ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր հայեցակարգ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր հայեցակարգ

Արցախի Հանրապետությունում կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության  

I.  Պետության եւ կրոնական միավորումների հարաբերությունները Արցախի Հանրապետությունում

II. Հիմնական տերմիններն ու հասկացությունները

III. Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները

IV. Պետության եւ կրոնական միավորումների հարաբերությունների սկզբունքները 

V. Պետության գործունեության հիմնական ուղղությունները նախազգուշացման, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի եւ կրոնական թշնամանքի հրահրման ոլորտում

VI. Պետական քաղաքականության իրականացման ձեւերը կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում:

Նախաբան

Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության   կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության աշխատակազմի կրոնի եւ ազգային փոքրամասնությունների բաժնի կողմից: 

Սույն Հայեցակարգը մշակվել է`  նպատակ ունենալով ապահովել Արցախի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմինների` կրոնական միավորումների հետ ունեցած հարաբերությունների կատարելագործմանն ուղղված ջանքերի համաձայնեցումը, որոնք նպատակ ունեն ապահովել Արցախի Հանրապետության  քաղաքացիների մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրացման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության  բնակչության հոգեւոր-բարոյական պոտենցիալի պահպանման ու զարգացման պայմանները:

Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է Արցախի Հանրապետության  Սահմանադրության, Արցախի Հանրապետության  կողմից ճանաչված միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի վրա: Այն արտացոլվում է Արցախի Հանրապետության օրենքներում, այլ նորմատիվ իրավական ակտերում եւ պետական իշխանության մարմինների գործունեության մեջ:

Հայեցակարգն արտացոլում է կրոնական միավորումների հետ Արցախի Հանրապետության  պետական իշխանության հարաբերությունների վիճակի, նպատակների, սկզբունքների եւ հիմնական խնդիրների վերաբերյալ պաշտոնական հայացքների հավաքականությունը: 

Հայեցակարգը ելնում է մշակութային տարածության միասնությունը, Արցախի Հանրապետության  ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, այդ թվում դավանանքի ազատությունը, ինչպես նաեւ քաղաքացիների, հասարակության եւ պետության շահերի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունից:

Հայեցակարգը մեթոդաբանական հիմք է ծառայում կրոնական միավորումների հետ պետական եւ տարածքային կառավարման մարմինների հարաբերությունների նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործման, ինչպես նաեւ նշյալ ոլորտում պետական իշխանության պլանաավորումների ու գործունեության ծավալման համար:

Այն հաշվի է առնվում Արցախի Հանրապետության ազգային-պետական քաղաքականության իրագործման ժամանակ:

I. Պետության եւ կրոնական միավորումների արդի հարաբերությունները Արցախի Հանրապետությունում

Արցախի Հանրապետության քաղաքացիները կրոնի նկատմամբ ունեն տարբեր համոզմունքներ ու պատկերացումներ: Սակայն Արցախի բնակչության զգալի մասը հարյուրամյակներ շարունակ դավանում է իր ավանդական դավանանքը (արեւելյան ոչ քաղկեդոնիկ ուղղափառություն), որը նշանակալի պատմական դեր է ունեցել հայոց պետականության ձեւավորման ու պահպանման գործում:   

Արցախի Հանրապետությունը հայ ազգի պատմական հայրենիքի` Հայկական բարձրավանդակի, արեւելյան հատվածում գտնվող Մեծ Հայքի Արցախ նահանգի մասնակի տարածքում ձեւավորված պետական կազմավորում է, որը` բնակեցված լինելով հիմնականում հայ բնակչությամբ, միաժամանակ ներառում է մի քանի ազգությունների փոքրաքանակ համայնքներ կամ  ներկայացուցիչներ: Դարերի ընթացքում այս միջավայրում ձեւավորվել են հանդուրժողական, բարիդրացիական համակեցության ազգային նորմերը: 

Վերելքներ ու անկումներ ունեցող իր հազարմայա պատմության ընթացքում հայոց պետականությունը լուրջ փորձություններ է կրել, որոնց հաղթահարումը  հնարավոր է եղել հայ ժողովրդին հատուկ հոգեւոր-բարոյական ներուժի առկայությամբ, որի հիմնական աղբյուրը եղել է նրա հոգեւոր հավատքը, իսկ կրող կառույցը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Հայ Առաքելական Եկեղեցին կամ Հայ Եկեղեցի):

Հայ Առաքելական Եկեղեցին վերջին 1700 տարվա ընթացքում եղել է միակ համահայկական հոգեւոր-դավանական հաստատությունը, որը հայոց պետականության առկայության ժամանակ սատար է կանգնել նրան, իսկ պետականության կորստի եւ օտարի գերիշխանության պայմաններում հանդես է եկել որպես պատմական հայրենիքում հայության համայնական միակ եւ կատարյալ կառույց, որպես ազգային ինքնակառավարման, ազգային ինքնության ու ապրելակերպի պահպանման համակարգ: Բացի այդ, աշխարհով մեկ սփռված հայության համար այսօր էլ Հայոց Եկեղեցին հանդիսանում է օտարության մեջ նրանց համախմբող ազգային-հոգեւոր առանձնահատուկ  հաստատությունը, ազգային-հոգեւոր ինքնության ու ինքնատիպության պահպանման կռվանը: 

Արցախի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայ բնակչության ճնշող մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են: 

Հայ Առաքելական  Եկեղեցին ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության հոգեւոր-մշակութային հայրենիքն է, ազգային-հոգեւոր ինքնության եւ ինքնատիպության օրրանը, որտեղ ավելի քան 1700 տարի է ինչ հաստատվել է հայության հոգեւոր կենտրոնը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսի աթոռանիստը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ազգային- ավանդական, հոգեւոր-դավանական արժեքներն ազգային ինքնության եւ մշակութային ինքնատիպության անբաժանելի բաղադրիչն են եւ հանդիսանում են մարդկային գոյության հիմքը եւ հայ ժողովրդի իրավագիտակցության ձեւավորման կարեւոր նախադրյալը: Ազգային-ավանդական դավանանքների միավորիչ դերի շնորհիվ է երկրում ապահովվում խաղաղ ու մշակութաստեղծ համակեցությունը:

Մեծ Հայքի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նահանգներում բացի հեթանոսությունից եւ Հայ Առաքելական Եկեղեցուց  պատմականորեն ձեւավորված այլ կրոնական կազմակերպություններ չեն եղել: Ռուս Ուղղափառ Եկեղեցին Արցախ մուտ է գործել Գյուլիստանի պայմանագրի ստորագրումից  հետո միայն:

Ներկայումս Արցախի Հանրապետությունում  պետականորեն գրանցված Հայ Կաթողկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիները Արցախում որպես կրոնական համայնքներ ձեւավորվել են 21-րդ դարի սկզբներին: Մյուս բոլոր կրոնական միավորումները, որոնք բողոքական հարանվանությունների ներկայացուցիչներ են, բացի Եհովայի վկաներից (գործում են 1993թ.-ից), Արցախի Հանրապետությունում   ի հայտ են եկել Արցախյան պատերազմի (1991-1994թթ.) ավարտից հետո: 

Արցախի Հանրապետությունում կրոնական միավորումների գործունեության աշխուժացումը ունեցել է եւ ունի  բացասական հետեւանքներ` ընտանիքների քայքայում, ազգային արժեքների արհամարում, ազգային ավանդույթներից եւ սովորույթներից հրաժարում, հոգեկան խախտումներ, անհանդուրժողականություն եւ այլն: Արցախի Հանրապետության  ներկայիս կրոնական իրավիճակի բացասական գործոնների վերացումն անհնար է առանց հոգեւոր-բարոյական արժեքների ամրապնդման գործում պետության աջակցության եւ ավանդական դավանանքների ներուժը ողջ հասարակությանն ի սպաս դնելու:

Ներկայումս պետության եւ կրոնական միավորումների հարաբերությունների վրա էական ազդեցություն են ունենում հասարակության զարգացման հետեւյալ մի շարք փոխկապակցված գործոնները.

