լինեն այնպես, որ երեխան կարողանա առանց իրեն վնասելու խաղալ, վազել, գլորվել, աշխատել:

Պահարաններն անվտանգ, հարմարավետ, գործածական են, երեխայի չափերին և կազմվածքին համապատասխան, թեթև ու շարժական, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ տեղափոխել, գործածել տարբեր նպատակներով:

Կահավորանքի հարմար ձևափոխման դեպքում խմբասենյակը կարող է տարբեր նպատակների ծառայել՝ տկինիկային թատրոն, բնագիտական լաբորատորիա, երաժշտական սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, արհեստանոց և այլն: Հատուկ թեմատիկ պարագաների օգնությամբ խմբասենյակը կարելի է դարձնել խանութ, վարսավիրանոց, այգի և այլն:

5. Աշխատանքային կենտրոններ

Ֆիզիկական միջավայրը բաժանվում է աշխատանքային կենտրոնների: Կենտրոնները թույլ են տալիս երեխաներին ինքնուրույն կողմնորոշվել ուսումնախաղային նյութերի և սարքավորումների ընտրության հարցում և զբաղվել իրենց համար կարևոր և իմաստալից ուսումնառական գործունեությամբ:

5-6 տարեկան երեխաների համար նախատեսված խմբասենյակներում սովորաբար պետք է լինեն հետևյալ աշխատանքային կենտրոնները.

  • Գրաճանաչություն 
  • Մաթեմատիկա
  • Արվեստ
  • Շինարարություն
  • Խոհարարություն
  • Դերային խաղ
  • Բնագիտություն
  • Տեխնիկական կենտրոն
  • Սպորտի կենտրոն:

Բացի վերը նշված կենտրոններից, խմբասենյակները ունեն նաև հանգստի անկյուն և կենտրոնական բաց տարածք: Վերջինս հաճախ անվանում են նաև հանդիպման կամ հավաքի տարածք, որտեղ դաստիարակը հավաքում է երեխաներին որևէ բան պլանավորելու, ընթերցելու, քննարկելու, ընդհանուր ցուցումներ տալու, առավոտյան հանդիպում անցկացնելու համար:

5-6 տարեկան երեխաները ավելի շատ հակված են հմտություններ ձեռք բերելու և որևէ նյութի բովանդակությունը հետազոտելու: Նրանց ուսումնառությունը կատարվում է աշխատանքային կենտրոններում, և դա օգնում է երեխաներին խորությամբ հետազոտելու նյութը: Որպեսզի երեխաները արդյունավետ կերպով օգտվեն աշխատանքային կենտրոններից, դարակները, որոնցում կամ որոնց վրա դրվում են ուսումնական միջոցները, տեսանելի և հասանելի պիտի լինեն, որպեսզի երեխան ցանկացած պահի կարողանա այդ միջոցներով ինքնուրույն կազմակերպել իր գործունեությունը և օգտագործել նյութերը տարբեր նպատակներով: Հարկավոր է խրախուսել երեխաների ինքնուրույն աշխատանքն այդ նյութերով:

Քանի որ կենտրոններում երեխաներն ինքնուրույն են աշխատում, դաստիարակները կարող են ստեղծել կառավարման համակարգ  յուրաքանչյուր կենտրոնի օգտագործման համար: Այդ համակարգը սահմանում է կենտրոններում աշխատելու հստակ կանոններ և հնարավորություն է տալիս դաստիարակներին վերահսկելու երեխաների քանակը յուրաքանչյուր կենտրոնում:

Կանոնները երեխաներին խրախուսում են հոգ տանել ուսումնական պարագաների, խաղալիքների նկատմամբ, ինչպես նաև կարգ ու կանոն պահպանել սենյակում՝ամեն ինչ իր տեղը դնել աշխատանքի ավարտից հետո: Կենտրոնները պիտակավորված են, դարակների և ուսումնական պարագաների վրա կան պարզ գրառումներ:

Երեխան պետք է սովորի իր անհատական ակտիվ գործունեության միջոցով: Ստեղծագործելը առաջին տեղում պիտի լինի, անկախ նրա գործունեության ձևերից՝ նկարչություն, երաժշտություն, պլաստիկա, թատրոն, վարվեցողության նորմեր, խաղ, մարզանք, գիտելիք, աշխատանք: Խաղը համեմատաբար ուշ մանկության տարիներին երեխայի դաստիարակության գլխավոր, գրեթե միակ միջոցն է: Խաղի շնորհիվ երեխան մշտապես առաջ է գնում իր զարգացման մեջ, և այն խթանում է նրա սովորական վարքագիծը: Խաղի ժամանակ երեխան կարծես ինքն իրեն ավելի մեծ է զգում:

Քանի որ խաղը 5-6 տարեկան երեխաների կրթության հիմքն է, ուստի աշխատանքային կենտրոնները օգնում են դաստիարակին՝ օգտագործելով տարբեր գրավիչ նյութեր, ծրագրել տվյալ տարիքին համապատասխան աշխատանքներ և այդ ծրագրմանը ներգրավել նաև երեխաներին: Աշխատանքային կենտրոններում երեխաները սովորում են միմյանցից, բնականոն շփման միջոցով հաղորդակցվում են միմյանց հետ, լուծում են խնդիրներ, կայացնում են որոշումներ, վերարտադրում են իրենց մտքերն ու գիտելիքները, ձեռք են բերում համատեղ աշխատելու հմտություններ:

Կենտրոնները պետք է հագեցած լինեն տարբեր նյութերով, որպեսզի մի քանի երեխա միաժամանակ կարողանան օգտագործել դրանք: Մանկավարժական կազմը պետք է հետևի նյութերի թարմացմանը և դրանց համապատասխանեցմանը երեխաների ուսումնական պահանջներին: Կենտրոնները  պետք է լինեն դինամիկ և փոփոխական՝ ելնելով ծրագրային խնդիրներից, ուսումնական թեմայից, երեխաների հետաքրքրություններից, անհատական կարիքներից:

6. Ուսումնախաղային նյութեր

Խմբասենյակը հագեցած պիտի լինի բազմատեսակ խաղալիքներով, որ երեխան կարողանա խաղեր կազմակերպել, ազատ խաղալ ընկերների հետ, ինքնաբուխ գործունեության հնարավորություն ունենա: Խաղալիքները բազմազան պիտի լինեն՝ տունտունիկ խաղալու ամանների և խոհանոցային այլ իրերի հավաքածուներ, խաղալիք-կահույք, տիկնիկներ, լեգոներ, խաղալիք-մեքենաներ, սեղանի խաղեր, տրամաբանական խաղեր, տարբեր չափերի և գույնի գնդակներ, տարբեր գործիքներ… Խաղալիք կարող են դառնալ նաև աթոռները, սեղանները, պահարանները, արկղերը: Օրինակ, աթոռները կարող են գնացքի վագոններ կամ ավտոբուսներ դառնալ, պահարանը՝ բույն, տուն:

Խմբասենյակում հարմար սեղաններ և աթոռներ պիտի լինեն, սեղաններին՝գիրք-տետրեր, գրչամաններ, դրանց մեջ՝ մատիտներ, ֆլոմաստերներ, գրիչներ, որ ուզած պահին երեխան կարողանա աշխատել, նկարել, ինչ-որ բան պատրաստել կամ պարզապես խզբզել: Բոլոր գրենական պիտույքները (գուաշ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, պլաստիլին, մատիտներ, սրիչ, քանոն, տարբեր երկարության, լայնության փայտիկներ, երկրաչափական մարմիններ) նույնպես մատչելի տեղում և հասանելի պիտի լինեն: Աշխատանքային կենտրոններում կան բազմաթիվ նյութեր, որոնք երեխաներն օգտագործում են ստեղծագործաբար: Դաստիարակները պետք է մեծ ուշադրությամբ ընտրեն, որպեսզի դրանք գրավեն երեխաներին և օգնեն նրանց բավարարելու իրենց հետաքրքրությունները: Յուրաքանչյուր կենտրոն պետք է հագեցած լինի իր նշանակությանը համապատասխան ուսումնախաղային պարագաներով:

Գրաճանաչության կենտրոն

Գրաճանաչության կենտրոնում պահվում են գրքեր և նյութեր՝ ունկնդրելու և գրելու պարապմունքների համար: Սա պետք է  լինի խաղաղ, անաղմուկ տարածք, ուր երեխաները կարող են գրքեր նայել, մեկը մյուսի համար «կարդալ», կամ նրանց համար կարող է կարդալ դաստիարակը կամ էլ որևէ կամավոր ծնող: Գրականությունն օգտագործվում է օրվա ընթացքում տարբեր ուսումնական նպատակներով: Երեխաներին առաջարկվում է ինքնուրույնաբար գրքեր ստեղծել, հորինել, դերակատարել, լսել զանազան պատմություններ, քննարկել գրքերի հերոսներին և այլն:

Մաթեմատիկայի կենտրոն

Մաթեմատիկային հատկացված տարածքում պահվում են առարկաներ, որոնք երեխաները կարող են մասերի բաժանել կամ հավաքել, օրինակ՝ գլուխկոտրուկներ և փոքր խաղադեկորներ: Այստեղ կարող են լինել խաղեր, որոնք երեխաներին օգնում են հարմարեցնել, հաշվել և դասակարգել մանր առարկաներ, ինքնուրույն հնարել խաղեր և զարգացնել լեզվական հմտությունները: Այս կենտրոններում անցկացվող պարապմունքները երեխաներին օգնում են զարգացնել իրենց մտավոր հմտությունները, փոքր մկանները և աչք-աչք կոորդինացիան: Կենտրոնի աշխատանքները նպաստում են նաև սոցիալական հմտությունների զարգացմանը համատեղ աշխատանքով, բանակցելու և պրոբլեմներ լուծելու միջոցով: Մաթեմատիկայի կենտրոնը կարելի է համալրել տարբեր ինքնաշեն և բնական նյութերով, օրինակ՝ լոբիներ, գունավոր և տարբեր չափսի կոճակներ, մետաղադրամներ, թվային և տարբեր թեմատիկ քարտեր և այլն:

Արվեստի կենտրոն

Արվեստի աշխատանքային կենտրոնը երեխաներին խրախուսում է հետազոտելու և զարգացնելու իրենց ստեղծագործական ունակությունները, զվարճանալու նոր նյութերով, դրսևորելու իրենց զգացմունքները: Այս տարածքում օգտագործվող նյութերից կարող են լինել ներկերը, թուղթը, մկրատը, գունավոր մատիտները, կավիճը, գործվածքը կամ նյութերի կտորտանքը՝ սոսնձելու և փակցնելու համար: Այստեղ կարող են ավելացվել նաև բնական նյութեր, օրինակ՝ փայտ, տերևներ, ավազ, եղևնու կոներ և այլն: Այս կենտրոնում խրախուսվում է ստեղծագործական ինքնուրույնությունը, խոսքային և ոչ խոսքային հաղորդակցությունը, սեփական արժանապատվության գիտակցումը, մանր և մեծ շարժողական հմտությունների զարգացումը, մտավոր ունակությունների խթանումը: Արվեստի կենտրոնը նպաստում է երեխաների գեղագիտական դաստիարակությանը և օգնում է երեխաների մոտ սեր արթնացնելու արվեստի նկատմամբ:

Շինարարության կենտրոն

Շինարարության կենտրոնը լցված է տարբեր չափսերի ու ձևերի խաղադեկորներով՝ երևակայական կամ ճանաչելի պատկերներ կազմելու համար, օրինակ՝ շենքեր, աշտարակներ, ֆերմաներ, գազանանոցներ և այլն: Խաղադեկորներով աշխատելիս երեխաները շատ են սովորում: Զարգանում են թվաբանական հմտությունները, ընդլայնվում են մտածելու կարողությունները, աճում են սոցիալական հմտությունները: Աշխատանքի ժամանակ երեխաները դրսևորում են ստեղծագործական մոտեցումներ, և զարգանում է նրանց կենտրոնանալու ունակությունը: Այս կենտրոնում թե՛ ուսուցիչները և թե՛ երեխաները կարող են բազմաթիվ առարկաներ ավելացնել, ինչպես օրինակ՝ խաղալիք ավտոմեքենաներ, բեռնատարներ, կենդանիներ, մարդկային ֆիգուրներ, ինքնաթիռներ, կտորեղեն և այլն:

Դերային խաղի կենտրոն

Խմբասենյակը տիկնիկներ պատրաստելու փոքրիկ արհեստանոց (մկրատներ, ասեղներ, թելեր, ժապավեններ, կտորներ, կոճակներ, ուլունքներ, թղթեր…) և տիկնիկային թատրոն պիտի ունենա: Այստեղ կծնվեն այն տիկնիկները, որոնցով նա թատրոն, տունտունիկ և այլ խաղեր կխաղա: Արհեստանոցում դրված կլինի տիկնիկային թատրոնի արկղը կամ տիկնիկների կախիչը, փոքր, հարմար միջնորմ (շիրմա), տիկնիկներ, որոնցից ամեն անգամ տարբեր կերպարներ կարելի է ստանալ: Միջնորմը, որը հեշտությամբ կբացվի, կփակվի, ոչ միայն տիկնիկային ներկայացումների, այլև տարբեր նպատակներով կօգտագործվի: Երեխաներն իրենք կորոշեն ինչ խաղալ և որպես ինչ օգտագործել միջնորմը:

Երեխան կարող է տիկնիկային թատրոն խաղալ նաև սեղանի վրա. առանց շիրմայի, կերպարներ կարող են դառնալ օգտագործված, «մաշված» գրիչները, մատիտները, ռետինները: Երեխայի նկարազարդված ձեռքերը, մատներն անգամ կարող են տիկնիկ-կերպարներ դառնալ: 

Մանր ավազով լցված ցածր կողերով (6-7 սմ բարձրությամբ) արկղը (100×100սմ) ևս տիկնիկային խաղի, տիկնիկային ներկայացման հարմար «բեմ» է: «Թատրոնում» այն իր հիմնական տեղը պիտի ունենա: Ավազի մեջ կամրացնեն ներկայացման համար իրենց պատրաստած դեկորները, ավազի մեջ ճանապարհ կբացեն, սարեր, ձորեր կսարքեն: Դա կզարգացնի նաև երեխաների տարածական մտածողությունը, կողմնորոշվելու ունակությունները:

Պատին փակված հայելիները թատրոն-խաղի հետաքրքիր ձևի հնարավորություն են տալիս: Երեխան իրեն դիտարկելու, իր հետ զրուցելու, իր հետ խաղալու, իր շարժումներին, դիմախաղին հետևելու հնարավորություն է ունենում: Նա կարող է ներկայացում խաղալ, հայելու դեմ հեքիաթ պատմել (հեքիաթասաց դառնալ), տարբեր խաղեր կազմակերպել: Նույն բանը կարող է ընկերոջ հետ անել՝ խաղալ, կատակել, ծամածռություններ անել. հայելու առաջ նրանք ավելի ազատ ու անկաշկանդ են լինում:

Երեխայի համար թատրոնը սիրելի, զվարճալի, հետաքրքիր խաղ է, որը զարգացնում է նրա խոսքը, ստեղծագործական ունակությունները, ինքնուրույնությունը, ինքնակազմակերպման, ստեղծագործելու, խմբով խաղալու-աշխատելու հմտությունները:

Սպորտի կենտրոն

Խաղասենյակի մի անկյունը սպորտային պիտի լինի, կամ երեխաները փոքր սպորտային սենյակ պիտի ունենան: Պատին՝ շվեդական կարճ պատեր, բասկետբոլի փոքրիկ ցանցեր, հատակին՝ մարզական ներքնակներ /մաթեր/, պտտօղակներ, հեծանիվներ, ցանցարկղի մեջ՝ տարբեր չափսերի գնդակներ, պարաններ, սպորտային այլ խաղեր, որոնցով կարելի է խմբասենյակում խաղալ: Սպորտային կենտրոնը կնպաստի երեխաների ֆիզիկական զարգացմանը, շարժումների կոորդինացիային, ակտիվության զարգացմանը:

