ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

     Արտադպրոցական կրթության համակարգ – կրթական ենթահամակարգ, որը ներառում է անկախ սեփականության ձևից և կազմակերպական իրավական տեսակից արտադպրոցական ուսումնական հաստատություններ, արտադպրոցական կրթության կենտրոններ, արտադասարանային և արտաուսումնական հաստատություններ, այդ թվում միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների, ուսումնա-արտադրական կոմբինատների և այլ ուսումնական հաստատությունների բազայի վրա ստեղծված խմբակներ, բաժանմունքներ, ակումբներ, միավորումներ, մշակութային-կրթական, մարմնամարզական-կազդուրողական, սպորտային և այլ հիմնարկներ, հիմնադրամներ, ընկերություններ, որոնց գործունեությունը կապված է արտադպրոցական կրթության հետ, արտադպրոցական կրթության կառավարման համապատասխան մարմիններ  և գիտա-մեթոդական հաստատություններ:

     Արտադպրոցական ուսումնական հաստատության կրթական գործունեություն – գիտելիքների հաղորդման, արտադպրոցական կրթության տարբեր ուղղությունների գծով ունակությունների և հմտությունների ձևավորման, անձի տվյալներին և պահանջներին համապատասխան մտավոր և ստեղծագործական ընդունակությունների, ֆիզիկական որակների զարգացման գործընթաց:

     Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է և նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:

     Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և տուրիստական կայանների, մարզադպրոցների, առողջարարական ճամբարների և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով:

     Արտադպրոցական կրթության իրականացման ձևերն են պարապմունքները, խմբակային աշխատանքը, ակումբային աշխատանքը, ճամբարները, դասընթացները, դասախոսությունները, անհատական պարապմունքները, կոնֆերանսները, ընթերցանությունը, վիկտորինան, համերգը, մրցույթը, մարզումը, փորձը և այլ ձևերով գործնական աշխատանքը:

     Բաժնի խնդիրներից է արտադպրոցական ծրագրեր իրականացնող հաստատությունների համագործակցությանն ու զարգացմանն աջակցելը։

     Ընթացիկ գործունեությունը կազմակերպում, ղեկավարում և համակարգում է  բաժնի պետը։