— Արցախի Հանրապետության քաղաքացիների եւ նրանց միավորումների կողմից Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական իրավունքների ու ազատությունների իրացման լայն հասարակական ոլորտի ձեւավորումն ու զարգացումը: Վերջինիս հետեւանքներից է քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը, որի կարեւոր տարրերից են տարատեսակ դավանանքներն ու կրոնական միավորումները,

— Հասարակական, կրոնական միավորումների եւ քաղաքացիական հասարակության այլ կառույցների հետ պետական եւ տարածքային կառավարման մարմինների փոխգործակցության անբավարար զարգացումը, ինչը սահմանափակում է քաղաքացիների հնարավորությունը ներգործելու պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործերի կառավարման վրա, այդ թվում տեղ հասցնելու սեփական կարծիքը եւ իրագործելու սեփական օրինական շահերը, եւ դրսեւորվում է փոխհարաբերության անհրաժեշտ իրավական կարգավորման մեխանիզմների բացակայությամբ,

— Արցախի Հանրապետության արդի հասարակության հոգեւոր ճգնաժամի դրսեւորումը կենսագործունեության բոլոր ոլորտներում, ավանդական հոգեւոր-բարոյական արժեքների արժեզրկումը, հասարակության զգալի մասի աշխարհայացքային ապակողմնորոշումը, արդի մշակույթի եւ հասարակական կյանքի բազմաթիվ ասպարեզներում բարոյական կողմնորոշիչների կորուստը`  ներառյալ ընտանիքի ինստիտուտի հոգեւոր-բարոյական հիմքերի թուլացումը, եւ այլ բացասական սոցիալական հետեւանքներ,

— Արցախի Հանրապետության  ազգային շահերի եւ պետական անվտանգության սպառնալիքների առկայություն` կապված կրոնական գործոնի օգտագործման հետ,

— Հասարակության մեջ կրոնական թշնամանքի դրսեւորումների եւ կրոնական ծայրահեղականության ակտիվացման հետ կապված խնդիրների սրում,

— Կրոնական միավորումների, այդ թվում նաեւ արտերկրյա, գործունեության ակտիվացում, որոնք վնաս են հասցնում քաղաքացիների առողջությանը, բարոյականությանը, իրավունքներին ու շահերին, ինչպես նաեւ անհատի, հասարակության եւ պետության օրենքով պաշտպանվող այլ շահերին:

Հասարակական զարգացման վերոնշյալ գործոնները դրսեւորվում են հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում` ներառյալ նաեւ պետության եւ կրոնական միավորումների հարաբերության ոլորտում, եւ պայմանավորում են որոշակի խնդիրների մի համալիր, որոնց լուծման համար պետությունը` համաձայն Արցախի Հանրապետության օրենսդրության, միջոցներ է ձեռնարկում:

Խղճի, դավանանքի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությունը, որը հիմնված է Արցախի Հանրապետության Սահմանադրության համապատասխան դրույթների վրա եւ ներառում է «Խղճի, դավանանքի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը, ընդհանուր առմամբ, ապահովում են կրոնական միավորումների գործունեության եւ քաղաքացիների կողմից դավանանքի ազատության իրավունքի իրացման պայմանները, սակայն իրավունքի կիրարկման պրակտիկայում առկա խնդիրները, որոնք կապված են նաեւ իրավական հարցերի հետ, պայմանավորում են կրոնական միավորումների գործունեության եւ նրանց հետ պետության հարաբերությունների նորմատիվ իրավական կարգավորման հետագա կատարելագործման անհրաժեշտությունը:

Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեությունը բավարար չափով համակարգված չէ, ինչը պահանջում է կատարելագործել այն մեթոդաբանորեն եւ կազմակերպորեն:

II. Հիմնական տերմիններն ու հասկացությունները

Արցախի Հանրապետության արդի կրոնական իրավիճակ ասելով պետք է հասկանալ Արցախի Հանրապետությունում ապրող ազգերի (եւ խմբերի) կյանքի կրոնական ոլորտի առկա եւ փոփոխվող պայմանների ու գործոնների ամբողջությունը, որը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետության կրոնական քաղաքականության մշակման ու իրագործման համար:

Արցախի Հանրապետության  կրոնական քաղաքականությունը Արցախի Հանրապետության  պետական իշխանության մարմինների գործունեությունն է պետաեկեղեցական հարաբերությունների ոլորտում՝ ուղղված Արցախի Հանրապետության Սահմանադրության, Արցախի Հանրապետության  օրենսդրության, հայ ժողովրդի դարավոր հոգեւոր փորձի ու ավանդույթների, միջազգային իրավունքի նորմերի եւ սույն հայեցակարգի դրույթների իրականացմանը:

Արցախի Հանրապետության  պետաեկեղեցական հարաբերությունները պետական իշխանության մարմինների եւ Արցախի Հանրապետության  տարածքում գործող եկեղեցիների ու կրոնական միավորումների միջեւ փոփոխվող փոխհարաբերությունների ձեւ է:

Ազգային-ավանդական,  հոգեւոր-դավանական արժեքները ավանդական եկեղեցու դավանական ուսմունքի անբաժանելի մասը կազմող սկզբունքների, նորմերի, գաղափարների, կարգերի, նպատակների ամբողջությունն է:

Կրոնական միավորումների մշակութային-լուսավորչական գործունեությունը համապատասխան կրոնական ուսմունքի եւ հոգեւոր-կրոնական արժեքների մասին տեղեկությունների տարածմանը, ինչպես նաեւ այդ հիմքի վրա իրադարձությունների լուսաբանմանը ուղղված գործունեությունն է:

Կրոնական միավորումների հասարակական (սոցիալական) ադապտացիան կրոնական միավորման Արցախի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող սոցիալական պայմաններին հարմարվելու գործընթաց է, որն իր մեջ ներառում է սեփական գործունեությունը Արցախի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելը՝ սկսած պետական իշխանության մարմիններին սեփական գործունեության մասին տեղյակ պահելու պահից մինչեւ իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու պահը:

Կրոնական ուսմունքը կրոնական գաղափարների, համոզմունքների, ավանդույթների եւ նորմերի համակարգ է, որը մշակվել է ուսմունքի հիմնադրի քարոզի հիման վրա՝ եկեղեցիների ու առանձին կրոնական միավորումների հետեւորդների կամքի համաձայնեցման արդյունքում կամ պարզապես ընդունվել է վերջիններիս կողմից եւ դարձել է կրոնական-դավանական տարբերակման չափանիշ:

Կրոնական խումբը համատեղ կրոնական պրակտիկա կիրառող եւ կրոնական ծառայություններ մատուցող մարդկանց խումբ է: Համատեղ կրոնական պրակտիկա իրականացնող՝ կիրառող հինգ եւ ավելի մարդկանց պետական ռեգիստրում չգրանցված խումբը կարող է համարվել կրոնական խումբ: Կրոնական խմբի մեջ կարող են ընդգրկվել կրոնական համայնքի ոչ բոլոր անդամները:  

Կրոնական խումբ ստեղծող քաղաքացիները կրոնական կազմակերպության վերակազմավորելու նպատակ ունենալու դեպքում, գրանցումից առնվազն 3 տարի առաջ խմբի ստեղծման եւ գործունեություն սկսելու մասին հայտնում են Արցախի  Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնին:

Կրոնական համայնքը միեւնույն կրոնական համոզմունքները եւ նույն անվանումն ունեցող կրոնական ուսմունքին հետեւող ֆիզիկական անձանց հավաքականությունն է: Այն կարող է ներառել տարբեր կրոնական խմբեր:

Կրոնական կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերած կրոնական խումբն է: 

Վարքային կամ փիլիսոփայական խումբը (կրոնադավանական) փիլիսոփայական եւ աշխարհայացքային բնույթ կրող, ծիսաարարողակարգային տարրեր ունեցող ուսմունքների հիման վրա գործող կազմակերպություն է (հոգեբանական խմբեր, կրթական, բուժական պրակտիկա իրականացնող խմբեր, կախարդներ, էքստրասենսներ, գուշակներ եւ այլն):