Տեխնիկական կենտրոն

Տեխնիկական կենտրոնում կարող է լինել հեռուստացույց, երաժշտական կենտրոն, թվային ֆոտոխցիկ, DVD փլեյեր. երեխաները ոչ միայն ֆիլմեր ու մուլտֆիլմեր կդիտեն, այլև՝ իրենց նկարները, միջոցառումների նկարահանումները, տարբեր տեսանյութեր՝ կապված իրենց առօրյայի հետ: Բոլոր երեխաները պիտի կարողանան տեխնիկայից օգտվել այնքան, որքան թույլ է տալիս նրանց անհատական հնարավորությունները: Դաստիարակը անընդհատ պիտի աշխատի այդ ուղղությամբ:

Խոհարարության կենտրոն

Երեխայի զարգացումը ներառում է նրա կյանքի բոլոր ոլորտները: Հաճախ նա իր գործունեությունը /խաղ, աշխատանք և այլն/ կազմակերպում է մեծերին նմանակելով, նրանց փորձը կրկնելով, փորձելով նմանվել նրանց: Նա դա շատ լավ է անում խոհարարության կենտրոնում: Գերադասելի է, որ այն խմբասենյակին կից լինի: Խոհարարությունը հնարավորություն է տալիս երեխաներին ժամանակ հատկացնել բնագիտություն սովորելու համար, համտեսել նոր կերակրատեսակներ, հասկանալ չափելու հետ կապված մաթեմատիկական հասկացություններ: Միասին պատրաստելը երեխաներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ, սովորեցնում է կիսել ունեցածը, աշխատել զույգերով: Երեխաները վայելում են իրենց պատրաստածը միասին համտեսելու հաճույքը:

Խոհարարության միջոցով հիմնարար շատ հասկացություններ են ուսուցանվում: Մանկավարժները քննարկման են դնում գույների, թվերի, ձևերի, սննդի և բնագիտության հետ կապված հարցեր: Խոհարարությունը երեխաներին իրական կյանքի փորձառություն է տալիս:

Բնագիտական կենտրոն

Այս կենտրոնը կբավարարի երեխայի բնագիտությանը վերաբերող հետաքրքրությունները: Խոսքը միայն բնությանը չի վերաբերում: Բացի բույսերի և կենդանիների «անկյունից», մի հարմար տարածք «լցված» կլինի տարբեր առարկաներով, որոնք կգրավեն երեխային, կշարժեն նրա հետաքրքրությունը՝ մագնիս, կողմնացույց, ավազի ժամացույց, հեռադիտակ, տարբեր պտուտակներ, լարեր,մետաղի մանրոն /մետաղափոշի/, տարբեր գործիքներ…

Մեծերի հետ /դաստիարակ, ծնող/ նորոգելով աթոռ, սեղան՝ երեխան աստիճանաբար կսովորի գործածել սղոցն ու մուրճը, դուրն ու աքցանը:

Այս կենտրոնը հաճախակի կարող է փոփոխվել՝ ըստ հետաքրքրությունների, սեզոնային փոփոխությունների և թեմատիկ պարապմունքների: Ֆիզիկայի այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մագնիսականությունը, ջրի հատկությունները և ձգողականությունը, կարող են ներկայացվել նյութերի միջոցով:

Այս կենտորնում փոքր չափի տարբեր սարքեր են պետք՝ քանդվող-հավաքվող, զանազան առարկաների մասեր, որոնք հավաքելով երեխան ինչ-որ բան կարող է ստանալ: Կարևոր չէ, թե ինչ կստանա. կարևորը ընթացքն է. նա մտածում է, ստեղծագործում, ստեղծում, փորձեր է կատարում, իրերի, առարկաների հետ աշխատելու փորձ է ձեռք բերում, վարժվում է անվտանգ աշխատելուն:

Երեխայի գործունեությունը պետք է լինի ոչ թե պարապմունքի իրականացում, այլ ամենօրյա խաղ-աշխատանք, սովորություն, ծես: Ամեն օր ծաղիկները, ծառերը ջրելը, հողը փխրեցնելը, կենդանիներին կերակրելը, նրանց բույնը մաքրելը սովորություն պիտի դառնա, և երեխան ինքը կընտրի այդ օրվա իր անելիքը:

Եթե գործիքները ձեռքի տակ են, օրվա մի պահի նա կուզենա մի ծառից մյուսը փոքրիկ առու բացել, որ ջուրը անարգել անցնի, կամ ծառի տակի հողը կփխրեցնի, բակում թափված տերևները կհավաքի… Երեխայի  կյանքն ինքը բնագիտական գործունեություն է: Պետք է միայն համապատասխան պայմաններ ստեղծել նրա համար:

Նախակրթարանը պիտի գտնվի այգում կամ գոնե կից փոքրիկ այգի ունենա, որտեղ երեխաները կկարողանան ծաղիկներ աճեցնել, ծառեր խնամել, տարբեր սերմեր ցանել, կենդանիներ պահել: Խմբասենյակի մի անկյունում ևս երեխաները կարող են բույսեր աճեցնել, բնագիտական փորձեր կատարել, կենդանիներ պահել: Խումբը կարող է ունենալ իր ակվարիումը, հիգիենիկ և առողջապահական կանոնները պահպանելը պարտադիր է: Բակում երեխաները մեծերի հետ միասին ծառեր, այլ բույսեր կտնկեն, կմշակեն, շրջապատը կմաքրեն:

Խումբը պիտի ունենա գյուղատնտեսական փոքրիկ գործիքներ՝ բահեր, փոցխեր, դույլեր, ցնցուղներ, աղբաման, որոնք տեսանելի և հասանելի տեղում պիտի դրված կամ կախված լինեն: Երեխան ինքը կորոշի՝ երբ աշխատել այգում, ինչ գործ անել: Ծառ ու ծաղիկ տնկող, կենդանիներ խնամող երեխան շրջակա միջավայրը պահպանելու, այդ միջավայրում ապրելու կուլտուրա ձեռք կբերի: Բնական ճանապարհով, գործունեության ընթացքում, բնությամբ զբաղվելու արդյունքում կձևավորվեն աշխատանքային հմտություններ:

Բակ-պարտեզը լավագույն խաղահրապարակն ու խմբասենյակն է ցանկացած ժամանակ:

Տարվա բոլոր եղանակներին  էլ բակն առողջարար է, ֆունկցիոնալ, հետաքրքիր, զարգացնող:

Ամառային բակ-պարտեզ

Խմբասենյակի ողջ նկարագրությունը հավասարապես վերաբերում է նաև բակին: Երեխաները ողջ օրը կանցկացնեն ամառային պարտեզում՝պաշտպանվելով խմբասենյակի խեղդող, ճնշող տոթից, այն, ինչ երեխան խմբասենյակում կաներ, ավելի մեծ սիրով և օգուտով բակում կանեն: Այստեղ ասֆալտի գոյությունը պիտի բացառվի, միայն մանր ավազ, խոտով ու ծաղիկներով ծածկված հող, դրանք ոչ միայն անվտանգ են, այլև լավ «շինանյութ» են խաղ-գործունեության համար: Բակում լողավազան պիտի լինի /սկզբի համար՝ գոնե փչվող/, հովանոցներ, պառկելու, արևային լոգանք ընդունելու հարմարություն, ճոճանակներ, գամակներ, պլաստմասսե տարբեր հարթություններ, սեղան-աթոռներ, փչովի օղակներ, խաղալիքներ, նստարաններ, պտտօղակներ, պարաններ,  գնդակներ: Բակը պիտի ամառային լողափ լինի՝հով, ծառածածկ, ազատ, անվտանգ:

Բակում՝ երևացող տեղում, մաքրելու միջոցներ, դույլեր, աղբաման, փոքր գյուղատնտեսական գործիքներ պիտի լինեն:

Երեխան չի հոգնում գործունեությունից /խաղից, աշխատանքից, պարապմունքից/ որը համապատասխանում է նրա ֆունկցիոնալ կենսական պահանջմունքներին:

Հիմնական խաղային գոտիներ կամ աշխատանքային կենտրոններ 

Առարկայական զարգացնող միջավայրին ներկայացվող մանկավարժահոգեբանական պահանջները

Մտավոր դաստիարակության հիմքում ընկած զգայական դաստիարակությունն ապահովում է երեխայի զգայարանների զարգացումը՝որպես շրջապատող միջավայրի գույները, ձայները, ձևերը, հոտերը, համերը ընկալելու, յուրացնելու միջոց: Նախադպրոցականների զգայական դաստիարակության խնդիրները (ճանաչել, տարբերակել և անվանել գունային երանգները, հոտերը և համերը, նյութի որակը, ջերմաստիճանը, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշումը, հույզերը) իրականացվում են ծրագրում նախատեսված պարապմունքներում, գործունեության ձևերում և առօրյա կյանքում՝ նպաստավոր շրջակա միջավայրի միջոցով: Հատուկ ստեղծված զարգացնող առարկայական միջավայրի միջոցով ապահովվում է երեխաների դիտունակության զարգացումը, երեխաները սովորում են տեսնել, ընկալել, իմաստավորել շրջապատող առարկաները, նրանց առանձնահատկությունները, նշանակությունը, նմանությունները և տարբերությունները, համամասնությունը, նախշազարդումը, գիտակցում են շենքերի կառուցվածքի և նշանակության փոխկախվածությունը, ընդարձակում են պատկերացումները մասնագիտությունների, նրանց նշանակության, առանձնահատկությունների մասին:

Առարկայական-խաղային միջավայրը պետք է լինի տարատեսակ, բազմաֆունկցիոնալ և տարբերակային, խաղային տարածքը՝ համապատասխանի երեխաների սոցիալական զարգացման կարիքներին:

Հիմնական խաղային գոտիները կամ աշխատանքային կենտրոնները լինում են

  • Ստեղծագործական, սյուժետա-դերային
  • Բացօթյա կամ բակային
  • Կառուցողական (խաղադեկորներ)
  • Կերպարվեստ 
  • Գրագիտություն
  • Մաթեմատիկա
  • Բնագիտություն (ավազ և ջուր)
  • Երաժշտություն

Հիշեք, որ՝

  • Առարկայական միջավայրը հարմար է անվանել խաղային գոտիներ կամ աշխատանքային կենտրոններ: Պետք է ունենալ նաև հանգստի գոտի:
  • Մերժելի է խաղային անկյուն անվանումը
  • Առարկայական միջավայրը որպեսզի զարգացնող լինի, պետք է պարբերաբար փոփոխվի՝ երեխաների հետաքրքրությունը շարժելու և ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով
  • Խաղալիքների ավելցուկը խանգարում է երեխաներին մտածել
  • Թափոնների առկայությունը, ինքնաշեն նյութերի պատրաստումը նպաստում է «առարկա-փոխարինողների» օգտագործմանը, դառնում ստեղծագործական  կարողությունների զարգացման հզոր խթան
  • Փոքրիկների խմբերում պետք է լինեն միատեսակ, միագույն խաղալիքներ
  • Երեխաների ուշադրությունը չշեղելու և դաստիարակի կողմից վերահսկումը իրականացնելու նպատակով  առաջարկվում է աշխատանքային կենտրոններն առանձնացնել թափանցիկ շիրմաներով
  • Մեծերի կողմից խաղերին անհարկի միջամտությունները խանգարում են երեխաներին
  • Կենտրոնները պետք է տեղադրել ըստ նշանակության հարմար տեղերում
  • Ուսուցման գոտու հատուկ առանձնացման հարկ չկա
  • Անհրաժեշտ նյութերի մեջ կարելի է լրացումներ կատարել
  • Որպեսզի միջավայրը զարգացող լինի, պետք է՝

ա) հնարավորություն ընձեռի երեխաների անհատական զարգացման համար

բ) երեխաներին մղի ստեղծագործ, ինքնաբուխ գործունեության

գ) համապատասխանի երեխաների կարիքներին, հետաքրքրություններին զարգացման մակարդակին:

Ստեղծագործական, սյուժետային խաղեր

Նպատակն է՝

Երեխաների համար ստեղծել առանձնահատուկ հնարավորություն իրական կյանքում տեսածը և զգացածը արտացոլելու համար, դրանով իսկ նպաստելու ինքնաճանաչմանը, ինքնադրսևորմանը:

Անհրաժեշտ նյութեր՝

Գլխարկներ, դիմակներ, հագուստ,կոշիկներ, աքսեսուարներ, տիկնիկներ, տիկնիկի օժիտ (մահճակալ, հայելի, սպասք…)…

Նպաստում է՝

Ուշադրության կենտրոնացմանը, հետաքրքրությունների ընդլայնմանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ակնհայտ իրադրությունների մեկնաբանմանը, ինքնավերահսկմանը, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու, հաղորդակցական կարողությունների, զգայարանների զարգացմանը, պատասխանատվության բարձրացմանը:

Բացօթյա կամ բակային խաղեր

Նպատակը՝ 

Ծանոթացնել շրջակա միջավայրին և օգնել երեխաներին հասկանալու, թե ինչպես են իրենց զգում շրջապատում: Խմբասենյակում կազմակերպված պարապմունքից հետո աշխատանքային կենտրոնի ինքնատիպ տարածումն է բացօթյա միջավայրում: Խոսքի զարգացման, կերպարվեստի, երաժշտության, ֆիզիկական դաստիարակության, էկոկրթության և ծրագրի այլ բաժիններից շատ պարապմունքներ հարմար կլինի կազմակերպել դրսում:

Անհրաժեշտ նյութեր՝

Տաղավար, ճոճանակներ, ֆիզ. պարագաներ, խաղեր ավազով, ջրով, ստվերոտ տարածք, երթևեկության խաչմերուկ…

Նպաստում է՝

Ակտիվության, արագ կողմնորոշման, հաղորդակցական հմտությունների, ամենօրյա շարժողական ռեժիմի իրականացմանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու դրսևորմանը:

Կառուցողական խաղեր (խաղադեկորներ)

Նպատակը՝

Նույնատիպ (իրական կառույցների նման) կամ երևակայական կառույցների (շենքեր, կոթողներ, կամուրջներ, դարպասներ, կամարներ, հեքիաթային տնակներ, աշտարակներ, կենդանաբանական այգիներ…) ստեղծում:

Անհրաժեշտ նյութեր՝

Խորանարդներ, աղյուսներ, կամարներ, բուրգեր և այլ շինարարական նյութեր, բեռնատար, ինքնաթափ մեքենաներ, ինքնաթիռ, տարբեր չափերի և ձևերի մարդիկ, կենդանիներ, տիկնիկներ, ծառեր…

Նպաստում է՝

Տրամաբանական, մաթեմատիկական մտածողության զարգացմանը,սոցիալական խնդիրների լուծմանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանը, ուշադրության կենտրոնացմանը, ձեռք-աչք գործունեության կոորդինացմանը:

Արվեստ (կերպարվեստ, երաժշտություն)

Նպատակը՝

Նկարելու, ծեփակերտման, օրիգամիի, սոսնձման եղանակով արգասաբեր գործունեության կազմակերպում, նորանոր ինքնաշեն նյութերով խաղերի հարստացում, տարբեր նշանակության նյութերի համադրում, կոմպոզիցիայի ստեղծում, սեփական աշխատանքներով գրքերի կազմում:

Զգայական փորձով նորությունների հայտնաբերում, համակցված պարապմունքների կազմակերպման ժամանակ արվեստների կարևորում թե՛ գեղագիտական ճաշակի ձևավորման, թե՛ բուժական թերավպիայի ուղղությամբ:

Անհրաժեշտ նյութեր՝

Ներկեր, թղթեր, գունավոր թղթեր, նկարակալ, վրձին, մկրատ, մատիտ, կավիճ, կտորեղեն, գործվածքեղեն, մետաղալարեր, բնական նյութեր (տերևներ, կոներ, ծաղիկներ, ավազ, ապարներ, սոսինձ, ծեփոն (պլաստիլին), նկարիչների աշխատանքներ, նկարներ պատերի ձևավորման համար, երգահանների նկարներ, ստեղծագործություններ, երաժշտական գործիք-խաղալիքներ, տոնական հագուստ, աքսեսուարներ)

Նպաստում է՝

Ստեղծագործական, իրենց սեփական փորձը հետազոտելու կարողությունների, խոսքային և ոչ խոսքային հաղորդակցական հմտությունների զարգացմանը, ինքնագնահատմանը, փոքր մկանային խմբերի զարգացմանը, նորանոր աշխատանքների ստեղծման նպատակով ոգեշնչմանը և խանդավառմանը, ճկուն և ռիթմիկ պարային քայլքին:

Գրագիտություն

Նպատակը՝ 

Խմբասենյակում հանգիստ միջավայրի ստեղծում, որտեղ երեխաները կարող են հանդիպել տառերի հետ, նստել և գրքեր ուսումնասիրել, ունկնդրել մեծերի կողմից ընթերցված պատմությունները, «կարդալ» և լսել ընկերների «կարդացածը», հորինել, անգամ բեմադրել փոքրիկ պատմություններ:

Անհրաժեշտ նյութեր՝

Թղթեր, գունավոր մատիտներ, մանկական պատկերազարդ գրքեր, անհատական քարտեր «Գրադարան» խաղի համար, առարկայական և սյուժետային նկարներ, տպագիր տառերի ուրվանկարներ, ծրարներ, թերթեր, ամսագրեր, բացիկներ, դրոշմանիշներ, երեխաների թելադրություններ (ավագ խմբում՝ նաև գրաֆիկական), քանոններ, ալբոմներ, աշխատանքային տետրեր…

Նպաստում է՝

Սովորել ցանկանալուն, ընթերցանության արժևորմանը և ընթերցելու ձգտման ձևավորմանը, ուշադրության կայունացմանը, փոքր շարժողական մկանների, ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ավագ խմբում գրուսուցման նախապատրաստմանը, ինքնագնահատականին:

Մաթեմատիկա

Նպատակը՝ 

Սովորել սովորել, տրամաբանել: Ձեռք բերել կազմակերպական և համակարգման փորձ:

Անհրաժեշտ նյութեր՝

Կառուցողական նյութեր, խաղալիքներ, խաղեր, ուլունքներ, բնական նյութեր, ավագ խմբում աշխատանքային տետրեր, պաստառներ, երկրաչափական պատկերներ, հանելուկներ…

Նպաստում է՝

Առարկաների համեմատմանը, դասակարգմանը, նմանության և տարբերության բացահայտմանը, հերթագայմանը, հաշվառմանը և հաշվելուն, մտքեր փոխանակելու, բանակցելու, կշռադատելու, կռահելու և խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը, աչք-ձեռք աշխատանքի կոորդինացմանը:

Բնագիտություն

Նպատակը՝

Խմբասենյակի հարմար հատվածում համապատասխան միջավայրի ստեղծում, որտեղ երեխաները կարողանան կատարել հետազոտություններ, եզրահանգումներ անել՝հարստացնելով սեփական կենսափորձը կենդանի և անկենդան բնության, բնական երևույթների մասին պատկերացումներով:

 Անհրաժեշտ նյութեր՝

Տարիքային խմբերի համար նախատեսված սենյակային բույսեր, խնամքի պարագաներ, բնության օրացույց, նկարներ, մագնիս, ծաղիկներ և այլ նյութեր ծազկահարդարման համար:

Նպաստում է՝

Էկոկրթական գիտակցության ձևավորմանը, պատկերացումների ընդլայնմանը, զգայական զարգացմանը, սիրո և խնամքի դաստիարակմանը:

Ավազ և ջուր

Նպատակը՝

Ստեղծվում են հնարավորություններ զգայարանների օգտագործման, մտածելու, ստեղծագործելու, հետազոտություններ անելու, զովանալու համար:

Անհրաժեշտ նյութեր՝

Դույլեր, գավաթներ, թասեր, գդալներ, մաղեր, գոգաթիակներ, ձագարներ, անիվավոր և ջրի մակերեսի վրա լողացող թեթև խաղալիքներ, կաղապարներ:

Նպաստում է՝

Զգայական դաստիարակության, տարրական մաթեմատիկական պատկերացումների, հետազոտական, ստեղծագործական, խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը, տեսողական զգայարանի և ձեռքի շարժումների կոորդինացմանը:

Նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման

մանկավարժական գնահատականը

Նախադպրոցական կրթական համակարգում այսօր մեծ նշանակություն է ստանում անձի զարգացման և ձևավորման արժևորումը: Երեխայի անձի ձևավորումը (նախաձեռնողականություն, ինքնուրույնություն, պատասխանատվություն, միջանձնային, սոցիալ-հուզական, ճանաչողական զարգացում և այլն) պահանջում է կրթության համակարգի նախագծում, հիմքերի ձևավորում նախադպրոցական տարիքում:

Ի՞նչն է գնահատելի նախադպրոցական ոլորտում: Գնահատելի է երեխայի զարգացման առկա վիճակը և ընթացքը, ինչպես նաև նախադպրոցական հաստատության աշխատանքի բոլոր ոլորտները: Դրանք են՝ ծրագրային բոլոր բաժինների ուղղությամբ խնդիրների ստեղծումը, դպրոցական ուսումնառության նախապատրաստումը և այլն:

Գանահատման շրջանակն է՝ ո՞վ, ու՞մ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, նպատակ, միջոց և պայման բաղադրիչները, գնահատման չափանիշները:

Մանկավարժական գնահատականի ընդհանուր սկզբունքներն են՝

  • երեխայի հետ հաղորդակցման կարևորության գիտակցում դաստիարակի կողմից
  • հստակության, լիարժեքության, արդարության, արդյունքի և  որակի  ապահովում 
  • մանկավարժական գնահատականի պաշարում մասնավոր գնահատականներից
  • շփման ընթացքում հետադարձ կապի ապահովում

Դաստիարակի մանկավարժական աշխատանքի արդյունավետությունը բացահայտող միջոցներն են՝

  • զրույցներ
  • ռեժիմային բոլոր պահերի, երեխաների գործունեության տարբեր տեսակների դիտարկումներ, փաստերի հավաքագրում, վերլուծում
  • մանկավարժական փաստաթղթերի և երեխաների կատարած աշխատանքների ուսումնասիրություն և վերլուծում
  • տնօրենի, ավագ մանկավարժի գնահատող գրառումները
  • դաստիարակի, երեխաների, գործընկերների, ծնողների, տնօրինության կարծիքը
  • ցուցահանդեսների կազմակերպումը:

Յուրաքանչյուր երեխայի զարգացման համար վիճակը գնահատելու համար նրա փաստացի վիճակի իմացության կարիք է զգացվում:

Երեխայի զարգացման գնահատականը հիմնվում է անընդմեջ դիտարկումների (տեղեկատվության հավաքագրումը հիմնական մեթոդն է), որոշակի պայմանների ստեղծման և կանոնների պահպանման վրա: Կարևոր են նաև երեխայի կողմից հարցերին պատասխանելը, նրա աշխատանքների պահպանումը (դրանցով կարելի է դատել երեխայի հոգեվիճակի, հետաքրքրությունների, ինքնադրսևորման և այլնի մասին), զրույցները ծնողների և երեխաների հետ:

Տեղեկատվական աղբյուրներն են՝ երեխան, խումբը, մեծահասակները, երեխայի կյանքի պայմաններն ընտանիքում:

Ընդհանուր խմբի գնահատման ժամանակ կարելի է դիտարկել մի շարք երեխաների (անհնար է նույն ուշադրությամբ ողջ խմբին դիտել) վարքագիծը, գործողությունները, մտածելու կերպը, համագործակցության առաջարկը, հաղորդակցման ոճը, զարգացման առաջընթացը՝ կատարելով անհրաժեշտ սեղմ գրառումներ, հավաքագրել փաստեր, կատարել ստացած տվյալների հաշվառում և արդյունքների մեկնաբանություն:

Մանկավարժական գնահատման ճանապարհի հնարավոր դժվարությունների, խոչընդոտների ու վտանգների պատճառ կարող են լինել ոչ միայն արտաքին գործոնները (երեխաների մեծ թիվը, ժամանակի սղությունը), այլև դաստիարակի տարիքը, փորձը, հուզակամային որակները, անհատականությունը, հոգեբանական մթնոլորտը, անտարբերությունը, համակրանքը (հիացմունքը) կամ հակակրանքը որևէ երեխայի նկատմամբ, իր աշխատանքի նկատմամբ սիրո բացակայությունը և այլն: Այս ամենը խոսում են այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մանկավարժական գնահատականը:

Մանկավարժական գնահատումը նախադպրոցական 

համակարգում

Ի՞նչն է գնահատելի նախադպրոցական ոլորտում

Գնահատելի է  երեխայի զարգացման առկա վիճակը և ընթացքը մինչև ամբողջ նախադպրոցական հաստատության աշխատանքի բոլոր ոլորտներ: Մանկապարտեզի գործունեության ոլորտներն են՝ ծրագրային բոլոր բաժինների ուղղությամբ խնդիրների իրագործում, բարվոք միջավայրի և պայմանների ստեղծում, դպրոցական ուսումնառության նախապատրաստում, փորձագիտություն և սոցիալ հուզական զարգացում:

Դաստիարակի մանկավարժական աշխատանքի արդյունավետությունը բացահայտող միջոցներն են՝

— ռեժիմային բոլոր պահերի դիտումներ և զրույցներ

— դաստիարակի, երեխաների, գործընկերների, ծնողների, տնօրինության կարծիքը

— երեխաների գործունեության դիտարկումներ, փաստերի հավաքագրում, վերլուծում

— մանկավարժական  փաստաթղթերի  և  երեխաների  կատարած  աշխատանքների ուսումնասիրություն և վերլուծում: Տնօրենը, ավագ մանկավարժը և դաստիարակը պետք է կատարեն գնահատող գրառումներ՝ լավ կամ վատ, ցանկալի և ոչ ցանկալի, ընդունելի կամ ոչ և այլն

— ցուցադրական վահանակներում առանձին երեխաների (օրինակ՝ շաբաթվա երեխա) կամ աշխատակիցների դրական աշխատանքի գնահատումը և ներկայացումը մանկավարժական կադրերի և աշխատակիցների ներուժի օգտագործումը

— ցուցահանդեսների կազմակերպումը և այլն:

Կարևոր է ցանկալի կատարման նախնական խթանիչ գնահատականը, ինչպես նաև պլանավորած աշխատանքների ներդրման արդյունքների գնահատումը: Այն կարող է լինել ամփոփիչ ժամանակային կտրվածքով (ամիս, տարի, միջոցառումից միջոցառում…) կատարման ընթացք և արդյունք:

Կարևոր է նաև ղեկավարի շփման ոճը և ոճի ազդեցությունը կոլեկտիվի աշխատանքի արդյունքի վրա, աշխատակազմի անձնային հատկանիշների և ինքնագնահատականի, մանկավարժական իրավիճակներից դուրս գալու հնարների և միջոցառումների կազմակերպման գնահատումը:

Գնահատման շրջանակն է՝ ո՞վ, ու՞մ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ նպատակով, միջոցներով, պայմաններով բաղադրիչներն ու գնահատման չափանիշները: 

Գնահատման համար անհրաժեշտ է ունենալ հարցաշարեր, հուշաթերթեր, քարտեր:

Գնահատումը պահանջում է մեթոդամանկավարժական պատրաստվածություն և ըստ չափանիշների զգույշ գործելու կարողություն: Օրինակ՝ խաղի ընթացքում պետք է խուսափել անհարկի միջամտություններից, անգամ խրախուսանքից (ապրե՛ս, ճիշտ է, այդպես…) դեպքում:

Այսպիսով, գնահատումը արժեքի և արդյունավետության անընդմեջ հետազոտումն է:

Մանկակենտրոն խումբ. Ինչպիսին է այն

(ավագ նախադպրոցական տարիք)

  • Մեծ և հարմար տարածություն ամբողջ խմբի հավաքների համար
  • Փոքր խմբերի համար՝ միջին չափի տարածքներ՝ իրարից բավականաչափ հեռու, որ չխանգարեն երեխաներն իրար կամ նվազեցվի աղմուկը (կարելի է շիրմայով անջատում)
  • Փոքր, անաղմուկ տարածքներ, որ հնարավոր լինի ինքնուրույն խաղալ կամ 2-3 երեխա կարողանան աշխատել
  • Համագործակցության համար սեղանների դասավորության հարմար լինելը 
  • մաթեմատիկական մանիպուլյատիվ խաղերով զբաղվելու համար տարածքները
  • Գրքերի, պիտույքների մատչելի և հասանելի լինելը
  • Երեխաների և նյութերի համար տեղերի նախանշված լինելը նաև երեխաների կողմից
  • Երեխաների մասնակցությունը խմբասենյակի կահավորմանն ու դասավորությանը
  • Նյութերում և ցուցադրումներում երեխաների մշակույթի արտացոլումը
  • Կարպետներով, բարձերով փափուկ տեղերի ստեղծումը
  • Ցուցադրումների, երեխաների ընթացիկ աշխատանքների, նկարների, ուղերձների հարմար բարձրությամբ փակցնելը
  • Խմբի կանոնները
  • Օրվա ռեժիմը
  • Երեխաների ընտրության հնարավորությունները:

Աշխատանքի կազմակերպումը տարիքային խառը խմբերում

Խառը խմբերում աշխատանքի կազմակերպումը այնքան էլ դժվարին գործընթաց չէ, որքան կարծում են մանկավարժները: Աշխատանքի ճիշտ կանոնակարգման դեպքում, հտկապես կիրառական տեսակետից, լուծելի են դառնում դաստիարակչական խնդիրները:

Մանկավարժական գործընթացի արդյունավետ կառուցման նպատակով պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշել խմբի կազմը, առանձնացնել 2-3 ենթախմբեր և ըստ ենթախմբերի կազմակերպել կրթադաստիարակչական աշխատանք:

Երեք խմբերի դեպքում. 2 խմբերը համալրել միատարիք, իսկ 3-րդը՝ խառը տարիքի երեխաներով:

Եթե մանկապարտեզը 1 խմբանոց է, ապա որպես կանոն ընդգրկվում են 2-3 տարեկանից մինչև 6 տարեկան երեխաներ: Հնարավորության սահմանում հարմար է առանձնացնել նաև 5-6 տարեկանների խումբը և կրթական աշխատանքներ իրականացնել հատուկ ծրագրով: Ընդհանուր ռեժիմը սահմանելիս 3-6 տարեկանների խմբում հիմք է ընդունվում միջին տարիքի ռեժիմը՝ ռեժիմային պահերի տևողության մեջ կատարելով որոշ փոփոխություններ(սահող ռեժիմ), որոնք չպետք է գերազանցեն 5-10 րոպեն: Սահող ռեժիմի կարիք ունեն նաև թույլ, հաճախ հիվանդացող երեխաները: Ամենից առաջ պետք է  երկարացնել նրանց քնի տևողությունը (քնեցնել սկզբում, արթնացնել վերջում), ստեղծել խաղաղ միջավայր, իջեցնել ուսումնական ծանրաբեռնվածությունը՝ հանելով համեմատաբար դժվար առաջադրանքները: Առօրյա, կենցաղային պահերը կազմակերպելիս սկսել կրտսեր խմբերից՝ զարգացնել երեխաների ինքնուրույնությունը, դաստիարակելով բարեկիրթ վարք:

Դաստիարակը ղեկավարում է խմբի մեծամասնությանը, իսկ օգնականը՝ մյուս մասը: Այնուհետև դաստիարակը աշխատում է մնացած երեխաների հետ:

Զբոսանքները, շարժուն խաղերը կարելի է կազմակերպել ամբողջ խմբի կամ երկու սահմանակից ենթախմբերի հետ: Խաղերը փոքրերի հետ նպատակահարմար է կազմակերպել զբոսանքի ընթացքում, իսկ ավագների հետ՝ սկզբում: Կրտսերների քունը կազմակերպվում է ավելի շուտ, միատարիք խմբի համեմատությամբ քնի տևողությունը կրճատվում է: Սկզբում հանվում են ավագները, ապա կրտսերները: Անգամ խմբում 1 երեխայի դեպքում պետք է առաջնորդվել հատուկ ծրագրով:

Կազմակերպվում են 3 տիպի պարապմունքներ: Պարապմունք մեկ բաժնի գծով ամբողջ խմբի հետ (բոլորը նկարում են կամ պատմում նկարը…): Պարապմունք բոլոր երեխաների հետ, սակայն տարբեր բաժիններից՝ ենթախմբերով (1 ենթախումբը նկարում է, մյուսը՝ մաթեմատիկայի պարապմունքի է մասնակցում): Պարապմունք մեծ տարիքային ենթախմբի հետ (մյուս ենթախումբը ինքնուրույն խաղում է):

Նման պարապմունքների կազմակերպման կարևոր պայմանը ծրագրային բովանդակության և հիմնական թեմայի ճիշտ ընտրությունն է:

Դա նշանակում է, որ պլանավորման ժամանակ ընդհանուր լինեն ոչ միայն ծրագրերի համապատասխան բաժինը, այլև տվյալ բաժինների թեմաները կամ գործունեության ձևերի առավել կոնկրետ մասերում:

Խաղը:  Հատուկ ուշադրություն նվիրել խաղերի թեմաների և բովանդակության հարստացմանը և զարգացմանը՝ խրախուսելով երեխաների մտահղացումները:

Դիտակտիկ և շարժուն խաղերում երեխան գիտակցելով խաղի կանոնների կատարման անհրաժեշտությունը, աստիճանաբար տիրապետում է իր վարքագծին հաղորդակցական ունակություններին, համակեցության նորմերին: Դա դպրոց է տանում:

Կարևոր է նաև հերթապահությունը, հանձնարարությունների կատարումը, ինքնասպասարկումը առարկայական-գործնական և ձեռքի աշխատանքի՝ երեխաներին ազատ ստեղծագործական տարատեսակ աշխատանքներին հաղորդակից դարձնելու նպատակով:

Զարգացնող միջավայրի մոդելավորումը՝ աշխատանքային կենտրոնների ձևավորմանը ներկայացվող պահանջները

Ժամանակակից մանկապարտեզում զարգացնող միջավայրի կառուցումը նախադպրոցական կրթության բարեփոխումների, զգայարանների զարգացման գլխավոր պայմանն է: Առարկայական-խաղային միջավայրը ընդգրկում է աշխատանքային տարբեր կենտրոններ, ուր զետեղված խաղալիքներն ու խաղերը, իրերն ու առարկաները՝ անընդհատ փոփոխվելով, նրանցով կազմակերպվող գործունեությամբ զարգացնում են երեխաների հոգեկան գործընթացները, զգայական փորձը, գեղագիտական զգացմունքները, հույզերը, ճաշակը և այլն:

Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսվում են համապատասխան նյութեր, որոնց օգնությամբ ընդարձակվում և ճշտվում են երեխաների ընկալումները:

Միջավայրի ձևավորումը պետք է առաջացնի տվյալ գործունեությամբ զբաղվելու ձգտում և վերաբերմունք:

Զարգացնող միջավայրի կազմում են նաև երեխաների ստեղծագործական աշխատանքների  ցուցադրումները սրահում, դահլիճում, խմբում: Երեխան իր աշխատանքը տեսնելով ընկերների աշխատանքների կողքին, հնարավորություն է ստանում համեմատելու, գնահատելու, ուրախանալու: Միջավայրը պետք է համապատասխանի երեխաների հոգեբանակենսաբանական առանձնահատկություններին, խմբի ձևավորմանը՝ մոտ տան պայմաններին: Առարկայական խաղային միջավայրը պետք է լինի տարատեսակ, բազմաֆունկցիանալ և տարբերակային, խաղային տարածքը՝ համապատասխանի երեխաների սոցիալական զարգացման կարիքներին, ապահովված ուսումնական և դիդակտիկ նյութերով, տարբեր առատության խաղերով և խաղալիքներով: Ցանկալի է, որ երեխաները մասնակից լինեն տարածքի ձևավորմանը, միջավայրի ստեղծմանն ու վերափոխմանը:

Ուսուցման նորացված մեթոդների կիրառումը մանկապարտեզում

ա/ Պարապմունք և խաղ, պարապմունքների կառուցվածքային տարբեր մասերում խաղային շարժառիթների օգտագործումը,

բ/  Երեխաների ուսուցման եղանակները

Ուսուցման հակադիր ձևեր են համարվում պարապմունքները և խաղերը:

    Պարապմունքները ուսուցման կազմակերպված ձևեր են

Պարապմունքների կազմակերպմանը ներկայացվող մանկավարժական պահանջներն են.

  • նպատակաուղղվածություն և դրան համապատասխան պայմաններ,
  • մանկավարժի բարյացկամ և դրական հուզական վերաբերմունք,
  • մանկավարժական հմուտ և ճկուն ուղղորդում,
  • խաղային հնարների, շարժառիթների և ֆիզդադարների օգտագործում:

Պարապմունքների կազմակերպման ձևերն են՝ անհատական, ենթախմբերով և համընդհանուր, որոնք կարող են վարվել կախված պարապմունքների բնույթից:

Պարապմունքների օրինակելի ցանկերը (ըստ խմբերի) կազմելիս պետք է հաշվի առնել հետևյալ պահանջները՝

  • պարապմունքների անցկացման վայրը,
  • տևողությունը,
  • կառուցվածքային մասերը (ԽԻԿ համակարգ),
  • տեսակները (ուսուցում, ամրապնդում, խորացում, կրկնողություն և խառը տիպեր)

Պարապմունքների մանկավարժական վերլուծման մոդելները (քարտեր, գծապատկերներ), ըստ որոնց դիտարկվում, վերլուծվում և գնահատվում է երեխաների զարգացման ընթացքը և դաստիարակի մանկավարժական վարպետությունը: Պարապմունքի հակադիր ձևը խաղն է և խաղային դրդապատճառների օգտագործումը պարապմունքների կառուցվածքային տարբեր մասերում: Այս տեսակներից խաղի և պարապմունքի ինքնատիպ միավորում են դառնում դիդակտիկ խաղերը՝

  • խաղի միջոցով զարգանում են երեխայի հոգեկան գործընթացները
  • խաղը նպաստում է գործունեության այլ ձևերի (աշխատանքային, ուսումնական) առանձնացմանը,
  • խաղում ազատ, ինքնուրույն գործում են, ինքնարտահայտվում
  • խաղը՝ որպես ստեղծագործական գործունեություն, նպաստում է երեխայի անհատական առանձնահատկությունների բացահայտմանը և ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը
  • խաղը նպաստում է աշխարհաճանաչմանը, որպես իմացական գործունեություն
  • խաղի ընթացքում զարգանում են բարոյակամային որակները և հուզազգացմունքային ոլորտը:
  • Խաղը երեխայի զարգացման և դաստիարակության լավագույն միջոցն է, նրա կենսագործունեության կազմակերպման կարևոր ձևը:

Խաղային բնույթով պարապմունքների և խաղերի կազմակերպումը, համակեցության կանոններով աշխատանքը տանում են երեխային դեպի դպրոց, ակտիվ ուսումնառություն: դիդակտիկ, զարգացնող, շարժուն, սյուժետադերային, կառուցողական, ռեժիսորական, թատերականացված, խաղ-հետազոտությունները կարգավորում են հաշվեկշիռը բոլոր խաղերի միջև, օգնում հաճույքով ստանալու տեղեկատվություն և կառուցելու գիտելիք:

Ուսուցման ակտիվ մեթոդների կիրառումը օգնում է երեխային հենց պարապմունքի սկզբից «պասիվ լսողից» անցնելու «ներգրավված մասնակցի» կարգավիճակի: Ուսուցման ակտիվ մեթոդ են ջերմացնող մտքերը, մտավարժանքները և այլն: Մտքերի տարափի (ուղեղի գրոհ) ժամանակ երեխաներին տրվում է մտքերի անհրաժեշտ փոխանակության և համագործակցության հնարավորություն: Կարելի է նաև կիրառել «Հետադաձ մտքերի» մեթոդը: Այս դեպքում երեխաներին ծանոթացվում է պրոբլեմի հետ, նկարագրվում իրադրությունը, այն լուծելուց հետո հարցերով և պատասխաններով պարզում, թե ինչ հանգամանքներ բերեցին այդ պրոբլեմի փոփոխություններին:

Նման մեթոդների կիրառումը հարմար է նաև աշխատակիցների հետ թրենինգների, սեմինարների վարելու ընթացքում:

Հակիճ ներկայացնենք, թե ըստ մտածողության տեսակի ինչ են անում երեխաները և գործնական աշխատանքում դա նկատի ունենալ:

  • Խոսքային-լեզվական մտածողությամբ երեխաները ուժեղ են բառերով մտածելու, պատմություններ պատմելու մեջ, սիրում են պատմել, խոսել և մտապահել, ամենից լավ սովորում են լսելու, խոսելու, մտքեր փոխանակելու միջոցով:
  • Տրամաբանամաթեմատիկական մտածողությամբ երեխաները ուժեղ են կռահելու, բացահայտելու մեջ, սիրում են հարցեր տալ, փորձեր կատարել, սովորում են դասակարգելու, համեմատելու միջոցով:
  • Տարածական մտածողությամբ երեխաները ուժեղ են նկարելու, երևակայելու, մտավոր պատկերներ ստեղծելու մեջ, նրանք սիրում են ձևավորել, ստեղծագործել, նկարել, երազել և նկարներ նայել, սովորում են պատկերների և գույների հետ աշխատելու, պատկերացնելու և նկարելու միջոցով:
  • Մարմնաշարժողական մտածողությամբ երեխաները ուժեղ են մարմնամարզության, պարի արհեստների մեջ,սիրում են շարժման մեջ գտնվել, ամենից լավ սովորում են շարժվելու և գիտելիքը մարմնական զգացողություններով անցկացնելու միջոցով:
  • Երաժշտական մտածողությամբ երեխաները ուժեղ են ձայնակցելու, մեղեդիներն ու ռիթմը մտապահելու մեջ: նրանք սիրում են երգել, նվագել և երաժշտություն լսել: Ամենից լավ նրանք սովորում են ռիթմի, մեղեդու և երաժշտություն լսելու միջոցով:
  • Միջանձնային մտածողությամբ երեխաները ուժեղ են մարդկանց հասկանալու, կազմակերպելու, հաղորդակցվելու, հակասությունները հարթելու և համոզելու մեջ: Նրանք սիրում են ընկերներ ունենալ, շփվել մարդկանց հետ: Ամենից լավ նրանք սովորում են մտքեր փոխանակելու, հարցուփորձ անելու և համագործակցելու միջոցով:
  • Ներանձնային մտածողությամբ երեխաները ուժեղ են իրենց հասկանալու, անձնական ուժեղ և թույլ կողմեր ճանաչելու, անձնական նպատակները նախանշելու մեջ: Նրանք սիրում են աշխատել միայնակ, մտորել, զբաղվել իրեն հետաքրքրող գործով: Ամենից լավ նրանք սովորում են միայնակ աշխատելու, անհատական աշխատանքներ կատարելու միջոցով:
  • Բնագիտական մտածողությամբ երեխաները ուժեղ են բնությունը հասկանալու, ճանաչելու մեջ: Նրանք սիրում են լինել բնության մեջ: Ամենից լավ նրանք սովորում են հետազոտել բնությունը, բնական երևույթները, կենդանիներին, բույսերին:

Պարապմունքներ և գործունեության ձևեր

Պարապմունքները եղել և հիմնականում այսօր էլ որոշ հաստատություններում մնում են որպես ուսուցման գերիշխող ձև՝ մոռանալով երեխաների կարիքների և հետաքրքրությունների մասին, թե ինչպես կուզենա նա գիտելիք ձեռք բերել: Պարապմունքների ձևով իրականցվող ուսուցման ընթացքում երեխաները տիրապետում են որոշակի գիտելիքների և կարողությունների, որոնք չեն կարող յուրացվել խաղերի, մեծերի հետ հաղորդակցման և ինքուրույն գործունեության ընթացքում: Ուսուցումը պետք է կատարել ամենից շատ խաղային բնույթով և խաղի մեջ:

Պարապմունքներում և գործունեության այլ ձևերում երեխաների նվազագույն և առավելագույն ծանրաբեռնվածությանը ներկայացվող պահանջները՝ երեխաների կանոնավոր ծանրաբեռնվածությունը խաթարվում է, եթե կրթության բովանդակությունը, ուսուցման ձևերը, մանկապարտեզի ռեժիմը չեն բխում երեխաների տարիքային առանձնահատկություններից և հնարավորություններից:

Մտահոգիչ է երեխայի տարիքային և անհատական առանձնահատկություններին անհամապատասխան օրվա պարապմունքների թիվը և տևողությունը: Մանկապարտեզներում լրացուցիչ (օտար լեզու, պար, կերպարվեստ, ֆիզկուլտուրա և այլն) կազմակերպվող պարապմունքները նույնպես ծանրաբեռնում են երեխային, թուլացնում աշխատունակությունը, որի վերականգնմանը չեն օգնի ցերեկային քունն ու հանգիստը: Հոգնածությունից բացի, դա լուրջ հետևանքներ կունենա երեխաների առողջության վրա:

Ուսումնական ծանրաբեռնվածության հիգիենիկ պահանջներով առաջնորդվելու համար խորհուրդ է տրվում՝

  • Չխախտել նախադպրոցական կրթության օրենքով սահմանված խմբերում երեխաների ընդգրկվածության թիվը
  • Կատարել ռեժիմի (կանոնակարգի) պարապմունքների թվի, տևողության, հերթագրման, ընդմիջումների,զբոսանքների, խաղերի, ինքնուրույն գործունեության, համակարգչային գրագիտության տիրապետման, կերակրման, ընդհանուր շարժողական ռեժիմի, ծնողների հետ աշխատանքի ծրագրային պահանջները:

Պարապմունքների կառուցվածքային տարբեր մասերում կիրառելով խաղային շարժառիթներ՝ ավելի դյուրին ենք դարձնում երեխայի կողմից նյութի յուրացումը: Համակարգված գիտելիքի կառուցմանը օգնում են աշխատանքային կենտրոնների, զարգացնող առարկայական միջավայրի մանկավարժական պահանջների համապատասխան ձևավորումը և գործունեության բոլոր տեսակների իրականացման ուղղորդումը:

Կարևոր է սոցիալ-հուզական ոլորտի զարգացման համապատասխան միջավայրի ապահովումը:

Սոցիալական զարգացումը գործընթաց է, որի ժամանակ երեխան յուրացնում է արժեքներ, ավանդույթներ, մշակույթ, որում ինքն ապրում է: Խաղալով, զբաղվելով, շփվելով հասակակիցների և մեծահասակների հետ, երեխան սովորում է ապրել ուրիշների հետ՝ նկատի ունենալով նրանց հետաքրքրությունները, համակեցության կանոնները:

Երեխաների սոցիալ-հուզական զարգացման համար կարևոր գործոն է ընտանեկան, մանկապարտեզային կյանքը, ուր ձևավորվում են մեծահասակ-երեխա-հասակակից փոխհարաբերությունները: Երեխայի սոցիալ-հուզական զարգացումը ընթանում է հաղորդակցական տարբեր ոճերի (հավակնոտ, լիբերալ, դեմոկրատական) ազդեցությամբ:

Երեխաների սոցիալ-հուզական զարգացման ընթացքի դիտարկումների, գնահտման նպատակով պետք է օգտվել հատուկ գծապատկերներից, քարտերից, ուր ամրագրված են չափանիշներ տարբեր տարիքային կտրվածքով:

Խաղալիքի ընտրությանը ներկայացվող 

մանկավարժահոգեբանական պահանջները

Խաղը որպես նախադպրոցականի առաջատար գործունեություն, և խաղալիքը որպես վաղ զարգացման կարևոր բաղկացուցիչ, նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հզոր միջոց են:

Խաղերը և խաղալիքները զարգացնում, հարստացնում են երեխայի զգայական բազմազան տպավորությունները, ստեղծում կարգ ու կանոն հաստատելու ձգտում:

Երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխանող, ճիշտ ընտրված խաղը և խաղալիքը նպաստում են չափորոշչային պահանջների հիման վրա ծրագրային նպատակների և խնդիրների իրականացմանը, երեխաների իմացական հետաքրքրությունների, գիտելիքների, կարողությունների, հմտությունների զարգացմանը: Դրանք խթանում են նաև արժեքային համակարգի ձևավորումը, այն է. ճանաչողական՝ նոր արժեքներ ձեռք բերելու, վերափոխման՝ նոր բան ստեղծելու և ապրումների կամ վերաբերմունքային արժեքներ՝ մարդու ստեղծած իրերի, խաղալիքների, արվեստի նմուշների գեղեցկությամբ համակվելու պահանջ:

Խաղի ազդեցությունը հարատևում է նրանց ամբողջ կյանքի ընթացքում:

Խաղը և խաղալիքը նպաստում են առարկաների և երևույթների հատկանիշների մասին պատկերացումների ամրապնդմանը՝ տարրական արդյունավետ գործունեության պայմաններում, կենցաղում: Նախադպրոցականի համար խաղն ու աշխատանքը գրեթե նույնն են: Խաղում նա աշխատում է, աշխատելով՝ խաղում:

Ցանկալի է, որ երեխան կարողանա նույն խաղալիքի, առարկայի կամ առարկա-փոխարինողի բազմապիսի կիրառություններ գտնել՝ օգտագործելով դրանք պարապմունքների ժամանակ և պարապմունքներից դուրս:

Երեխան տրամադրության տակ պետք է ունենա և օգտագործի տարբեր չափի, գույնի, ձևի մոզայիկա, հագցնովի-հանովի խորանարդներ, կարողանա պատկերացնել առարկան, խաղալիքն իր սենսորային որակներով, քանդել և հավաքել և ըստ մեծության առանցքի վրա հագցնել օղակները:

Ավագ նախադպրոցականները պետք է դիտարկեն ոչ միայն խաղալիքի, առարկայի առանձնահատկությունները, այլև դրանց մեջ սահմանեն կապեր՝ ամբողջի և մասերի հարաբերությունները, առարկաների փոխադարձ դիրքը տարածության մեջ (վերև, ներքև, դիմաց և այլն):

Խաղը մինչև 6 տարեկան երեխաների ուսումնառությունն է, խաղալիքը՝ միջոցը:

Ինչպե՞ս ընտրել խաղալիքներ

Երեխաների համար խաղալիքների ընտրությունը բարդ գործընթաց է, թեպետ շատերին թվում է հեշտ: Փորձենք հասկանալ, թե ինչպես խաղի միջոցով օգնել երեխային, ինչպես զարգացնել բնավորության թույլ կողմերը կամ առավելագույնս օգտագործել ուժեղ կողմերը: Գլխավոր խնդիրը խաղալիքների ճիշտ ընտրությունն է:

Երեխաները ճիշտ ընտրված խաղալիքներով կարող են խաղալ ու շրջապատին վարակել իրենց խաղով:

Խաղալիքը պետք է ֆիզիկապես և հոգեպես անվտանգ լինի. չունենա սուր ծայրեր, հաղթահարի երեխայի վախերը, ստեղծի լավ տրամադրություն, լինի էկոլոգիապես մաքուր, հիգիենիկ, չվնասի նրա առողջությանը: Այսինքն՝

  • մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքները չպետք է պարունակեն մանր մասեր, լինեն երեխայի բռունցքից մեծ
  • ցանկալի է լինեն լվացվող, ամուր և որակյալ, հեշտությամբ չկոտրվեն
  • գունավոր լինեն (երեխային տրամադրված խաղալիքների մեջ գորշ գույները գերիշխող չլինեն)
  • գրավիչ և բազմազան լինեն, ձայն հանեն, խթանեն հոգեկան գործընթացների զարգացումը, կայունացումը, կամային որակները, զարգացնեն խոսքը, դաստիարակեն վայելուչ վարքագիծ, օգնեն հաստատելու սեփական «ես»-ը
  • մեծանան-փոքրանան, հնարավոր դարձնեն զանազան գործողությունների կատարում, դառնան հետազոտման առարկա, սովորելու նյութ(դիդակտիկ պարագան պարապմունքից 1-2 շաբաթ առաջ երեխաների տեսադաշտում չպետք է լինի՝ պարապմունքի ժամանակ հետաքրքրի և գրավի նրանց ուշադրությունը)
  • տարիքային առանձնահատկություններին համապատասխանեն, այլապես դրանց օգտագործումը լուրջ դժվարություններ կստեղծեն, որոնք չհաղթահարելու դեպքում երեխան կարող է կորցնել հավատը սեփական ուժերի նկատմամբ
  • կոտրված խաղալիքը պետք է նորոգել կամ դեն նետել: Զգույշ լինել, որ երեխաները չհագնեն գլուխներին պլաստիկ փաթեթներ
  • հատակին չպետք է թափված թողնել խաղալիքներ, որպեսզի ոտքի տակ չընկնեն և վայր չգցեն երեխաներին
  • պետք է տեղին և արդար գնահատել երեխայի յուրաքանչյուր հաջողություն, դա հաղթանակի ալիք կառաջացնի, կոգևորի երեխային, սակայն անհարկի միջամտություններով պետք չէ խանգարել նրան: Խաղի ընթացքում, երբ երեխաները ինքնամոռաց խաղում են, հարմար չէ հարցեր տալ, անգամ խրախուսել (ապրե՛ս, ճիշտ ես անում, այդպես շարունակի՛ր…), դա կարող է շեղել երեխայի ուշադրությունը, խաթարել խաղի զարգացումը, քանի որ երեխաները խաղում են ոչ միայն խաղալիքներով, այլև մտքերով
  • հետաքրքիր խաղալիքը կխթանի, որպեսզի երեխան կազմի փոքրիկ պատմություն խաղալիքի մասին՝ ըստ առավել բնորոշ հատկանիշների, օրինակ. տիկնիկի արտաքին տեսքի, հագուստի և այլնի մասին
  • պետք չէ անընդհատ խաղալիք գնել, այլ աջակցել, որ երեխան ինքը հաճախ պատրաստի այն: Խաղալիքները, առավել ևս՝ սեփական ձեռքերով պատրաստած «տաք» խաղալիքներն ունեն թերապևտիկ նշանակություն: Երեխաներն օգտագործելով իրենց ներքին էներգիան՝ հանդարտվում են, դառնում համբերատար և կազմակերպված, մարզում միտքը և ձեռքը, բարձրացնում տրամադրությունը, ուրախանում իրենց իսկ ձեռքերով ստեղծածով և այլն:

Սեղանային-տպագիր նյութեր

Տպագիր նյութերի պատկերազարդման գեղագիտական, հոգեբանական և դաստիարակող բնույթն ապահովելու համար նպատակահարմար է, որ դրանք համապատասխանեն տեքստին, լինեն բովանդակալից, հետաքրքիր և գրավիչ, պարունակեն ուրվապատկերներ, լուսաբանող նկարներ: Էջերի վրա պետք է ունենան բացվող-փակվող պատուհաններ, անցքեր, որտեղ պատմումի, զրույցի պահին անակնկալ տեղադրվեն պատկերներ: Պահպանված պետք է լինեն գրականությանը, նյութերին ներկայացվող սանիտարա-հիգիենիկ պահանջները, անհրաժեշտության դեպքում ունենան կողմնորոշման ապարատ՝ նշանների համակարգ, որը կհեշտացնի հերթականության պահպանումը և բովանդակության ընկալումը:

Մանկապարտեզ-ընտանիք կապի միջոցների հուշում ծնողներին՝

  • Մշտապես պետք է հսկել երեխաների խաղը, դրա ամենահաճելի ձևը երեխաների հետ սիրով խաղալն է, որը կարող է ամրացնել ծնող-երեխա կապը:
  • Միանգամից շատ խաղալիքներ պետք չէ գնել և տրամադրել երեխային, դրանց շատ լինելը կարող է բարդացնել երեխայի մտերմությունը խաղալիքի հետ և որքան էլ զարմանալի թվա՝ հետագայում երեխային կարող է շռայլ դարձնել:
  • Երեխաները սիրում են փափուկ խաղալիքներ: Փափուկ խաղալիքները փոշի են հավաքում իրենց վրա, որը շատ միկրոբներ է բերում և վտանգում երեխայի առողջությունը: Որպեսզի երեխային չզրկենք փափուկ խաղալիքով խաղալու հաճույքից, անհրաժեշտ է այն պահել պատշաճ մաքուր՝ ոչ միայն թափահարել, օդափոխել, պահել փակված, այլ նաև 2-3 շաբաթը մեկ անգամ խաղալիքը ախտահանել:
  • Գերադասելի է խաղալիք գնել խանութից, քան շուկայից: Կարդալ պիտակի վրա նշված համառոտագիրը, նախատեսված տարիքը, արտադրողի անունը, հասցեն և հեռախոսահամարը:

Բնութագրելով խաղը՝ ասենք, որ նա անվերջանալի է, տարածվում և ազդեցություն է թողնում մարդու ողջ կյանքի ընթացքում:

Երեխայակենտրոն ուսուցում

Ուսուցման գործընթացը փոխներգործություն է, որի արդյունավետությունը պայմանավորված է մանկավարժական հաղորդակցման ոճով, երեխաների և մանկավարժների փոխհարաբերությունների որակով: Մանկավարժները երեխաների համար պետք է նախապատրաստեն միջավայր, որտեղ նրանք սովորեն ակտիվ հետազոտության միջոցով՝ փոխգործելով մեծահասակների, երեխաների և նյութերի հետ: Նյութերի և մարդկանց հետ փոխգործության արդյունքը սովորելն է: Մանկավարժական սկզբունքները և աշխատանքի ոճը բխում են հասարակության կողմից ներկայացվող պահանջներից, կրթական համակարգի ռազմավարությունից և գերակա խնդիրներից: Արդի փուլում, հասարակության զարգացման ժողովրդավարական սկզբունքների հաստատման ճանապարհին, անհրաժեշտություն է ուսուցման նոր մոդելի ներդրումը: Այն դարձել է ժամանակի պահանջ: Ետ են մղվել մանկավարժական հաղորդակցման ինքնիշխան /ավտորիտար/ և հարմարվողական /լիբերալ/ ոճերը, որոնց համապատասխանում էին ուսուցման կարգապահական և հրահանգային մոդելները:

Բնականաբար, կառուցվող ժողովրդավարական հասարակությունը պիտի նախընտրեր մանկավարժական ժողովրդավարական սկզբունքները և վերանայեր ուսուցման կազմակերպման եղանակը:

Ուսուցման գործընթացի ժողովրդականացմանը համապատասխանում է ուսուցման անհատակողմնորոշիչ (երեխայակենտրոն) մոդելը: Նշված մոդելի նպատակն է ուսուցման ընթացքում բացահայտել յուրաքանչյուր երեխայի անկրկնելիությունը և խթանել նրա անձի զարգացումը:

Երեխայի ակտիվ մասնակցությունը ուսումնառության գործընթացին ապահովելու համար կիրառվում են ուսուցման փոխգործուն մեթոդներ, որոնց միջոցով

  • երկխոսություն և համագործակցություն է հաստատվում երեխաների հետ (նախկինում՝ մենախոսություն էր),
  • ստեղծվում է փոխըմբռնման մթնոլորտ, որի արդյունքում ուսուցումը կառուցվում է ոչ թե ցուցադրումների և բացատրությունների, այլ ուսումնական գործունեության մեջ բոլոր երեխաների անմիջական ներգրավման միջոցով,
  • աշխատանքային պլանը կառուցվում է երեխայի նախասիրությունների և հետաքրքրությունների ուսումնասիրության և հաշվառման հիման վրա,
  • խրախուսվում է երեխաների ինքնուրույն փորձարարական գործունեությունը,
  • ուսուցման ընթացքում շեշտը դրվում է երեխայի ինքնակառավարման զարգացման վրա (նախկինում ուսուցումը կառավարվում էր մանկավարժի կողմից),
  • ուսուցումը կազմակերպվում է համագործակցային մթնոլորտում, ուր և՛ երեխան, և՛ դաստիարակը նույն հարթության վրա են և գործունեության սուբյեկտների դերում: Դաստիարակը խորհրդատու է, ուղղորդող, օգնական և ավագ ընկեր:

Մանկավարժական մոտեցումներ

Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրությունները ապացուցում են, որ ուսուցումը խաղային մոտեցումներով կազմակերպելու դեպքում երեխան ավելի հեշտ է սովորում և լավ է հասկանում:

Յուրաքանչյուր երեխա անկրկնելի է զարգացման իր անհատական տեմպով և ժամանակացույցով, սովորելու իր ուրույն ոճով և ընտանեկան մշակույթով: Երեխաների անհատական առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ինչպես ուսումնական պլաններ կազմելիս, այնպես էլ նրանց հետ հաղորդակցվելիս: Ուսումնառության փորձը պետք է համապատասխանի երեխայի զարգացումային հնարավորություններին և միաժամանակ խթանի նրա հետաքրքրասիրությունն ու մտածողությունը:

Երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով և մարդկանց հետ հաղորդակցվելով: Երեխաները սովորում են գործողության միջոցով: Գիտելիքը հնարավոր չէ վերցնել և տալ երեխային, ինչպես դատարկ անոթի, որը հնարավոր է լցնել: Երեխաները ֆիզիկական աշխարհի և սոցիալական հարաբերությունների մասին գիտելիքներ են ձեռք բերում առարկաների և մարդկանց հետ խաղային փոխգործությունների միջոցով: Թվում է, թե սովորեցնել բառը ենթադրում է պատմել կամ տեղեկություն փոխանցել: Սակայն 5-6 տարեկան երեխաների սովորեցնելու ճիշտ ձևը բոլորովին էլ դասախոսելը կամ բանավոր հրահանգներ տալը չէ: Դաստիարակը պետք է ավելի շուտ օգնողի և ուղղորդողի դեր ստանձնի: Օրվա աշխատանքները պլանավորելիս դաստիարակները շեշտը պետք է դնեն խթանող, խրախուսող պարապմունքների և նյութերի վրա: Նրանք պետք է դիտարկեն երեխաներին՝ պարզելու համար, թե երեխաների համար ինչն է հասկանալի, և ինչը՝ ոչ: Հիմնվելով իրենց դիտարկումների վրա, դաստիարակները պետք է առաջարկեն հավելյալ առաջադրանքներ, որոնք կխթանեն երեխաների մտածողությունը: Երեխաներին պետք է այնպես ուսուցանել, որ նրանք կարողանան անսխալ արտասանեն տեղեկատվության որոշ հատվածներ, ասենք՝ բանաստեղծությունը, այբուբենը կամ մեկից քսան թվերը: Սակայն երեխաների նման պատասխանները չեն կարող նշանակել, որ նրանք հաղորդվող նյութը հասկացել ու յուրացրել են: Մեխանիկական կրկնությունների միջոցով ակադեմիական գիտելիքներ ձեռք բերելիս, երեխաները չեն կարողանում հետագայում դրանք կիրառել և չեն դրսևորում մտածողության բարձր մակարդակի հմտություններ, ինչպիսիք են վերլուծությունը, համեմատումը և պրոբլեմների լուծումը:

Երեխայի զարգացման կարևորագույն նախապայմանը զարգացման բոլոր ոլորտների՝ ֆիզիկական, սոցիալական, հուզական և ճանաչողական, փոխկապվածությունն է: Մի ոլորտում առաջընթացը ազդում է և փոխազդվում է մյուս ոլորտների առաջընթացով: Կարևորագույն նախապայմանը խախտվում է, երբ ուսումնական հաստատությունը շեշտը դնում է ճանաչողական զարգացման վրա՝ նվազեցնելով երեխայի զարգացման մյուս ոլորտների նշանակությունը: Որպեսզի երեխաները յուրացնեն անհրաժեշտ է, որ տեղեկատվությունը կապված լինի երեխայի կյանքի և միջավայրի հետ, և համապատասխանի նրա զարգացման մակարդակին: Երբ ուսումնասիրվող նյութը կապված է լինում երեխայի իրական կյանքի հետ, դա ոչ միայն նպաստում է նյութի և հասկացությունների ամբողջական ընկալմանը, այլ նաև խթանում է երեխայի հետաքրքրասիրությունը: Երբ երեխաները զգում են, որ սովորածն առնչվում է իրենց կյանքի հետ, ավելի հետևողական են կատարում առաջադրանքը և պատրաստ են լինում ավելին սովորելու:

5-6 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկությունները

Երեխաների հետ աշխատող մանկավարժները պետք է հիշեն հետևյալը.

  • Երեխաները ակտիվ սովորողներ են և ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են:
  • Երեխաները կոնկրետ սովորողներ են, և նրանց ուսումնասիրությունը տեղի է ունենում առարկաների, երևույթների հետ շփվելու և կոնկրետ գործողություններ կատարելու միջոցով:
  • Երեխաները սովորում են խաղի միջոցով:
  • Իրենց գիտելիքները և արժեքները երեխաները կառուցում են հասակակիցների, ծնողների և այլ մեծահասակների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ֆիզիկական և հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրությունների միջոցով:
  • Երեխաների մտածողությունը զարգանում է կանխատեսելի փուլերով:
  • Վաղ ուսումնառությունը և զարգացման ոլորտները փոխկապված են միմյանց հետ:
  • Ընտանիքները (ծնողները) երեխայի առաջին և կարևոր ուսուցիչներն են:

Յուրաքանչյուր երեխա եզակի է: Չկա իրար նման երկու երեխա: Երեխաների սեփական փորձը, վերաբերմունքը, հմտությունները և սովորելու ոճը ազդում են նրանց ուսումնառության վրա:

Ուսուցման մեթոդները

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ: Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Այն գործիք է դաստիարակի համար իր կրթադաստիարակչական նպատակներին հասնելու ճանապարհին:

Ներկայում նախադպրոցական դիդակտիկայում լայն տարածում են գտել ուսուցման ժամանակակից մեթոդները՝ խաղային, գործնական, ակտիվ ուսուցման մեթոդները: Վերջիններս հայտնի են որպես ինտերակտիվ կամ փոխգործուն մեթոդներ:

Խաղային մեթոդների առավելությունները պայմանավորված են խաղային մթնոլորտի բարձր հուզականությամբ, երեխայի համար խաղի բնական և հոգեհարազատ բնույթով:

Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները, որոնք կատարում են երկու կարևոր գործառույթ.

— նպաստում են գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը,

— խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացումը:

Խաղի յուրաքանչյուր տեսակ երեխայի զարգացմանը նպաստող ուրույն մեթոդ է: Հետաքրքիր խաղային մեթոդ է երևակայական իրադրությունների խաղարկումը, որի ընթացքում երեխան գիտելիքներ  և կարողություններ է ձեռք բերում դերային գործողությունների միջոցով: Ուսուցման գործնական մեթոդների խմբին են դասվում տարատեսակ վարժությունները, փորձերը, հետազոտությունները և մոդելավորումը:

Ակտիվ ուսուցման մեթոդները (փոխգործուն մեթոդները) նպաստում են երեխաների ազատ և ինքնուրույն մտածելու, սեփական կարծիք հայտնելու, պատասխանատու որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու հմտությունների զարգացմանը, ճանաչողական գործընթացում ինքնուրույն կողմնորոշմանը: Այդ մեթոդները զույգերով, խմբային մտավոր աշխատանքի եղանակներն են՝ ուղղված համատեղ որոնումների և մտորումների քննարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու իրագործմանը:

Ուսուցման փոխգործուն մեթոդները համապատասխանում են անհատա-կողմնորոշիչ/երեխայակենտրոն/ ուսուցման սկզբունքներին և կարող են արդյունավետորեն ծառայել նշված ուսուցման մոդելի խնդիրների լուծմանը:

Փոխգործուն մեթոդները բացառում են որևէ մեկի առաջնայնությունը, գերակայությունը, ինչպես նաև մի տեսակի գերակշռությունը մյուսների նկատմամբ:

Փոխգործուն ուսուցման սկզբունքներն են.

— փոխազդեցությունը, փոխուսուցումը

— երեխայի ակտիվությունը

— համագործակցությունը

—  ինքնարտահայտման խրախուսումը

— հետադարձ կապը:

Փոխգործուն մեթոդների առանձնահատկություններն են.

— երեխայի իմացական գործընթացների կազմակերպում

— հետաքրքրությունների բացահայտում

— համագործակցային կարողությունների զարգացում

— անհատական առանձնահատկությունների բացահայտում

— հաղորդակցական ունակությունների ձևավորում

— տրամաբանական մտածողության զարգացում

— ինքնուրույնության խրախուսում

— վերլուծական կարողությունների ձևավորում:

Այդուհանդերձ, չկան փոխգործուն մեթոդների արդյունավետ կիրառման բանաձևեր: Ցանկացած խումբ, պարապմունք եզակի է և անկրկնելի: Դաստիարակի խնդիրն է ընդհանուր սահմանված մեթոդը հարմարեցնել կոնկրետ իրավիճակին:

Խաղի դերն ու նշանակությունը

Խաղը երեխայի աշխատանքն է, որի ընթացքում նա ձեռք է բերում չափազանց կարևոր հմտություններ: Դաստիարակները պետք է երեխայի օրվա խաղային հատվածը դիտարկեն որպես ուսումնական ծրագրի շատ կարևոր մաս: Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները: Երեխաները շատ բան են սովորում խաղի միջոցով: Խաղի ընթացքում երեխաները ձեռք են բերում հմտություններ, որոնք նրանց համար շատ օգտակար են լինում կյանքի ընթացքում ավելի բարդ հմտություններ յուրացնելիս: Շատ երեխաներ սովորում են, երբ իրենք ղեկավարում են իրենց խաղերը: Խաղի ընթացքում երեխան հաջողության զգացում է ունենում, երբ ներքաշվում է իր իսկ սահմանած առաջադրանքի մեջ, ինչպես օրինակ՝ ընկերոջ հետ միասին ճանապարհ հարթել արգելքների միջով կամ տարբեր ամաններ ջրով լցնել և դատարկել: Նման գործողությունները չպետք է սահմանափակվեն մեծահասակների կողմից ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ գնահատականներով: Երեխաները պետք է խաղան իրական առարկաներով և բնական իրավիճակներում, մինչև ի վիճակի կլինեն հասկանալ տառերի, թվերի այլ խորհրդանիշների իմաստը:

Խաղի միջոցով երեխաները սովորում են.

  • մարդկանց, կենդանիների և առարկաների բնորոշ հատկանիշները
  • զարգացնել ստեղծագործական կարողություններ
  • զարգացնել պրոբլեմներ լուծելու հմտություններ
  • սոցիալական հմտություններ (հաղորդակցություն, բանակցում, պրոբլեմների լուծում)
  • հմտություններ զարգացման բոլոր ոլորտներում (իմացական, լեզվական, սոցիալ-հուզական, ֆիզիկական),
  • հաճույք զգալ, ուրախանալ

Նախադպրոցական տարիքում խաղի միջոցով զարգանում է երեխաների սոցիալական շփման հմտությունները: Խաղը հնարավորություն է տալիս կիսել խաղալիքներն ու առարկաները գործնական, կառուցողական և երևակայական խաղերում, սովորել տեքստեր և համագործակցել դերային խաղերում, հերթ պահպանել ու հետևել խաղի կանոններին և այլն: Այս բոլորն ընդլայնում են սոցիալական գիտակցությունը և սոցիալական իմացության զարգացումը: Երևակայական խաղը, հատկապես, զարգացնում է մտավոր առաջխաղացումը և համագործակցությունը:

Աշխատանք զույգերով, ենթախմբերով

Երեխայակենտրոն ուսուցումը ապահովելու և ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շատ կարևոր է զույգերով և ենթախմբերով համագործակցային աշխատանքների կազմակերպումը: Այն երեխաներին հնարավորություն է տալիս համագործակցել, փոխանակել միմյանց հետ իրենց գիտելիքներն ու փորձը, սովորել միմյանցից, ձգտել հասնելու ընդհանուր նպատակին: Երեխաները հասկանում են, որ իրենց հաջողությունը կախված է խմբի բոլոր անդամների ներդրումից: Նման խմբերին բնորոշ է թիմային աշխատանքի ոգին, ընդհանուր նպատակին հասնելու համար առավելագույնը անելու ցանկությունը, փոխկախվածությունն ու փոխկապվածությունը, սոցիալական փոխազդեցության հմտությունները, խմբի աշխատանքի ընթացքը և արդյունքը մշտապես գնահատելու ու վերանայելու կարողությունը:

Փոքր խմբերով ուսուցումն ունի հետևյալ նպատակները.

  • զարգացնում է խնդիրներ լուծելու կարողություն
  • ձևավորում է հաղորդակցման իմացություն
  • երեխաները սովորում են միմյանցից
  • զարգանում է երեխայի պատասխանատվության զգացումը
  • խթանում է թիմային աշխատանքը 
  • ապահով և նպաստավոր միջավայր է ստեղծում գիտելիքներն ու հմտությունները դրսևորելու համար
  • ընձեռում է ակտիվ մասնակցության և ինքնադրսևորման հնարավորություն:

Հարցեր ու հարցադրումներ

Երեխաների մասնակցությունն ու ակտիվ ներգրավումն ապահովելու, նրանց մտածողության խթանման և սովորելու հմտությունների զարգացման համար չափազանց կարևոր դեր ունեն առաջադրվող հարցերն ու հարցադրումները: Հարցերը կամ հարցադրումները երեխաների մտածողությունը խթանելու, տեղեկատվությունը հիմնավոր կերպով ընկալելու, համակարգելու, ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելու կարևոր գործոն են: Հարցերը պետք է լինեն՝

— հստակ

— նպատակաուղղված

— հակիրճ

— տեղին

— երեխաների մակարդակին համապատասխան

— տրամաբանական հաջորդականությամբ

— մտածելու տեղիք տվող:

Ուսուցման ընթացքում շատ կարևոր է կիրառել երեխայի մտածողությունը խթանող հարցեր, որոնք անվանում ենք բաց հարցեր: Ի տարբերություն փակ հարցերի, որոնք նպատակաուղղված են ստուգելու երեխայի հիշողությունը կամ սահմանափակելու պատասխանի ընտրության հնարավորությունը, բաց հարցերը հնարավորություն են տալիս երեխային ազատ մտածելու, սեփական տեսանկյունից հարցերը դիտարկելու և իր կարծիքը հայտնելու:

Փակ հարցերը ենթադրում են մեկ ճիշտ պատասխան, ուստի խորհուրդ չի տրվում այս տիպի հարցերը հաճախ օգտագործել և սահմանափակել երեխայի ինքնարտահայտման հնարավորությունները:

Մանկավարժները պետք է խթանեն երեխայի մտածողության ակտիվությունը բաց հարցերի միջոցով, որոնք չեն ենթադրում միանշանակ պատասխան:

Օրինակ՝

— ի՞նչ զգացիք երաժշտությունը լսելիս

— ի՞նչ է բերում գարունը իր հետ

— ինչպե՞ս կօգնեիր հիվանդ տիկնիկին

— ինչպիսի՞ ավարտ կառաջարկեիր այս պատմության համար

— ի՞նչ կանեիր հերոսի փոխարեն

— ինչպե՞ս կբնութագրեիր գլխավոր կերպարին և այլն

Խորհուրդներ դաստիարակին.

  • վստահ եղեք, որ երեխաները հասկացել են հարցը
  • հարցը ձևակերպեք հակիրճ
  • հարցը ձևակերպեք հստակ
  • կշռադատեք հարցի բարդությունը և երեխաների կողմից պատասխաններ ստանալու հնարավորությունը
  • մի՛ տվեք անորոշ հարցեր
  • մի՛ ուղղորդեք երեխաներին դեպի Ձեր նախընտրած պատասխանը
  • մի՛ պատասխանեք հարցերին ինքներդ:

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Նախադպրոցական կրթության կարևոր նպատակներից է երեխաների մեջ սերմանել և մշակել այնպիսի որակներ ու հատկություններ, ինչպիսիք են՝ քննադատական մտածողությունը, հետաքրքրասիրությունը, անմիջականությունը, զարմանքը, երևակայությունը և աշխատանքից էսթետիկական հաճույք ստանալը: Բոլոր երեխաներն ունեն այս հատկանիշները փոքր հասակում, բայց հաճախ կորցնում են դրանք կյանքի առաջին տասնամյակում: Մինչդեռ այս հատկությունները կարևոր դեր են խաղում սովորելու գործընթացում: Այս նպատակին հասնելու ուղին ուսումնառությունը թեմատիկ պարապմունքների միջոցով կազմակերպելն է: Թեմատիկ պարապմունքները կարևորում են գործունեության այն ձևերը, որոնք պահանջում են ինքնուրույն մտածողություն, նախաձեռնություն, համագործակցություն, հնարամտություն, անձնական կարգապահություն, շրջապատում կատարվող փոփոխությունների ճիշտ ընկալում:

Թեմատիկ ուսուցումը ապահովում է երեխայի զարգացման մտավոր, սոցիալական, հուզական, ֆիզիկական և էսթետիկական ոլորտների համակողմանի զարգացումը և չի կենտրոնանում մեկ՝ առանձնացված ոլորտի վրա, որն անբնական կլիներ երեխայի զարգացման համար:

Բազմակողմանի զարգացած, ուսման մեջ հաջող երեխաները մեծանում են հոգատար, աջակցող միջավայրում: Թեմատիկ պարապմունքների ժամանակ դաստիարակը գիտակցաբար այնպես է անում, որ երեխաները զգան մեծահասակների հոգատարությունը, երեխաների ուսումով նրանց շահագրգռվածությունը: Մանկավարժները, ծնողները և նրանց օգնականները սովորելու ընթացքում զրուցում են երեխաների հետ՝ ողջ ուշադրությունն ու էներգիան կենտրոնացնելով ուսման բովանդակության վրա:

Նրանք զարգացնում են երեխաների մտածողությունը աստիճանաբար ավելի ծավալուն և անկեղծ դարձող երկխոսությունների միջոցով: Այսպիսի մթնոլորտը զարգացնում է երեխաների մտավոր և լեզվական ունակությունները և ինքնավստահություն է ներշնչում նոր ձեռք բերած գիտելիքները կիրառելու համար:

Թեմատիկ ուսուցումից բոլորն էլ շահում են: Ծնողները ներգրավվում են կատարվող տարբեր աշխատանքների մեջ և տեղյակ են, թե ինչ են անում իրենց երեխաները: Մանկավարժներին ոգևորում է պարապմունքների նոր բովանդակությունը և նոր մեթոդներ կիրառելու համար ստեղծված գրավիչ հնարավորությունները: Երեխաներն, իրենց հերթին, համարվում են գիտակ, ինքնատիպ մտածողներ, որոնց թույլ է տրվում նոր ձևերով դրսևորել իրենց գիտելիքները: Երբ այսպիսի համալիր ուսուցումը մանրակրկիտ կերպով պլանավորվում  և իրականացվում է, արդյունքում երեխաների մոտ դրսևորվում են հետևյալ հատկանիշները.

  • հոգատար են միմյանց նկատմամբ,
  • հետաքրքիր մտավոր կապեր են ստեղծում, 
  • կատարելագործում են իրենց շփման և երկխոսության հմտությունները,
  • ձևավորվում են որպես համայնք:

Ի՞նչ է թեմատիկ ուսուցումը

Թեմատիկ ուսուցումը ենթադրում է ուսումնական ծրագրի տարբեր բաժինների միավորում՝ մեկ հետաքրքիր գաղափար ուսումնասիրելու միջոցով, որի մեջ ամփոփված են ծրագրի տարբեր բաժիններից բովանդակային միավորներ: Թեմատիկ ուսուցման ծրագիրն այնպես է կազմված, որ երեխաները տեսնում և հասկանում են առարկայական ոլորտների միջև եղած կապերը և նրանց կապը կյանքի հետ:

Թեմատիկ ուսուցումը հնարավորություն է տալիս մանկավարժին ծրագիրը կազմակերպել երեխաների համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների, խնդիրների կամ կենսական հարցերի շուրջ: Թեմատիկ ուսուցումը միջառարկայական է, ինչպիսին որ ինքը՝ կյանքն է: Այս փաստը երեխաների համար անմիջապես նշանակալի է դառնում, երբ լուծելու համար նրանց է ներկայացվում մի «իսկական» խնդիր, կամ էլ ուսումնասիրության ենթակա մի նոր գաղափար:

Ուսումնասիրվող թեմայի կամ ծրագրի մեջ երեխայի հետաքրքրություններին կենտրոնական տեղ հատկացնելը ապահովում է երեխաների շահագրգռվածությունն ու հետաքրքրասիրությունը: Թեմատիկ դասի ծրագրման ժամանակ մանկավարժը պետք է հաշվի առնի հետևյալ հարցերը.

  • արդյոք թեման համապատասխանու՞մ է երեխաների հետաքրքրություններին
  • ընտրած թեման նպաստու՞մ է երևակայության ու ստեղծագործական մտածողության խթանմանը
  • հնարավո՞ր է ընտրված թեման անցնել այնպես, որ ապահովվի բազմամակարդակ մասնակցությունը և, միաժամանակ, յուրաքանչյուր երեխայի գործադրած ջանքը պսակվի հաջողությամբ
  • երեխաները հնարավորություն կունենա՞ն համագործակցելու և որոշակի պատասխանատվություն կրելու
  • երեխաները հնարավորություն կունենա՞ն ավելացնել իրենց գիտելիքները և փորձը՝ առարկաների, մարդկանց և իրենց շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Մանկապարտեզների կապը ծնողների հետ

Նախադպրոցական հիմնարկները ծնողների հետ աշխատանք կազմակերպելիս օգտագործում են բազմազան անհատական և կոլեկտիվ ձևեր՝ կոնսուլտացիաներ, զրույցներ, ժողովներ, ընտանեկան դաստիարակության փորձի փոխանակման թեմատիկ կոնֆերանսներ: Ըստ որում, լայնորեն օգտագործվում է դիտողական ագիտացիան, ծնողների համար ստեղծված մանկավարժական փոքր գրադարանները:

Այդ աշխատանքը կատարվում է մանկապարտեզի տարեկան պլանին համապատասխան. հաշվի առնելով ընտանեկան դաստիարակության լավագույն փորձը, ծնողների մանկավարժական գիտելիքների մակարդակը, երեխաների դաստիարակության գործում ծագած դժվարությունները:

Նախադպրոցական հիմնարկների ղեկավարները ուղղություն տալով ծնողների հետ տարվող աշխատանքներին, այդ հարցերով կազմակերպում են մանկավարժների մասնագիտական բարձրացումը, իրականացնում հսկողությունը, ուսումնասիրում, ընդհանրացնում և ներդնում աշխատանքի դրական փորձը:

Նախադպրոցական հիմնարկների մանկավարժական կոլեկտիվների կողմից ծնողների հետ կազմակերպվող դրական աշխատանքի հետ մեկտեղ, գոյություն ունեն նաև թերություններ: Նախադպրոցական որոշ հիմնարկներում չկա ծնողների հետ տարվող աշխատանք, անհատական աշխատանքը հաճախ հասցվում է պատահական զրույցի՝ երեխաներին մանկապարտեզ բերելու կամ տուն տանելու պահերին: Ոչ բոլոր տեղերում է, որ դաստիարակները կատարում են նպատակաուղղված այցելություններ և դրանք հասցվում են, որպես կանոն, երեխաների կյանքի կենցաղային պայմանների բացահայտմանը, դաստիարակների հետ ծնողների շփումը երբեմն կրում է խրատի, միակողմանի պահանջների բնույթ:

Երեխաների ընտանեկան դաստիարակության ուղղությամբ կաղմակերպված մանկավարժական խորհուրդները միշտ չէ, որ հարկ եղած ձևով են նախապատրաստվում, որի պատճառով դրանց ներգործությունը նշանակալից չէ:

Ոչ բոլոր նախադպրոցական հիմնարկներում է սիստեմատիկ աշխատանք տարվում անհաջողակ ընտանիքների հետ, որոնցում ծնողները չեն կատարում իրենց ծնողական պարտականությունները, վարում են հակահասարակական կյանք, ինչպես նաև այն ընտանիքների հետ, որոնցում երեխային դաստիարակում է մայրը կամ տանը մեկ երեխա է:

Ծնողական ժողովները երբեմն կրում են ձևական բնույթ: Քննարկման են դրվում հիմնականում տնտեսական-կենցաղային հարցեր:

Ծնողական կոմիտեի անդամներն անբավարար են ներգրավվում ժողովների նախապատրաստմանը, մանկավարժական պրոպագանդայի և ընտանեկան դաստիարակության փորձի փոխանակման կազմակերպմանը:

Միշտ չէ, որ ճիշտ է օգտագործվում դիտողական ագիտացիան: Մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում ցուցահանդեսների, ստենդների ձևավորումն անսիստեմ է, մանկավարժական, գեղարվեստական մակարդակը՝ ցածր: Ստենդների նյութերը հաճախ չեն փոխվում, որը նվազեցնում է ծնողների հետաքրքրությունը դրանց նկատմամբ:

Ընտանեկան դաստիարակության պրոբլեմի կարևորությունը պահանջում է ծնողների հետ մանկավարժների աշխատանքի մեթոդների և ձևերի հետագա կատարելագործում:

Ծնողների հետ տարվող աշխատանքի բարելավման բոլոր միջոցները ամենից առաջ պետք է ուղղվեն նախադպրոցական հաստատության և ընտանիքի համագործակցության ամրապնդմանը՝ երեխաների բազմակողմանի դաստիարակության և զարգացման գործում:

Դաստիարակության ընդհանուր խնդիրների լուծման գործում մեծ նշանակություն ունի անհատական աշխատանքը ծնողների հետ:

Դաստիարակի այցելությունը ընտանիք, ծանոթացումը երեխաների ընտանեկան դաստիարակության պայմաններին ու դրվածքին, հնարավորություն է տալիս ճիշտ նշելու ծնողների հետ աշխատանքի խնդիրները: Դաստիարակը նախապես ծնողին զգուշացնում է այցելության մասին: Ընտանիք այցելելը անհրաժեշտ է՝ երեխայի մանկապարտեզ հաճախելուց 2-3 շաբաթ անց:Այդ ընթացքում դաստիարակը կուտակում է որոշակի դիտումներ, որը կբավարարի ծնողի հետ զրուցելու, երեխաների հակումների, ունակությունների մասին մտքեր փոխանակելու համար: Զրույցը նպատակահարմար է սկսել դրականից, որպեսզի ծնողը համակրանքով ու հավատով լցվի դաստիարակի նկատմամբ:

Միաժամանակ շատ բան պետք է դաստիարակը պարզի երեխայի տնային պայմաններում՝ նրա կյանքի պայմանները, ծնողների փոխհարաբերությունները, վերաբերմունքը երեխայի նկատմամբ, նրա փոխհարաբերությունները մեծերի հետ, ընտանիքի անդամների պահանջները երեխայի նկատմամբ և այլն, որը դաստիարակին հնարավորություն է տալիս հասկանալ նրա բնավորության այս կամ այն գիծը՝ ինչու է նա առավել գրգռված, չի կարող խաղալ կոլեկտիվում, ինքնամփոփ է, ամաչկոտ, դանդաղաշարժ է և այլն:

Խոսակցության ընթացքում դաստիարակը պետք է առանց ավելորդությունների, խորհուրդներ տա ծնողին երեխայի դաստիարակության վերաբերյալ: Այն խորհուրդները, որոնք կապված են նյութական ծախսերի հետ, պետք է տրվեն տակտով՝ ելնելով ընտանիքի հնարավորությունների հաշվառումից:

Ծնողների հետ զրույցները նախադպրոցական հաստատություններում անցկացվում են ծնողների համար օրվա հարմար ժամերին, հանգիստ մթնոլորտում:Այդ զրույցներին դաստիարակը նախապատրաստվում է մանրակրկտորեն՝ վերանայում՝ իր գրառումները երեխայի մասին, ընտրում նրա աշխատանքները՝ ծնողին ցույց տալու համար: Այդ զրույցի համար դաստիարակը նախապատրաստվում է նախապես:

Ամեն մի զրույց պետք է սկսել երեխայի զարգացման ու դաստիարակության դրական կողմերից, բացասականի մասին պետք է խոսել պատճառաբանված փաստարկներով, որպեսզի ծնողներն ընդունեն սրանք առանց վիրավորվելու:

Ծնողների հետ անհատական աշխատանքի հետ միասին պետք է կատարել նաև կոլեկտիվ աշխատանք՝ խմբակային կոնսուլտացիա, խմբակային և ընդհանուր ծնողական ժողովներ, կոնֆերանսներ, դասախոսություններ, հարց ու պատասխանի երեկոներ, երիտասարդ ծնողների դպրոցներ և այլն:

Խմբակային կոնսուլտացիաների թեմատիկան որոշվում է երեխայի զարգացման ընթացքի դիտումներով և ծնողների հետաքրքրություններով՝ դաստիարակոււթյան այս կամ այն հարցի նկատմամբ: Օրինակ, ծնողները հաճախ են դաստիարակին դիմում այն հարցով, թե ինչպես կազմակերպել երեխայի ազատ ժամանակը, ինչ խաղալիք, գիրք գնել ծննդյան օրվա առթիվ, ինչ կարդալ բնության, հայրենիքի մասին և այլն:

Ծնողական ժողովներն անցկացվում են խմբակային և ընդհանուր ձևով: Ընդհանուր ծնողական ժողովում քննարկման են դրվում հարցեր, որոնք կապված են երեխաների կյանքի և առողջության պահպանման, կրթական-դաստիարակչական խնդիրների հետ: Դրանք անցկացվում են տարեկան երկու անգամ, անհրաժեշտության դեպքում կարելի է անցկացնել արտահերթ ժողով:

Խմբակային ծնողական ժողովը  հանդիսանում է ծնողների կողմից տվյալ տարիքի երեխաների դաստիարակության խնդիրներին, բովանդակությանը և մեթոդներին ծանոթանալու, ինչպես նաև մանկավարժական գիտելիքների պրոպագանդման գործարար ձևը:

Տարվա ընթացքում անցկացվող ժողովների թեմատիկան պետք է լինի ակտուալ և բազմազան: Այդ թեմատիկան որոշվում է տարիքային յուրաքանչյուր խմբի դաստիարակչական խնդիրներով՝ ծնողների հետաքրքրությունների և պահանջների հաշվառմամբ:

Խմբակային ծնողական ժողովներն անցկացվում են քառորդը մեկ անգամ: Առաջին ժողովը հոկտեմբերից ոչ ուշ:

Կոնֆերանսներն անցկացվում են ընտանեկան դաստիարակության պրոբլեմներ քննարկելու համար: Դրանց նախապատրաստմանը ներգրավվում է լայն ծնողական ակտիվը: 

Ընտանիքում երեխաների դաստիարակության գործին մեծապես օգնում են ծնողների համար կազմակերպվող դասախոսությունները, որոնք կարող են նվիրվել դաստիրակության, երեխաների կյանքի և առողջության պահպանման տարբեր հարցերին:

Ծնողների հետ հետաքրքիր և օգտակար աշխատանքի ձև կարող են դառնալ Հարց ու պատասխանի երեկոները: Հարցերը նախապես հավաքվում, դասակարգվում են և որոշվում է ամեն մի երեկոյի գլխավոր ուղղությունը: Այդ երեկոների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավվում են ծնողական կոմիտեն, դաստիարակները, բուժքույրերը, երաժշտական աշխատողները:

Նախադպրոցական հիմնարկներում նպատակահարմար է ստեղծել փոքր գրադարաններ՝ ծնողների համար /մանկավարժական գրականության/, ձևավորել թղթապանակներ՝ ընտանեկան դաստիարակության տարբեր հարցերով: Դա հնարավորություն կտա սիստեմատիկաբար ծնողներին ծանոթացնել մանկավարժական գրականությանը, օգնել նրանց ավելի խորամուխ լինենու երեխաների դաստիարակության հարցերում:

Ծնողների շրջանում մանկավարժական գիտելիքների պրոպագանդման գործում մեծ նշանակություն ունի դիտողական ագիտացիան: Ամեն մի խմբում պետք է լինի հատուկ ստենդ ծնողների համար, որը դրվում է հարմարավետ տեղում: Նրանում կարելի է արտացոլել մանկապարտեզի երեխաների կյանքի բովանդակությունը, տեղադրել տանը երեխայի ռեժիմի կազմակերպման վերաբերյալ հանձնարարականներ, զբոսանքների անցկացման, մանկական գեղարվեստական գրականության ցանկ, բժշկի հանձնարարականներ, մանկավարժական գրականության ցանկ և այլն: Ստենդերը կարող են լինել նաև թեմատիկ:

Ստենդների ձևավորման ժամանակ չպետք է թույլ տալ նյութերի ծանրաբեռնում, դրանց անխնամ ձևավորում: Ստենդի վրա տեղադրված տեքստային նյութերը պետք է նորացվեն ոչ ուշ, քան քառորդը մեկ անգամ: Բացի այդ պարբերաբար պետք է կազամակերպել երեխաների աշխատանքների ցուցահանդեսներ:

Խմբակային կոնսուլտացիաների մոտավոր թեմատիկա

1. Ռեժիմի նշանակությունը երեխաների դաստիարակության գործում:

2. Երեխաների հագուստին ներկայացվող առողջապահական պահաջները: Ինչպես հագցնել երեխային տանը՝ տարվա տարբեր եղանակներին:

3. Ինչպես իրականացնել երեխաների կոփումը ընտանիքում:

4. Երեխաների սննդի ճիշտ կազմակերպումը առողջության երաշխիքն է:

5. Երեխաների սպորտային խաղերն ու զվարճությունները:

6. Ինչպես պահպանել երեխաներին մրսելուց առաջացող հիվանդություններից:

7. Ուղղվածությունն ու նրա պրոֆիլակտիկան:

8. Երեխայի տեսողության և լսողության պահպանումը:

9. Աղեստամոքսային հիվանդությունները և դրանց պրոֆիլակտիկան:

10. Մանկական նևրոզների կանխումը:

11. Ինքնուրույնության դաստիարակումը /նախադպրոցական կրտսեր և ավագ տարիք/:

12. Երեխաների խաղերը: Դրանց դերը երեխայի զարգացման և դաստիարակության գործում: Ինչ խաղալիք գնել երեխայի համար /կրտսեր, միջին, ավագ խումբ/:

13. Երեխաների մեջ դիտունակություն, ուշադրություն զարգացնելը:

14. Զբոսանքները: Դրանց նշանակությունը երեխաների առողջության ամրապնդման և մտավոր զարգացման գործում /կրտսեր, միջին, ավագ խումբ/:

15. Երեխաների ճիշտ խոսքի զարգացումը նրա մտավոր զարգացման և դպրոցին նախապատրաստելու գրավականն է:

16. Երեխաների մեջ հետաքրքրասիրության և գրքի նկատմամբ խնամքով վերաբերմունքի դաստիարակումը: Մանկական գրադարանն ընտանիքում:

17. Մանկական գեղարվեստական գրականության դերը գիտելիքների նկատմամբ երեխաների հետաքրքրության զարգացման գործում:

18. Կրտսեր տարիքի երեխաների խոսքի թերությունները, դրանց վերացման ուղիները:

19. Մանկական կամավորությունն ու համառոտությունը, դրանց պատճառները, ներգործման միջոցները:

20. Մանկական էգոիզմի մասին:

21. Երեխաների մեջ սեփական վարքի նկատմամբ գիտակցական վերաբերմունքի դաստիարակումը: Խրախուսանքը և պատիժը որպես երեխայի վրա ներգործելու մեթոդներ:

22. Երեխայի ազատ ժամանակի /ժամանցի/ կազմակերպումը տանը:

23. Ինչպես կազմակերպել երեխայի առօրյան հանգստյան օրը:

24. Ինչպես կազմակերպել երեխաների հանգիստը ամռանը:

25. Երեխան ծնողների բարոյական կյանքի հայելին է:

26. Ինչպես կազմակերպել երեխաների աշխատանքը տանը:

27. Աշխատելու սովորության ձևավորումը դպրոցում երեխայի հաջող ուսուցման երաշխիքն է:

28. Ամաչկոտ երեխայի դաստիարակումը:

29. Ընտանիքի դերը երեխայի մեջ՝ երաժշտության նկատմամբ հետաքրքրություն դաստիարակելու գործում:

30. Երաժշտությունը և երեխաների բարոյական դաստիարակությունը:

31. Երեխաների նախապատրաստումը դպրոցին:

32.Մեծերի վերաբերմունքը երեխաների հարցերի նկատմամբ:

33. Ինչպես նշել երեխաների ծննդյան օրը ընտանիքում:

Փոքրերի առաջին խումբ

1. Կյանքի չորրորդ տարին թևակոխած երեխայի հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և դաստիարակության հիմնական խնդիրները:

2. Կյանքի երրորդ տարին թևակոխած երեխայի կյանքի ռեժիմի կազմակերպումը:

3. Հիգիենիկ ունակությունների և ինքնուրույնության դաստիարակումը:

4. Խաղը երեխայի կարևոր ինքնուրույն գործունեությունն է:

5. Շրջապատին ծանոթացնելը և երեխայի խոսքի զարգացումը:

6. Երեխաների էսթետիկական դաստիարակությունը:

7. Կերպարվեստային գործունեության դերը երեխաների զարգացման և դաստիարակության գործում:

8. Երեխաների երաժշտական դաստիարակությունը:

9. Երեխաների շարժումների զարգացումը:

Փոքրերի երկրորդ խումբ

1. Կյանքի չորրորդ տարին թևակողած երեխայի հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և դաստիարակության հիմնական խնդիրները:

2. Երեխայի ռեժիմի կազմակերպումը մանկապարտեզում և տանը:

3. Երեխաների մեջ կուլտուրհիգիենիկ ունակությունների և ինքնասպասարկման ունակությունների ձևավորման ուղղությամբ:

4. Մանկապարտեզի և ընտանիքի համատեղ աշխատանքը ՝ նախնական աշխատանքային կարողությունների և ունակությունների ձևավորման ուղղությամբ:

5. Կոփման, ֆիզիկական վարժություններով պարապմունքների ազդեցությունը երեխաներ առողջության ամրապնդման վրա:

6. Խաղի դերը երեխայի զարգացման և դաստիարակության գործում:

7. խոսքի զարգացումը երեխայի մտավոր զարգացման կարևոր պայմանն է:

8. Ծնողների հեղինակությունը երեխաների ճիշտ դաստիարակության անհրաժեշտ պայմանն է:

9. Կրտսեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակությունը:

Միջին խումբ

1. Կյանքի հինգերորդ տարին թևակոխած երեխաների զարգացման առանձնահատկությունները և դաստիարակության հիմնական խնդիրները:

2. Երեխաների ինքնասպասարկման կազմակերպումը մանկապարտեզում և ընտանիքում:

3. Մանկական օրգանիզմի կոփման համակարգը երեխաների առողջության ամրապնդման հիմնական միջոցն է:

4. Երեխայի ներվային համակարգի պահպանումը:

5. Երեխայի աշխատանքային դաստիարակությունը նախադպրոցական հիմնարկում և ընտանիքում:

6. Խաղի դերը երեխայի բազմակողմանի զարգացման և դաստիարակության գործում:

7. Երեխաների միջև ընկերական փոխհարաբերությունների դաստիարակումը:

8. Շրջապատի նկատմամբ հետաքրքրություն, հարազատ բնության նկատմամբ սեր դաստիարակելը:

9. Մեծերին լսելու և կարգապահության դաստիարակումը:

10. Բարյացակամության, կարեկցանքի, մեծերի, ընկերների նկատմամբ հարգանք դաստիարակելը:

11. Միջին տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության խնդիրները:

Ավագների խումբ

1. Կյանքի վեցերորդ տարին թևակոխած երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և դաստիարակության հիմնական խնդիրները:

2. Երեխային ներկայացվող պահանջների միասնությունը նրա բազմակողմանի զարգացման և դաստիարակության անհրաժեշտ պայմանն է:

3. Երեխայի ճիշտ խոսքի զարգացումը նրա մտավոր դաստիարակության և դպրոցին նախապատրաստվելու կարևոր պայմանն է:

4. Երեխաների մեջ հետաքրքրությունների դաստիարակումը մանկապարտեզում և տանը:

5. Աշխատասիրության ձևավորումը մանկապարտեզում և ընտանիքում:

6. Երեխայի վարքի կուլտուրայի դաստիարակումը:

7. Երեխայի կամային, բարոյական որակների ձևավորումը:

8. Երեխաների շարժողական ակտիվությունը նրանց բազմակողմանի զարգացման անհրաժեշտ պայմանն է:

9. Գրքի, երաժշտության, ստեղծագործությունների դերը նախադպրոցական ավագ տարիքի երեխաների էսթետիկական դաստիարակության գործում:

10. Գեղարվեստական գրականության դերը երեխաների բարոյական դաստիարակության գործում:

11. Մանկական տրավմատիզմը, նրա կանխման միջոցները:

Խորհուրդներ ծնողներին

Կանոններ՝

— Երեխաներին մի վախեցրեք և մի սպառնացեք, դրանք կարող են ագրեսիա առաջացնել: Սիրո և բարության դասեր տվեք: Սիրել երեխային չի նշանակում ապրել նրա կոխքին, այլ ապրումացնել, կռահել, թե ինչ է պետք նրան և վստահել: Վստահությունը երեխայի նկատմամբ կարդարացնի Ձեր հույսերը:

— Խոստումներ մի կորզեք:

— Մի դրսևորեք չափից ավելի ուշադրություն: Այն կարող է կանխել երեխաների ինքնուրույն որոշումների կայացումը:

— Մի պահանջեք անմիջապես ենթարկվել ձեզ:

— Երեխան մանկապարտեզից խաղալիք է բերել, անմիջապես մի ենթադրեք, որ գողացել է: Նա ունի իր պատճառները. Նրան հանգիստ չի տալիս իր «ես»-ը: Նա ամեն ինչում փնտրում է ինքնաարտահայտում:

Իհարկե, պետք չէ աչք փակել նման դեպքերում: Եթե ուրիշի իրը Ձեր երեխան վերցրել է, ասեք, որ խաղալիքի տերը կարող է լացել, որ դուք դրա համար վատ եք զգում:Պահանջեք, որ Ձեր ներկայությամբ վերադարձնի և ներողություն խնդրի:

— Պետք չէ անտեղի, հենց այնպես կամ շռայլորեն ասել «չի կարելի», ցանկալի է, որ այդ խոսքին հաջորդի բացատրությունը, թե ինչու չի կարելի: Այս դեպքում երեխան աստիճանաբար կհասկանա և կհիշի, որ ամեն ինչ չէ, որ կարելի է, կիմանա թույլատրելիի սահմանը: Երբեմն որոշ բաներ կարելի է թույլ տալ, որ երեխան իր փորձով համոզվի, եթե իհարկե, այն կապված չէ երեխայի անվտանգության հետ:

— Մի կատարեք երեխաների բոլոր քմահաճույքները:

— Երեխաների հետ խոսեք դանդաղ, հանգիստ, սիրալիր և անընդհատ կրկնեք բառերը, մի օգտագործեք մանկական կամ աղավաղված բառեր, չափից ավելի շատ մի խոսեք:

— Հարստացրեք երեխայի հետ հաղորդակցումը մանկապարտեզ գալու և տուն գնալու ճանապարհին, զբոսանքների ընթացքում, հանգստյան և տոնական օրերին:

— Ստեղծեք իրավիճակ, խթանեք խաղերի ծագումը և տեղակայումը:

Անհարկի է՝

— Ծնողների խստությունը՝ խոժոռ դեմքի արտահայտությամբ, չոր հայացքով երեխայի հետ խոսելը, սակայն պետք է լինել հետևողական և պահանջկոտ:

-Անտեղի բարությունը, շռայլ հոգատարությունը, չափազանց մեղմությունը:

— Ծաղրելը, հեգնելը, ածականներ կպցնելը:

— Ամենափոքր բարեմասնությունն անգամ չնկատելը:

Լավ ծնողն ու դաստիարակը մեկ թերության դիմաց պետք է նշեն մեկ զորեղ բարեմասնություն, որպեսզի երեխան հաղթանակած զգա:

Տեղափոխությունները նախադպրոցականի կյանքում

Շատ կարևոր է, որ մանկավարժները կարողանան մեթոդապես ճիշտ կատարել երեխայի տնից մանկապարտեզ, խմբից խումբ տեղափոխությունները և այդ ուղղությամբ հատուկ աշխատանք տանեն ծնողների և երեխաների հետ:

Մանկապարտեզը ընտանիքի հետ համագործակցություն, հարմարեցված գործելակերպ ապահովելու նպատակով պետք է լավ իմանա երեխայի տարիքային  և անհատական առանձնահատկությունները, հարգի երեխային և ընդունի նրան այնպիսին, ինչպիսին կա՝ հոգ տանելով նրա զարգացման ու առաջընթացի մասին:

Եթե ծնողները և դաստիարակները հակադրվեն, անգամ մրցեն միմյանց հետ, երեխան անկասկած կզգա լարվածություն: Շատ ծնողներ երեխային հանձնելով օտար մարդու խնամքին, տագնապի զգացում են ապրում: Աջակից վերաբերմունք տեսնելով, աստիճանաբար մեղմանում է երեխայի լարվածությունը: Հաստատելով համագործակցային հարաբերություններ, մեծահասակները սկսում են հետևել երեխայի զարգացմանը մեկ ընդհանուր տեսանկյունից: Հակառակ դեպքում երեխան երկմտանքի մեջ է ընկնում՝ ի՞նչ է կատարվում տանը և ինչ՝ մանկապարտեզում: Եթե մեծահասակները իրար հաղորդեն, համատեղ քննարկեն մանրամասներ երեխաների և նրանց հետ կատարվող նշանակալից դեպքերի, պոռթկումների, հաղթանակների կամ ստեղծագործական ձեռնարկումների մասին, ավելի ճիշտ պատկերացում կկազմեն, թե ինչպես է ձևավորվում անհատականությունը: Իմանալով, թե որքա՞ն է քնել երեխան, կերել, ի՞նչ խաղալիքով է սիրում խաղալ, ավելի ճիշտ կարելի է կազմել օրվա ծրագիր: Երեխաները հրճվանք են ապրում, երբ կարևոր մարդիկ գնահատում են իրենց նոր ձեռքբերումներն ու հմտությունները:

Զարգացման այս փուլում տանը և մանկապարտեզում գոյություն ունեցող արգելքները պետք է իրար համապատասխանեն՝ լինեն փոխհամաձայնեցված: Ծնողները և դաստիարակները միասին պետք է որոշեն, թե որ խաղերն են խրախուսելի տանը կամ ինչպես օգտագործել տնից բերված խաղալիքը մանկապարտեզում:

Հատկապես ՀԿՈւ /հատուկ կարիքներ ունեցող/ երեխան կարող է ընկալել միայն մեծահասակի կողմից բացատրություններ ներկայացնելու և ծանոթացման միջոցով՝ ընդլայնելով և հարստացնելով գիտելիքների և պատկերացումների պաշարը:

Դաստիարակները առանց մոռանալու, որ ծնողները դիտվում են որպես երեխայի խնամքի և սիրո առաջնային աղբյուր, նրանց նախապատրաստում են զարգացման նոր փուլին: Տնից մանկապարտեզ, խմբից խումբ տեղափոխությունը և ընդհանրապես փոփոխությունները կարող են ցավագին ընդունվել երեխայի կողմից: Ավելի լուրջ դժվարություններ կարող են ծագել ՀԿՈւ երեխաների ներառման դեպքում: Երեխաների սթրեսի չափը և այն հաղթահարելու ժամանակը կարող են նվազել, եթե մանկավարժները, ծնողները և հասարակությունն ընդհանրապես գործեն միասնական մարդասիրական սկզբունքներով: Երեխաների և նրանց ընտանիքների դյուրին անցումներն ապահովող հիմնական տարրերն են՝

  • Զարգացման համապատասխան կրթական ծրագիր տարիքային բոլոր խմբերի համար, խառը և համամասնակցային խմբերում՝ անգամ մեկ երեխայի համար: Կարևոր է, որ ծրագրերը տարբեր լինեն՝ բխելով յուրաքանչյուր երեխայի տարիքային և անհատական առանձնահատկություններից, ընտանիքի կարիքներից և հետաքրքրություններից:
  • Ծրագրի բովանդակության, ուսուցման մեթոդների, երեխաներին ներկայացվող պահանջների տարբերությունների հաշվառում:
  • Ծրագրերի շարունակության ապահովում և դրանք իրականացնողների միջև տևական կապ ու համագործակցություն, որը կապահովի հարթ ու սահուն անցում ընտանիքից մանկապարտեզ, խմբից խումբ և այլն:
  • Երեխաների նախապատրաստում տեղափոխության:

Զգուշացումներն անծանոթ իրավիճակների մասին. «Շուտով մանկապարտեզ կգնաս, այնտեղ նման բաներ թույլ չեն տա», «Դպրոցում ստիպված կլինես…» և այլն, միայն ավելացնում են երեխայի տագնապները: Ավելի լավ կլինի՝ օրինակ, կակազող երեխան, մանկապարտեզ ընդունվելուց առաջ, իր աչքով տեսնի, թե ուր պետք է գնա: օգտակար կլինի նաև դպրոցից ստացած նամակը կամ հեռախոսազանգն այն մասին, որ երեխային այնտեղ սպասում են: Երեխային որոշակի ժամանակ է պետք հարմարվելու և կառավարելու հույզերը:

Ծնողներին համակած տագնապը նկատում է երեխան: Ծնողների մտահոգությունները փարատելուց հետո երեխան ինքնավստահ է զգում և հանգիստ է ընդունում փոփոխությունները:

Ծրագրերում ծնողների ներգրավումը և մասնակցությունը գործընթացին, օգնում են տեղեկանալու իրենց ներկայացվող պահանջներին և ակնկալիքներին:

Բացի նշված փոփոխություններից, երեխան ստիպված է լինում օրվա ընթացքում մի քանի անգամ մի վիճակից անցնել մի այլ վիճակի: Ծնողների և դաստիարակների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է նվազագույնի հասցնել ամենօրյա մի վիճակից մի այլ վիճակի անցման վնասները:

Ալիկը /4 տարեկան/ մանկապարտեզ գնալու առաջին օրը տատիկի տված այն հարցին, թե ի՞նչ է արել մանկապարտեզում, ու՞մ հետ է խաղացել, պատասխանել է, որ քիչ է լացել, քանի որ ինքը մեծ է և ավելացրել, որ դաստիարակը միայն իր դաստիարակն է, մյուս երեխաները դաստիարակ չունեն: Եզրահանգենք, որ դաստիարակի ուշադրության կենտրոնում է եղել նորեկ Ալիկը: Նրանք երկուսով մայրիկի թողած հեռախոսով զանգահարել են տուն և իմացել, որ շուտով կգան Ալիկին տուն տանելու: Նման հնարներն օգնել են երեխային հարմարվել կյանքի պայմանների փոփոխությանը, գործել օտար միջավայրում:

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայտնի է, որ մանկապարտեզը և ընտանիքը միմյանց փոխարինել չեն կարող: Նրանց միջև գործնական կապի ընթացքում ճշգրտում են ծնողների և մանկապարտեզի դաստիարակչական դիրքերը, որը նաև կարևորվում է երեխաներին դպրոցին նախապատրաստելիս:

Ծնողների հետ ցանկացած շփման ձև պետք է զուգակցել նրանց նկատմամբ ցուցաբերված մեծագույն հարգանքով: Կարելի է ծնողներից շատ բան սովորել, քանի որ նրանք ավելի լավ գիտեն իրենց երեխաներին:

Համագործակցելու լավագույն ձևերից են զրույցները, որոնց բովանդակության մասին պետք է նախապես մտածել: Հատկապես վճռորոշ են առաջին զրույցները՝ որպես ծնող-դաստիարակ մտերմության սկիզբ: Սա ժամանակի պահանջ է, քանի որ այժմ մանկապարտեզի հիմնական պատվիրատուն ընտանիքն է և նրա միջոցով պետք է որոշվի մանկապարտեզների գոյատևման հարցը: 

Զրույցները արժե համեմել երեխայի կյանքի կոնկրետ օրինակներով, հնարամիտ արտահայտություններով: Դա կշոյի ծնողի արժանապատվությունը: Կարելի է զրույցին մասնակից դարձնել նաև երեխաներին:

Ցանկալի է ավանդական ձևերից բացի դաստիարակության հիմնախնդիրների մասին երկխոսություն կազմակերպել «կլոր սեղանի» շուրջ: Բանավեճի նման ձևը հնարավորություն է ընձեռում բացահայտ ասելու սեփական կարծիքը, համատեղ գտնելու դաստիարակության ճիշտ ուղիները:

Շարժուն և ցրված երեխաներին անհրաժեշտ է վերաբերվել մեծագույն ուշադրությամբ՝ նրանց մեջ գտնելով դրական գծեր և ծնողների հետ զրույցի ժամանակ հենվելով միայն դրանց վրա: Պետք է խուսափել անընդհատ բողոքելուց, դա օտարացնում է ծնողներին մանկապարտեզից:

Զրույցի թեման ճիշտ ընտրելու, խոսքը կառուցելու և մտերմիկ զրույցի կայացման համար կարևոր է տնօրենի, դաստիարակի լավատեղյակ լինելը յուրաքանչյուր երեխայի ընտանեկան կացությանը, սոցիալական վիճակին, ընտանիքում տիրող փոխհարաբերություններին:

Երեխայի հետ պետք է աշխատել բարեխղճորեն, ծնողների հետ խոսել վայելուչ՝ ցուցաբերելով մեծագույն համբերատարություն:

Չպետք է մոռանալ, որ ծնողների հետ հաջողված յուրաքանչյուր համագործակցությունը մեծ արժեք ունի, որից երեխան միայն կշահի:

hyArmenian