Կրոնական միավորումներ են կրոնական խմբերը, համայնքները, կազմակերպությունները, վարքային կամ փիլիսոփայական խմբերը, նոր կրոնական շարժումները, եկեղեցիները:

Եկեղեցին  մեկ կրոնական ուսմունքի եւ նվիրապետական կառույցի հիման վրա գործող եւ այդ հիմքի վրա միմյանց միջեւ միջեկեղեցական (կանոնական) եւ իրավաբանական հարաբերություններ ունեցող տեղական եւ կենտրոնական կրոնական միավորումների, ինչպես նաեւ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների եւ հիմնարկների (ծխեր, ծխերի միություններ, վանքեր եւ այլն) ամբողջությունն է:

Ծուխը նույն հավատքը դավանող ‎ֆիզիկական անձանց կամավոր միավորում է, որը գործում է համաձայն կանոնադրության եւ նշանակված կամ ընտրված ղեկավարության ներքո:

Թեմը կամ ծխերի միությունը կամավորապես միավորված առնվազն յոթը ծխերի միավորում է, որոնք դավանում են նույն հավատքը, որը գործում է համաձայն կանոնադրության եւ սույն օրենքով նախատեսված կարգով գրանցվում է գրանցամատյանում:

Վանքը ֆիզիկական անձանց կամավոր ապրելավայր է, որը գործում է համաձայն տվյալ եկեղեցու կանոնադրության կամ ինքնուրույն կանոնադրության, եւ որը սույն օրենքով նախատեսված կարգով գրանցվում է գրանցամատյանում:

Ավանդական եկեղեցիները (կամ եկեղեցական-դավանական միավորումները) Արցախի պետականության  եւ մշակույթի ստեղծման եւ զարգացման մեջ էական պատմական ներդրում ունեցած եկեղեցիներն են, որոնք նպաստել են Հայ(աստանի) ժողովրդի ազգային-մշակութային ինքնության եւ ինքնատիպության ձեւավորմանն ու պահպանմանը, ունեն հիմնադրման վաղեմություն, սոցիալական լայնածավալ ծառայությունների մատուցման փորձառություն եւ լայն հասարակայնության աջակցությունը, ֆինանսավորվում են հիմնականում Արցախի Հանրապետության տարածքում գտնվող աղբյուրներից: 

Ավանդականությունը պայմանավորված է մի քանի գործոններով` արժեքային ավանդականությամբ (Հնավանդ Եկեղեցու ավանդները կրելով), պատմականությամբ (հիմնադրվելու վաղեմությամբ եւ տվյալ ժողովրդի պատմության մեջ ունեցած գործունեությամբ` ազգային), տվյալ ժողովրդի մեջ հետեւորդների համեմատաբար մեծ քանակով ու նրանում ինտեգրվածությամբ:

Նոր կրոնական շարժումները ինքնուրույն կրոնական ուսմունքների հետեւորդների խմբեր են, այդ թվում նաեւ նրանք, որոնք ծագել են կրոնական սինկրետիզմի եւ այլ կրոնական ուսմունքների նոր մեկնաբանման արդյունքում եւ գոյություն ունեն ոչ ավելի քան 150 տարի:

Նոր կրոնական շարժումներին պատկանող կրոնական միավորումների գրանցումն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված`  նրանց սոցիալական ադապտացման ժամկետը լրանալուց հետո: 

Կրոնական պրակտիկան կրոնական կարիքների իրականացումն է անհատապես կամ խմբովի: Կրոնական կարիքների իրականացումը կոնկրետ դավանանքից (կրոնական դոգմայից, աշխարհայացքից, գաղափարախոսությունից, ուսմունքից, պաշտամունքից) բխող ծեսերը, արարողությունները, ինչպես նաեւ անհատական ու հասարակական վարքի նորմերի մատուցումն ու պահպանությունն է (ուսմունքի մեկնություն, ուսմունքի ուսուցում, կրոնական դաստիարակություն): Կրոնական  պրակտիկան չի ընդգրկում կրոնական դոգմաների շուրջ կատարվող վերլուծական քննարկումները, աստվածաբանական, դավանաբանական կամ ուսմունքային վերլուծական մեկնությունները, կրոնական բովանդակությամբ գրականություն  հրատարակելը եւ տարածելը, կրոնական կառույցների կողմից իրականացվող մարդասիրական բարեգործությունը եւ հասարակական գործունեությունը: 

Կրոնական ծառայությունը կոնկրետ դավանանքից (կրոնական դոգմայից, աշխարհայացքից, գաղափարախոսությունից, ուսմունքից, պաշտամունքից) բխող  ծեսերի եւ արարողությունների կատարումը կամ կատարման կազմակերպումն է հետեւորդների համար` աղոթքներ, տոնակատարություններ, մկրտություններ, ամուսնություն, հաղորդություն, խոստովանություն, հուղարկավորություն, կոնկրետ դավանանքից  բխող այլ ծառայություններ:  

Կրոնական քարոզը կրոնական ուսմունքի, դավանանքի բացատրությունը, կրոնական ուսմունքից, դավանանքից բխող բարոյականության նորմերի մեկնությունը եւ դրանց հետեւելու հորդորը, հետեւորդներ ձեռք բերելու նպատակով տարվող քարոզը եւ/կամ զրույցն է:

Կրոնական գործունեություն է կրոնական պրակտիկան, կրոնական ծառայությունը, կրոնական քարոզը:

Աղանդը մարդկանց կազմակերպված խումբ է, որը՝

— քողարկվում է կրոնական, կրթական, առողջապահական, առեւտրային կամ այլ բնույթի ներքո,

— ուսումնասիրում եւ օգտագործում է երկրի օրենսդրության բացթողումները,

— ծավալում է անհատի, հասարակության եւ պետության շահերին հակասող քայքայիչ գործունեություն՝ շահարկում եւ շահագործում մարդկանց նյութական, հոգեբանական կամ ֆիզիկական վնաս է հասցնում հասարակությանը կամ իր անդամին, ոտնահարում է մարդկային արժանապատվությունը եւ իրավունքները, հասարակությանը կամ անհատին կանգնացնում է սպառնալիքի առաջ:

III. Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները

Արցախի Հանրապետության կրոնական քաղաքականությունը հիմնվում է` 

— հայ ժողովրդի ինքնության ու ազգային-ավանդական արժեհամակարգի պահպանման,  ժողովրդի կողմից առաջնայնությունների ինքնուրույն ընտրության վրա եւ իրականացվում է` ելնելով Արցախի Հանրապետությունում ձեւավորված կրոնական իրավիճակից,

— Արցախի Հանրապետության  Սահմանադրության, Արցախի Հանրապետության  կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմերի վրա եւ իր արտահայտությունն է գտնում Արցախի Հանրապետության  օրենսդրության, Արցախի Հանրապետության  այլ նորմատիվ իրավական ակտերի եւ պետական իշխանության գործունեության մեջ:

Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության նպատակները, սկզբունքներն ու բովանդակությունը պայմանավորված են դավանանքի ազատության երաշխիքների ապահովման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության  ժողովրդի (եւ Արցախի Հանրապետության  տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների) հոգեւոր-բարոյական պոտենցիալի եւ մշակութային ժառանգության պահպահման եւ զարգացման համար պայմաններ ստեղծելու պետության պարտավորությամբ:

Ա. Պետական քաղաքականության նպատակները

Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության նպատակներն են.

— Արցախի  հասարակության հոգեւոր-բարոյական պոտենցիալի պահպանումն ու ամրապնդումը, Արցախի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-հոգեւոր ավանդության պահպանումը, 

— դավանանքի ազատության, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատություների հավասարության երաշխիքների ապահովումը` անկախ կրոնի նկատմամբ նրանց վերաբերմունքից,

— սոցիալական կայունությանը, կրոնական միավորումների խաղաղ գոյակցությանը, հանդուրժողականությանն ու հարգանքին նպաստելը,

— կրոնական միավորումների ազատ գործունեության երաշխիքների ապահովումը` Արցախի Հանրապետության  օրենսդրությանը համապատասխան,

— սփյուռքի հայրենակիցների հետ հոգեւոր եւ մշակութային կապերի պահպանումն ու ամրապնդումը,

— հասարակության հոգեւոր կյանքի ոլորտում ազգային անվտանգության ապահովմանը նպաստելը:

Բ. Արցախի Հանրապետությունում  կրոնական  միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

  1. Կրոնական միավորումների եւ պետության տարանջատման սկզբունքը.

Արցախի Հանրապետությունում կրոնական միավորումները տարանջատված են պետությունից, հետեւապես, կրոնական, փիլիսոփայական եւ աշխարհայացքային բնույթ կրող այլ ուսմունքները չեն կարող լինել պաշտոնական կամ պարտադիր: Սակայն պետությունը կարող է հովանավորել մեծամասնության կամ ազգային-պետական արժեքներն ամրապնդող եւ ըստ այդմ հասարակությանը դաստիարակող ավանդական եկեղեցիների եւ հանրաճանաչ կրոնական կազմակերպությունների գործունեությունը:

Համաձայն պետությունից կրոնական միավորումների անջատված լինելու սահմանադրական սկզբունքի, պետությունը չի միջամտում որեւէ կրոնի կամ կրոնական պատկանելության վերաբերյալ քաղաքացու ընտրությանը, ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից իրենց երեխաներին իրենց համոզմունքների եւ երեխայի խղճի ազատության իրավունքի համաձայն դաստիարակությանը: Կրոնական միավորումների վրա չի դնում պետական իշխանության մարմինների, այլ պետական մարմինների, պետական հաստատությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրագործում: Չի միջամտում կրոնական միավորումների գործունեությանը, եթե այն չի հակասում Արցախի Հանրապետության օրենսդրությանը: Ապահովում է կրթության աշխարհիկ բնույթը պետական եւ տեղական ինքնակառավարման պատկանելության կրթական հաստատություններում:

Միաժամանակ, պետության եւ կրոնական միավորումների տարանջատված լինելը չի նշանակում բացարձակ բաժանում կամ հակադրություն, այլ` տարանջատում, նման այն տարանջատմանը, որն առկա է պետական իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պարագայում:

     Եկեղեցին սովորաբար հանդես է գալիս որպես գաղափարաբանության եւ կազմակերպության ամբողջություն.

   Առաջին (գաղափարաբանություն). Ոչ մի հայի մոտ կասկած չի հարուցում այն պատմական իրողությունը, որ Հիսուս Քրիստոսի աշակերտներ` Թադեւոս եւ Բարդուղեմեոս առաքյալները Հայաստանում տարածել են քրիստոնեությունը եւ նահատակվել: Նրանք են հիմնադրել քրիստոնեական համայնքները  եւ Առաքելական Եկեղեցին: Այնուհետեւ  Հայաստան են եկել Հռիփսիմեյանց կույսերը: Պատմական Հայաստանի տարածքում քարոզել են նաեւ Պետրոս, Հովհաննես, Թովմաս, Շմավոն Նախանձահույզ եւ Մատաթի առաքյալները  այլ երկրներ գնալու ճանապարհին: 

       Երկրորդ (կազմակերպություն). Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված է եղել Եկեղեցու կազմակերպությունից:  Հայ Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր  պետականությունը:  Հայ Եկեղեցին հայկական թաքնված կազմակերպություն էր, իշխանություն էր, վարչություն էր՝  հաստատված հայության հոգեւոր կամավոր հպատակության վրա:  Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել եւ ունի պահպանելու եւ զարգացնելու հայոց լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ ընկերային զարգացումը: Կատարելով ազգապահպանության սուրբ գործը Հայ Եկեղեցին ազգը փրկել է ուրացումից եւ ուծացումից: 

     Պետությունը լինելով հավատամքի ընկերային կազմություն` հասարակության բարոյական համակարգի իրավական կառույց` չի կարող հանդուրժել, որ իր հասարակությունը բարոյազրկվի, քանի որ նրա յուրաքանչյուր օրենքն իր հիմնական  բարոյական համակարգի օրինակարգավորումն է: Պետությունը չի կարող Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ  իրեն չեզոք հայտարարել, քանի որ դա կնշանակի հրաժարում  հավատամքի ներգործությամբ դարերով ստեղծված հոգեւոր եւ մշակութային արժեքներից: 

Պետության` կրոնական միավորումներից տարանջատված լինելու սկզբունքը ենթադրում է պետության կողմից հետեւյալ պայմանների ապահովումը.

— որեւէ այլ կրոն կամ ոչ կրոնական, աթեիստական գաղափարախոսություն չի կարող պարտադիր համարվել, պետությունը չի աջակցում հակակրոնական գաղափարների եւ ուսմունքների քարոզը,

— կրոնական միավորումը ստեղծվում եւ իրականացնում է իր գործունեությունը համաձայն իր սեփական կրոնական ուսմունքի, նվիրապետական եւ ինստիտուցիոնալ կառույցի,

— կրոնական միավորումները չեն միջամտում պետական իշխանության գործունեությանը, չեն մասնակցում քաղաքական կուսակցությունների եւ շարժումների գործունեությանը եւ նրանց չեն ցուցաբերում նյութական կամ այլ աջակցություն, չեն ֆինանսավորվում արտերկրյա կրոնական կամ այլ կառույցներից,

— կրոնական կազմակերպության գործունեությունը հրապարակային է, այն պարտավոր է յուրաքանչյուր տարի իր պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակել կազմակերպության տարեկան եկամուտների (այդ թվում` անդամավճարների) եւ տարեկան ծախսերի ընդհանուր գումարի, նախորդ տարվա ընթացքում իրականացված գործունեության, անդամների քանակի, ղեկավար մարմինների, գտնվելու վայրի մասին տեղեկությունները: Իսկ կայքէջ չունենալու դեպքում՝  այդ տվյալները տրամադրել պետական լիազոր մարմնին:

— պետությունը չի ֆինանսավորում կրոնական միավորումների կրոնական գործունեությունը, բայց միաժամանակ գործակցում է ազգային ավանդական կրոնական միավորումների բարեգործական, մշակութային-լուսավորչական եւ սոցիալական նշանակության այլ գործունեությանը, պայմաններ է ստեղծում այլ կրոնական միավորումների բարեգործության համար, եթե դրանք չեն հակասում Արցախի Հանրապետության օրենսդրությանը:

2. Խղճի, դավանանքի ազատության իրավունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է ազատորեն դավանել կրոնական, փիլիսոփայական կամ այլ ուսմունքներ` միայնակ կամ այլոց հետ համատեղ, կամ չդավանել ոչինչ, գործել դրանց համաձայն եւ տարածել դրանք իրենց հետեւորդների շրջանակում: Ընդ որում, յուրաքանչյուր ոք պարտականություններ ունի հասարակության նկատմամբ, ուր եւ միայն հնարավոր է նրա անձի ազատ ու լիարժեք զարգացումը: Այսինքն, նշյալ ազատությունների գործադրումը չպետք է վնաս հասցնի կամ սպառնա սահմանադրական կարգի հիմքերին, այլ անձանց եւ հասարակության բարոյականությանը, իրավունքներին ու օրինական շահերին, երկրի պաշտպանությանը եւ պետության անվտանգությանը, հասարակական կարգին եւ հասարակության բարոյականությանն ու առողջությանը: Արցախի Հանրապետությունում նշված իրավունքների ու ազատությունների գործադրումը հիմնվում է կրոնական միավորումների պետությունից տարանջատված լինելու սկզբունքին:

Մտքի, խղճի եւ դավանաքի ազատության իրավունքը Արցախի Հանրապետությունում իրագործվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով եւ նորմերով սահմանված երաշխիքների հիմքի վրա: Արցախի Հանրապետության  ժողովուրդն ունի ազատ կրոնական ինքնորոշման իրավունք: Արցախի Հանրապետության պետական իշխանության (եւ տեղական ինքնակառավարման) մարմինները հաշվի են առնում Արցախի Հանրապետության տարածքում բնակվող ժողովուրդների կրոնական, ազգային եւ մշակութային առանձնահատկությունները: Խղճի, դավանաքի ազատության սահմանափակումները թույլատրվում են միայն Արցախի Հանրապետության օրենսդրության հիման վրա`  նպատակ ունենալով ապահովել սահմանադրական կարգը, բարոյականությունը, առողջությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքի եւ օրինական շահերի պաշտպանությունը, պետության պաշտպանունակությունը եւ անվտանգությունը:  

3. Օրենքի առաջ կրոնական միավորումների հավասարության սկզբունքը, որը ենթադրում է Արցախի Հանրապետության օրենսդրության մեջ կրոնական միավորումների համար դավանանքի եւ կրոնական գործունեության ազատության միասնական իրավական հիմքերի եւ երաշխիքների սահմանում, եւ թույլ է տալիս պետությանը առաջնայնություն տալ ազգային-ավանդական կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությանը եւ սահմանել դրանց համապատասխան իրավական կարգավիճակը` Արցախի Հանրապետության օրենսդրության եւ սույն հայեցակարգի համապատասխան:

Պետությունը ուշադրություն է դարձնում երկրում պատմականորեն ձեւավորված կրոնական իրավիճակին, սակայն աջակցության հարցը լուծելիս միաժամանակ հաշվի է առնում նաեւ յուրաքանչյուր որոշակի կրոնի կողմից հասարակությանը մատուցած ծառայության սոցիալական արժեքը, ինչը կարող է հնարավորություններ տալ նաեւ այլ կրոնների: Բնականաբար, արտոնության հետ մեկտեղ այդ ոլորտում առաջանում են նաեւ օրենսդրությամբ սահմանված որոշակի սահմանափակումներ ու պարտավորություններ:

Եկեղեցիներին ավանդական կարգավիճակի շնորհումը չի հանգեցնում այլ կրոնական միավորումների եւ քաղաքացիների` միջազգային փաստաթղթերով եւ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված, իրավունքների եւ ազատությունների սահմանափակման, բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Կրոնական միավորումների ներքին գործունեությանը պետության չմիջամտելու սկզբունքը, որը ներառում է պետության կողմից չմիջամտելը դավանանքի բովանդակությանը, կանոնական կարգերին, արարողություններին, պաշտամունքին եւ կրոնական գործունեության այլ ձեւերին, ինչպես նաեւ կրոնական միավորումների ներքին ինքնավարությանը` բացառությամբ նրանց կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքերի:

5. Կրոնական միավորումների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության ապահովման պետական հսկողության սկզբունքը, որը բացառում է պետական իշխանության մարմինների անհարգալից վերաբերմունքը հավատացյալների կրոնական զգացմունքի նկատմամբ:

6. Կրոնական միավորումների հետ պետության համագործակցության սկզբունքը, ըստ որի պետությունը նպաստում է կրոնական միավորումների հասարակայնորեն օգտակար գործունեության զարգացմանը, նպաստում է ազգային-ավանդական կրոնական կազմակերպությունների հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմանը` համաձայն Արցախի Հանրապետության օրենսդդրության:

7. Հայ ժողովրդի եւ Արցախի Հանրապետության  ազգային փոքրամասնությունների հոգեւոր ապրելակերպի ինքնորոշման իրավունքի եւ պետության ինքնուրույնության սկզբունքը: Անհատի խղճի ազատությունն ուղղակիորեն կապված է որոշակի էթնիկական, կրոնական, մշակութային ընդհանրություն ունեցող հասարակական խմբի խղճի ազատության, ինքնության եւ ավանդական ապրելակերպի պահպանման իրավունքի հետ, քանի որ մարդ անհատը սոցիալական էակ է եւ անհնար է նրա միայնակ գոյությունը:

8. Կրոնական միավորումները գլխավորել կարող են միայն Արցախի Հանրապետության քաղաքացիները:

Գ. Պետական քաղաքականության հիմնական խնդիրները

Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում Արցախի Հանրապետության  միջոցներ է ձեռնարկում հետեւյալ հիմնական խնդիրների լուծման համար.

  1. Պետաիրավական ոլորտում.

— Մտք, խղճի եւ դավանանքի ազատության իրավական երաշխիքների ապահովում, պետության կողմից քաղաքացիներին հավասար իրավունքների ու ազատությունների ապահովում` անկախ կրոնի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքից եւ իրենց կրոնական պատկանելությունից,

— Պետության եւ կրոնական միավորումների միջեւ հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործում,

— ազգային ավանդական կրոնական միավորման իրավական կարգավիճակի իրավական ամրագրում, կրոնական միավորումների խաղաղ գոյակցությանն ու ազգամիջյան համաձայնությանը նպաստող պայմանների ստեղծում` այդ թվում նաեւ  Արցախի Հանրապետության  պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ կրոնական միավորումների հետ համագործակցության միջոցով,

— նպաստել հասարակության մեջ փոխադարձ հարգանքի ձեւավորմանը,

— նպաստել հայ հասարակության հոգեւոր-բարոյական արժեքների վերածննդին, զարգացմանն ու պահպանմանը,

— քաղաքացիների առողջությանը, բարոյականությանը, իրավունքներին եւ օրինական շահերին, սահմանադրական կարգին, երկրի պաշտպանությանը եւ պետության անվտանգությանը վնասող կամ սպառնացող կրոնական միավորումների գործունեության արգելման եւ կանխման արդյունավետ իրավական եւ կազմակերպական մեխանիզմների ստեղծում,

  — կրոնական թեմաներով գրականության եւ ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման եւ վաճառքի նկատմամբ սահմանված կարգով պետական հսկողության  իրականացում,

 — կրոնական ծայրահեղականության, կրոնական թշնամանքի, հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորանքի եւ կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքով քաղաքացու անլիարժեքության քարոզի դրսեւորումների զգուշացման եւ կանխման ոլորտում ԱՀ օրենսդրության եւ իրավունքի կիրարկման պրակտիկայի կատարելագործում,

— կրոնական միավորումների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության պահպանման պետական վերահսկողության մեխանիզմների, կրթության, առողջապահության, քաղաքաշինության, աշխատանքի տեղավորման եւ պետական ու հասարակական կյանքի այլ ոլորտներում հավատացյալների իրավունքների ու օրինական շահերի իրավական պաշտպանության ապահովման կատարելագործում:    

     2. Կրթության եւ մշակույթի ոլորտում.

— Պետական եւ տեղական ինքնակառավարման կրթական հաստատությունների աշխարհիկ բնույթի ապահովումը Արցախի Հանրապետությունում,

— Կրոնական կրթություն ստանալու քաղաքացիների իրավունքի իրականացման իրավական երաշխիքների ապահովումը,

— Գործակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կրթական հաստատություններում կրոնների եւ ավանդական եկեղեցիների ու դավանանքների մասին գիտելիքների տարածմանը Արցախի Հանրապետությունում,

— Պետական կրթական չափանիշներ մշակելիս, ուսումնական ծրագրեր, հումանիտար բնույթի կրթական առարկաների ուսումնական եւ ուսումնամեթոդական ձեռնարկներ մշակելիս հաշվի առնել հայ ժողովրդի եւ համայնական ավանդական կյանքով ապրող Արցախի Հանրապետության ազգությունների հոգեւոր-բարոյական ու մշակութային արժեքները, ավանդական եկեղեցիներն ու դավանանքները, 

— Ավանդական կրոնական միավորումների կողմից համաձայն Արցախի Հանրապետության օրենսդրության ստեղծած եւ պետական լիցենզավորում ստացած կրթական հաստատություններում հանրակրթական առարկաների դասավանդման ապահովում,

— Աջակցել հայ ժողովրդի եւ Արցախի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կրոնական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների պահպանմանը, հասարակության մեջ ավանդական կրոնական կազմակերպությունների մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի մթնոլորտի ձեւավորմանը, 

— Պետության եւ ավանդական կրոնական կազմակերպությունների համագործակցություն երեխաների ու երիտասարդության հոգեւոր-բարոյական, իրավական եւ հայրենասիրական դաստիարակության, ինչպես հասարակական նշանակություն ունեցող այլ խնդիրների լուծման ոլորտներում,

— Աջակցություն ավանդական կրոնական կազմակերպություններին կրթական գործունեության ոլորտում, այդ թվում կրթական հաստատությունների հիմնման եւ դրանց համար դասախոսական կադրերի պատրաստման հարցերում` պայմանով, որ նրանք կպահպանեն խղճի ազատության եւ դավանանքի ազատության սկզբունքները,

— Պետական աջակցություն ավանդական կրոնական կազմակերպությունների այն հեռուստածրագրերին, ռադիոծրագրերին եւ տպագիր հրատարակությանը, որոնք լուսաբանում են հայ ժողովրդի եւ Արցախի Հանրապետության  ազգային փոքրամասնությունների պատմության, մշակութային ժառանգության հետ կապված հարցերը, ապրելակերպի`  ներառյալ հոգեւոր ոլորտը, ավանդական բարոյական`  ներառյալ ընտանեկան արժեքները,

— Իրավական պայմանների ստեղծում, որոնք կնպաստեն ֆինանսավորման ոչ պետական աղբյուրների ներգրավմանը կրոնական միավորումների կողմից պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնման եւ պահպանմանն ուղղված աշխատանքներին:

3. Բարեգործության եւ սոցիալական ծառայությունների ոլորտում.

— Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պետական աջակցության ցուցաբերում ավանդական եկեղեցիների եւ հանրաճանաչ կրոնական կազմակերպությունների սոցիալական ոլորտի գործունեությանը, 

— Իրավական պայմանների ստեղծում, որոնք կնպաստեն ոչ պետական աղբյուրենրից ֆինանսավորման աջակցության տրամադրմանը կրոնական միավորումների ստեղծած սոցիալական ծառայությունների եւ բարեգործական կազմակերպությունների գործունեությանը, որը կապված է դժվարին կենսական իրավիճակում հայտնված քաղաքացիների օգնության, ինչպես նաեւ մանուկների ու անչափահասների հանցավորության ոլորտում իրականացվող պրոֆիլակտիկայի, ընտանիքի ինստիտուտի ամրապնդման, թմրամոլության, ալկոհոլիզմի պրոֆիլակտիկայի, ազատազրկման վայրերում գտնվող եւ իրենց պատիժը կրող անձանց սոցիալական վերականգնման հետ,

— Պետական իշխանության մարմինների համագործակցություն ավանդական կրոնական կազմակերպությունների հետ` կապված ընտանիքի ինստիտուտի ամրապնդման եւ Արցախի Հանրապետությունում  ժողովրդագրական վիճակի բարելավման խնդիրների հետ:

4. Տնտեսության ոլորտում.

— հնարավորության ընձեռում ավանդական եկեղեցիներին իրականացնելու պետական ծրագրեր սոցիալական, կրթական եւ մշակութային ոլորտում` պայմանով, որ պետությունը չի մասնակցի նրանց կրոնական գործունեության ֆինանսավորմանը,

— ֆինանսական, նյութական եւ այլ, այդ թվում հարկային արտոնություններ, աջակցություն եկեղեցիներին եւ հանրաճանաչ կրոնական կազմակերպություններին` պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող շենքերի եւ օբյեկտների վերականգնման, պահպանման եւ վերականգնման համար, պայմանով, որ պետական միջոցների նպատակային օգտագործումը կվերահսկվի պետության կողմից:

IV. Պետության եւ կրոնական միավորումների հարաբերությունների սկզբունքները 

Պետության կրոնական քաղաքականությունը տարբերակվում է կառավարման հորիզոնական եւ ուղղահայաց  ուղղություններով: Հորիզոնական տարբերակումն ապահովում է ոլորտի կարգավորումը ամբողջ երկրի համար եւ առավելապես հիմնվում է միատեսակության վրա` սահմանելով համապետական հիմքերը. տվյալ դեպքում` կրոնական միավորումների հարաբերությունները պետության հետ, դրանց գրանցման կարգի, հասարակական ու մշակութային ասպարեզներում դրանց մասնակցության սկզբունքների սահմանումը: Ուղղահայաց տարբերակումն ապահովում է կրոնական միավորումների տարբերակված իրավական կարգավիճակները: 

Ավանդական եկեղեցիները կարիք ունեն պաշտպանիչ կրոնական քաղաքականության: Ավանդականության ճանաչումը ենթադրում է վերջիններիս հատուկ իրավական կարգավիճակով օժտում, որը թույլ կտա լուծել նրանց ոչ միայն սեփական, այլեւ` հասարակական խնդիրները: 

 Սա ոչ թե պարզապես պետության եւ եկեղեցու համատեղ գործունեություն է, այլ՝ պետության կողմից՝ հասարակության համար կարեւոր խնդիրներում եկեղեցու մասնակցության լիարժեք իրավունքի ճանաչում, բարոյական ու նյութական համագործակցություն կրոնական կազմակերպությունների հետ, եւ նրանց որոշակի արտոնությունների տրամադրում:

Պետական աջակցության աստիճանը կարգավորվում է տարբեր կարգի նորմատիվ ակտերով, որոնք սահմանում են արտոնության ու մենաշնորհի տարբեր մակարդակներ:

     Ա. Հարաբերություններ ավանդական եկեղեցիների հետ

     Դարեր շարունակ, ինչպես եւ այժմ, Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն ) բնակչության ճնշող մեծամասնությունը դավանել եւ դավանում է իր ազգային ավանդական կրոնը, որի շնորհիվ ձեւավորվել ու պահպանվում է հայ ժողովրդի հոգեւոր եւ էթնամշակութային ինքնությունն ու ինքնատիպությունը: 

Պատմական  Հայաստանի  Մեծ Հայքի Արցախ եւ Ուտիք նահանգներում, բացի Հեթանոսությունից եւ Հայ Առաքելական Եկեղեցուց, հայության մեջ համատարած   այլ կրոնական համայնքներ չեն եղել: Արցախի տարածքում եղել են ու կան  կոմպակտ բնակության վայրեր ունեցող, ինչպես նաեւ խոշոր բնակավայրերում կենտրոնացված ազգային փոքրամասնություններ: Նրանց նկատմամբ հայությունը միշտ էլ հոգատար է եղել եւ` է: Դրանով է պայմանավորված հայ բնակչության եւ ազգային փոքրամասնությունների կրոնների միջեւ հանդուրժողական ու բարիդրացիական վերաբերմունքը:    

Հայոց դավանած ուղղափառ քրիստոնեությունը հարյուրամյակների  ընթացքում եղել է պետականության պահպանմանն ու վերականգնմանը նպաստող կրոն  եւ վճռորոշ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի եւ պետականության ձեւավորման վրա:

Ներկայումս Հայ Առաքելական  Եկեղեցուն հարում կամ նրան առավելություն են տալիս Արցախի Հանրապետության  քաղաքացիների (բոլոր հայերի) բացարձակ մեծամասնությունը, հետեւաբար միջեկեղեցական եւ պետաեկեղեցական հարաբերությունները մեծ մասամբ պայմանավորված են այդ հաստատության հետ պետության ունեցած հարաբերություններով:

  Ճանաչելով օրենքի առաջ բոլոր կրոնական միավորումների հավասարությունը, Արցախի Հանրապետության  օրենսդրության համապատասխան, ընտրում է կրոնական միավորումների հետ համագործակցության ձեւերն ու ծավալները` հաշվի առնելով  նաեւ որոշակի կրոնական միավորումներին հարելու կամ դրանց առավելություն տվող Արցախի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը:

  Նկատի ունենալով հայ ժողովրդի պատմական ավանդությունները եւ ժամանակակից իրողությունները, ինչպես նաեւ պետության եւ կրոնական միավորումների հարաբերությունների համաշխարհային փորձը, Արցախի Հանրապետությունում առանձնացվում են Արցախի Հանրապետության ավանդական եկեղեցիները եւ ազգային փոքրամասնությունների ավանդական եկեղեցիները:

     Ավանդական եկեղեցիներն առանձնացվում են հետեւյալ նպատակով.

— Արցախի Հանրապետության հասարակության (հայ ժողովրդի եւ ազգային փոքրամասնությունների) հոգեւոր-բարոյական պոտենցիալի պահպանումն ու զարգացումը,

— մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանությունը, 

— հոգեւոր ասպարեզում Արցախի Հանրապետության քաղաքացիների շահերի առավել լիարժեք իրացումը, 

— աջակցություն հասարակության մեջ դավանանքի ազատության հարցերում փոխադարձ հարգանքի եւ երկխոսության մթնոլորտի պահպանմանը:

Արցախի Հանրապետության ավանդական եկեղեցի են ճանաչվում այն կենտրոնացված կրոնական միավորումները, որոնք. 

1. Զգալի ազդեցություն են ունեցել հայոց պետականության կայացման ու զարգացման վրա, էական պատմական դեր են ունեցել հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարգացման գործում,

2. Նպաստել են հայ ժողովրդի հոգեւոր ավանդույթների ու մշակույթի ձեւավորմանը եւ զարգացմանը եւ Հայաստանի հոգեւոր ու մշակութային ժառանգության մաս են կազմել,

3. Այնպիսի կրոնական միավորում են, որոնց հարում են կամ որոնց առավելություն է տալիս Արցախի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը, 

4. Հանդիսանում են ազգային փոքրամասնությունների ազգային ավանդական կրոնը: 

 Հաշվի առնելով վերոնշյալը, Արցախի Հանրապետությունում ավանդական կարող են համարվել միայն ազգային եկեղեցիներն ու դավանանքները` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ազգային փոքրամասնությունների եկեղեցիներն ու դավանանքները: 

  Արցախի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ավանդական եկեղեցիներ կամ դավանանքներ են հանդիսանում ազգային փորամասնությունների կրոնական միավորումները, որոնք հանդիսանում են ազգային փոքրամասնությունների համայնքների ազգային ավանդական կրոնը: Այս կրոնական միավորումները կարող են օժտվել ավանդական եկեղեցիների բոլոր իրավունքներով: 

  Ավանդական եկեղեցիներին համապատասխան իրավական կարգավիճակ`  ներառյալ իրավունքներն ու պարտականությունները, շնորհվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական իշխանության մարմնի եւ ավանդական կրոնական միավորման միջեւ կնքված համագործակցության համաձայնագրերով: Այս համաձայնագրերը պետության եւ կրոնական կազմակերպությունների միջեւ հարաբերությունների իրավական կարգավորման ձեւերից են: Նրանք համարվում են պետության սոցիալական գործընկերներ:

 Ավանդական կրոնական միավորումների առանձնացումը նախատեսում է պետության առաջնահերթ համագործակցություն ավանդական եկեղեցիների հետ` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում, ենթադրում է այնպիսի նորմատիվ-իրավական ակտերի ընդունում, որոնք ավանդական կրոնական միավորումներին շնորհում են համապատասխան իրավական կարգավիճակով:

Պետության եւ ավանդական եկեղեցիների համագործակցության ոլորտներն են.

— մարդկանց եւ քաղաքացիների փոխըմբռնմանն ու համագործակցությանը նպաստելը, հասարակական բարոյականությունը պահպանելը,

— ընտանիքի, մայրության եւ մանկության ինստիտուտների աջակցելն ու ամրապնդելը, Արցախի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները,

— երեխաների եւ երիտասարդության հոգեւոր-բարոյական, հայրենասիրական եւ իրավական դաստիարակությունը, կրթության ոլորտը` այդ թվում նաեւ կրոնական,

— ավանդական կրոնական միավորումների հետ կապված մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը, ինչպես նաեւ պատմական հուշարձան չհանդիսացող, սակայն մշակութային արժեք ներկայացնող կրոնական նշանակության շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների պահպանմանն ուղղված գործողություններ,

— զինծառայողների եւ իրավապահպան հաստատությունների աշխատակիցների նկատմամբ հոգեւոր խնամք,

— համագործակցությունը իրավախախտումների պրոֆիլակտիկայի ոլորտում, հոգեւոր խնամք ազատազրման եւ պատժի կրման վայրերում գտնվողների նկատմամբ,

— գիտությունը` ներառյալ հումանիտար ուսումնասիրությունները,

— առողջապահությունը եւ սոցիալական ծառայությունները,

— զանգվածային լրատվության ոլորտը,

— բարեգործությունը:

Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետությունը նպաստում է ավանդական եկեղեցիների մասնակցությանը հանրապետական, մարզային եւ համայնքային նպատակային ծրագրերին եւ կրթության, մշակույթի, սոցիալական ծառայությունների ու հասարակական հարաբերությունների այլ ոլորտների տարբեր միջոցառումներին:

Սոցիալական գործընկերներին տրվող աջակցության տեսակներից են`

— Դրամաշնորհների տրամադրումը,

— Հարկերի, մաքսերի եւ այլ տուրքերի վճարման ժամանակ արտոնությունների տրամադրումը,

— Պետական իշխանության լիազոր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ նյութատեխնիկական ապահովումը եւ երկրի բյուջետային համակարգի բյուջետային միջոցներից սուբսիդիաների տրամադրումը (ներառյալ լրիվ կամ մասնակի ազատում պետական եւ տեղական ինքնակառավարման կազմակերպությունների ծառայությունների դիմաց վճարելուց, նրանց գույքերից օգտվելու դիմաց վճարելուց),

— Աջակցություն պետական ռազմավարությանը նպաստող խորհրդաժողովներ, սեմինարներ, խորհրդատվություններ եւ այլ գիտական-լուսավորչական եւ կրթադաստիարակչական միջոցառումներին, այդ թվում նաեւ այդ միջոցառումները պետական եւ տեղական ինքնակառավարման ԶԼՄ-երի միջոցով լուսաբանելը,

— Համագործակցություն զինված ուժերում, կրթության բնագավառում, մշակութային նշանակության օբյեկտների օգտագործման եւ այլն ոլորտներում:

Բ. Հարաբերություններ այլ կրոնական միավորումների հետ

    Պետության եւ այլ կրոնական միավորումների, «վարքային կամ փիլիսոփայական խմբի», նոր կրոնական շարժումների, պաշտամունքների ու այլազան խմբերի հետ հարաբերությունները կարգավորվում են ընդհանուր կարգով` «Խղճի, դավանաքի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին»  Արցախի Հանրապետության օրենքով: Այս կարգավիճակով գրանցված կրոնական միավորումները ձեռք են բերում իրավաբանական անձի իրավունքներ, սակայն օժտված չեն պետական աջակցության հավակնելու իրավունքով:

 Պետությունը կարող է համագործակցության համաձայնագիր կնքել «հանրաճանաչ» կրոնական կազմակերպությունների հետ, որոնք իրենց հանրօգուտ գործունեությամբ հանրաճանաչ, այսինքն` իրենց գործունեությունն եւ ուսմունքը պետությունից չթաքցրած ու բացահայտ գործած, հասարակական կարգն ու բարքերը չխախտած, հասարակությանն ու պետությանը նպաստ բերած կրոնական կազմակերպություններ են:

 Պետությունն այս կամ այն կրոնական կազմակերպության «հանրաճանաչ»  լինելու մասին որոշում կայացնում է հենվելով դրա հետեւորդների թվաքանակի եւ երկրում տարածվածության գործոնի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:

 Կրոնական միավորումը  «կրոնական խումբ»  կարգավիճակում լինելու շրջանում իր օրինապահության, բնակչության համար հոգեբանորեն ընդունելի, հասարակությանը սոցիալապես ներդաշնակ լինելու, ասոցիալական  (քայքայիչ) գործունեությունից զերծ լինելու (հետեւորդները չեն օտարվում հասարակությունից), հասարակական կառուցողական կյանքին ակտիվորեն մասնակցելու եւ երկրով մեկ տարածված լինելու մասին: 

 Առանձնահատուկ կարգավիճակը կրոնական միավորումանն իրավունք է տալիս հավակնելու պետության հետ պայմանագիր կնքելու ճանապարհով պետական աջակցություն ստանալու եւ մշտական հիմունքներով մուտք գործելու այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները եւ այլն (բացի զինված ուժերից)` այնտեղ գտնվող իրենց հետեւորդների հոգեւոր կարիքները հոգալու նպատակով, ազատվելու անշարժ գույքի եւ ավելացված արժեքի հարկից, նվիրատվության հարկումից եւ այլն:

Արցախի Հանրապետության կրոնական միավորումներից առանձնահատուկ կարգավիճակ կարող են ստանալ «Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի» եւ «Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցի» կրոնական կազմակերպությունները՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

Մխիթարյան միաբանությունը` ծնունդ առնելով կաթոլիկ եկեղեցու ծոցում, ի սկզբանե նպատակ է հետապնդել ուսումնասիրել եւ զարգացնել հայագիտությունը: Այդ առումով 

անուրանալի ու անկրկնելի դեր է կատարել հայագիտության զարգացման ոլորտում: 

    Ուստի Արցախի Հանրապետությունում  «Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցին»  պետության աջակցությամբ կարող է իրագործել Մխիթարյան միաբանների  ավանդույթները հայագիտության զարգացման, գրաբարի ուսուցման եւ մշակութային այլ բնագավառներում: 

Հաշվի առնելով Հայ Ավետարանական Եկեղեցու փորձառությունը բարեգործության մեջ, կարող է Արցախի Հանրապետությունում իր դերակատարությունն ունենալ  այդ բնագավառում: 

V. Պետության գործունեության հիմնական ուղղությունները նախազգուշացման, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի եւ կրոնական թշնամանքի հրահրման ոլորտում

Սահմանադրական կարգի ամրապնդման ու պաշտպանության, սոցիալական կայունության եւ միջկրոնական խաղաղության նպատակով պետությունը.

— Արցախի Հանրապետութան տարածքում արգելում, զգուշացնում եւ կանխում է կրոնական միավորումների` սահմանադրական կարգի հիմքերին եւ պետության ու քաղաքացիների անվտանգության դեմ ուղղված գործողությունները,

— կանխում է կրոնական ծայրահեղականության ցանկացած սադրանք` ներառյալ որեւէ մեկին բռնության կամ սպառնալիքի կիրառմամբ կրոնական գործունեության մեջ ներգրավումը, ձեռնարկում է կրոնական ծայրահեղականության դրսեւորումների զգուշացման եւ վերացման բոլոր անհրաժեշտ միջոցները,

— ճանաչելով ցանկացած օրինական ճանապարհով տեղեկատվությունն ազատորեն փնտրելու, ստանալու, փոխանցելու, արտադրելու եւ տարածելու  յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը, արգելում է կրոնական պատերազմի հրահրումը, հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորումը, այս կամ այն կրոնին պատկանելության հայտանիշով քաղաքացիների անլիարժեքության քարոզը, ինչպես նաեւ բռնության կամ այնպիսի գործողությունների հրահրումը, որոնք ուղղված են ցանկացած անձանց խմբի դեմ` պայմանավորված կրոնի նկատմամբ նրանց պատկանելությամբ, ինչպես նաեւ նշված հակաիրավական գործունեության իրականացման համար ցուցաբերվող ցանկացած օգնություն` ներառյալ ԶԼՄ-երի ֆինանսավորումը,

— նպաստում է կրոնական միավորումների խաղաղ գոյակցությանը, հասարակության մեջ սոցիալական լարվածության նվազմանը, տարբեր դավանանքների հավատացյալների, ինչպես նաեւ հավատացյալների ու անհավատների, միջեւ հարգալից վերաբերմունքի հաստատմանը:

VI. Պետական քաղաքականության իրականացման ձեւերը կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում

 Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնում է Արցախի Հանրապետութան Նախագահը, Արցախի Հանրապետութան Ազգայի Ժողովը, Արցախի Հանրապետութան կառավարությունը, Արցախի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնը  եւ պետական իշխանության այլ մարմիններ:

Պետության եւ կրոնական միավորումների միջեւ հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականությունն իրագործվում է հետեւյալ ճանապարհով.

— կրոնական միավորումների գործունեության եւ պետության ու կրոնական միավորումների միջեւ հարաբերությունների նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործում,

— Արցախի Հանրապետութան կառավարության կողմից կրոնական միավորումների հետ պետական իշխանության մարմինների հարաբերությունների ոլորտում Արցախի Հանրապետութան կառավարության գերակա խնդիրների եւ միջնաժամկետ միջոցառումների պլանի մշակում եւ իրագործում, 

— կրոնական միավորումների հետ պետական իշխանության մարմինների փոխգործակցության ձեւերի կատարելագործում,

— աջակցություն կրոնական միավորումների հետ պետության հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականությանը համապատասխանող նպատակներին հասնելուն ուղղված քաղաքացիների, կրոնական ու հասարակական միավորումների հասարակական նախաձեռնություններին,

— կրթության, մշակույթի եւ սոցիալական ծառայությունների ոլորտում պետական նպատակային ծրագրերի մշակում եւ իրագործում, որոնք նախատեսում են ավանդական եկեղեցիների մասնակցություն դրանց իրագործման մեջ,

— կրթության, երեխաների ու երիտասարդության դաստիարակության, մշակույթի, գիտության, առողջապահության, սոցիալական ծառայությունների եւ այլ ոլորտներում պետական իշխանության մարմինների համագործակցություն ավանդական եկեղեցիների հետ,

— կրոնական միավորումների հետ պետության հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության իրականացման տեղեկատվական ապահովում, գործակցություն ԱՀ ավանդական եկեղեցիների պատմության եւ մշակույթի մասին գիտելիքների տարածմանը,

— Արցախի Հանրապետութան օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերներ հեռուստառադիոծրագրերի եւ տպագիր հրատարակումների տեղադրում, որոնք կլուսաբանեն հայ ժողովրդի եւ Արցախի Հանրապետութան ազգային փոքրամասնությունների պատմության, մշակութային ժառանգության, ապրելակերպի`  ներառյալ հոգեւոր ոլորտը, ավանդական բարոյական, այդ թվում նաեւ ընտանեկան արժեքները,

— Սույն Հայեցակարգի իրագործման նպատակով իրականացվող այլ միջոցառումներով:

 Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում պետական մոնիտորինգը (դիտանցումը) ներառում է պետպատվերի հիման վրա հասարակության կյանքում կրոնական միավորումների դերի եւ կրոններին ու կրոնական միավորումների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում, ինչպես նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրում` կապված Արցախի Հանրապետութան հասարակության հոգեւոր-բարոյական պոտենցիալի պահպանման ու զարգացման հարցերի հետ, այլ սոցիոլոգիական հետազոտություններ պետության եւ կրոնական միավորումների հարաբերությունների ոլորտում:

  Կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտում Արցախի Հանրապետութան քաղաքականության Հայեցակարգի իրականացման առաջնահերթ խնդիր է խղճի, դավանանքի  ազատության եւ կրոնական միավորումների մասին Արցախի Հանրապետութան օրենսդրության կատարելագործումը:

  Կրոնական միավորումների հետ պետական իշխանության մարմինների հարաբերություններն իրականացվում են համապատասխան աշխատանքային պլանի համաձայն, որը նախատեսում է տվյալ բնագավառում առկա խնդիրների վերլուծություն, դրանց լուծման ռացիոնալ ուղիների որոշում` գործակցելով կրոնական միավորումների հետ, անհրաժեշտության դեպքում իրավական ակտերի նախագծերի պատրաստում: